Այսօր Գյումրիում էր Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված անձանց փաստաբան Երեմ Սարգսյանը:
Վերջինս հանդիպեց Ավետիսյանների հարազատների հետ Գյումրու նորակառույց Մուշ 2 թաղամասի բնակարաններից մեկում՝ սպանված Հասմիկ Ավետիսյանի քրոջ տանը: Այնուհետ փաստաբանը ու Ավետիսյանների հարազատները համատեղ հարցազրույց տվեցին լրագրողներին: Փաստաբանն ասաց, որ իրենք ամենաքիչ հավանական վարկածն անգամ քննարկման թեմա են դարձնում, որպեսզի ամբողջական պատկեր ունենան: Օրինակ` հարազատները, ըստ Երեմ Սարգսյանի, բացառում են, որ կարող է անձնական շարժառիթ լինել, բայց ինքը՝ որպես տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան, իրավունք չունի բացառելու այդ վարկածն ու դրա մասին նույնպես միջնորդություն է ներկայացրել: Նա տեղեկացրեց, որ այս հանդիպումից հետո գնալու են դեպքի վայր, ուսումնասիրելու են երթուղին՝ Ավետիսյանների տնից մինչեւ զորամաս ու Բայանդուր գյուղի այն հատվածը, որտեղ հայտնաբերվել է Պերմայկովը: «Կոնկրետ իմ աչքով տեսնեմ ու անգամ նկարահանենք, օրինակ` իմ մոտ խիստ հարցեր են առաջանում, եթե անգամ ջուր խմելու համար է, այդ վարկածն էլ չբացառենք, ինչո՞ւ հենց այդ տունը ընտրվեց: Հիմա օրինակ՝ դեպքի վայրը, հարակից տները ուսումնասիրելով՝ գուցե այլ կասկածներ առաջանան. կարո՞ղ է այդտեղ ավելի քիչ խոչընդոտներով տուն կա, որտեղ կարող էր մտնել եւ այստեղ մտավ: Բազմաթիվ են հարցերը, չենք կարող բացառել նաեւ ջուր խմելու վարկածը, բայց ոչ էլ ընդունում ենք: Ես անձամբ ծանոթ չեմ այդ տարածքին, շատ հետաքրքիր է զորամասից հեռավորությունը, ճանապարհի ընդհանուր վիճակը կամ տնից մինչեւ Բայանդուր գյուղ հնարավոր երթուղին: Ինչքանո՞վ է դա մատչելի անծանոթ մարդու համար, կկարողանա՞ գնալ կամ չգնալ, եթե նպատակային գնում է սահմանն անցնելու, զինվորը, որը մեկ-երկու ամսվա ծառայող է: Ես նաեւ միջնորդություններ եմ ներկայացրել՝ իմանալու, արդյո՞ք արձակուրդ գնացել է , չի գնացել, նախկինում ինքնակամ լքե՞լ է կամ չի լքել: Այսինքն` հարցերը պարզեն , գուցե նախկինում արձակուրդ է գնացել ինչ- որ ժամկետով, փորձենք պարզենք որտե՞ղ է եղել, արդյո՞ք հնարավորություն ուներ տարածքը մինչեւ այդ զննել, թե՞ չէ: Բազմաթիվ մանր հարցեր կան, ամեն հարցի պատասխան գուցե չի կարող այս պահին մեր հետաքրքրությունը բավարարել, բայց ամբողջությունը, համակցությունը բոլոր փաստերի բերում է նոր վարկածների, նոր փաստերի ու նոր գնահատականների: Դրա համար մենք մեր կողմից հասանելիք ամեն ինչ կանենք, ինչ նախատեսվում է օրենքով, կանենք»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Փաստաբանը նաեւ խոսեց իր միջնորդությունների մասին՝ հայտնելով, որ դրանք բոլորը բավարարվել են նախաքննական մարմնի կողմից: Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ ինքը երեկ ստացել է միջնորդության բավարարման մասին որոշում, թեեւ կային որոշակի գործողություններ, որոնք արդեն իսկ ձեռնարկվել էին նախաքննական մարմնի կողմից: Ըստ Երեմ Սարգսյանի, ինքը միջնորդել էր երթուղու՝ զորամասից Ավետիսյանների տուն ու տնից Բայանդուր տեսախցիկները առգրավվել, զննել, փորձաքննել, նախաքննական մարմինը պատասխանել է, որ դրանք արդեն արված են: Նմանապես ինքը միջնորդել էր վերծանել թե՛ Պերմյակովի, եւ թե՛ Ավետիսյանների ընտանիքի անդամների ելքային ու մուտքային զանգերը, SMS հաղորդագրությունները, ու փաստորեն հեռախոսազրույցները վերծանված են: Բավարարվել է նաեւ խլացուցիչի հետ կապված փաստաբանի միջնորդությունը, թեեւ, ըստ Երեմ Սարգսյանի, նախաքննական մարմինը նշել է, որ գործում նման տվյալ չկա, որը կհուշեր խլացուցիչ եղե՞լ է , թե՞ ոչ: «Ես հարց էի առաջադրել փորձագետին արդյո՞ք նշված ինքնաձիգի վրա խլացուցիչ հնարավո՞ր է տեղադրել, թե՞ ոչ: Տեղադրած լինելու կամ հանելու հետքեր կա՞ն, թե՞ ոչ: Այդ հարցը առաջադրվել է: Կոնկրետ հարցադրումներ, թե Պերմյակովը նախքան ծառայությունը եղե՞լ է Հայաստանի Հանրապետությունում, թե՞ ոչ, այդ ուղղությամբ արդեն կատարված է: Ես նաեւ միջնորդել էի պարզել, թե Պերմայկո՞վն է նախաձեռնություն ցուցաբերել Հայաստան գալ, թե՞ տեղը ուղղակի ընտրել էին: Նաեւ այս առումով արդեն քննչական պահանջ է նախատեսված, որ ուղարկել են, որ պարզեն»:
Փաստաբանը նաեւ ասաց, որ իրենք քննարկել են ռուսական կողմին դիմել-չդիմելու նպատակահարմարության հարցը ու որոշել են այս փուլում, այս պահին չդիմել: «Չենք էլ ուզում դիմել , որովհետեւ գտնում ենք ռուսական կողմի քննությունը անօրինական է , այդ գործի քննությունը միմիայն պիտի իրականացնի հայկական կողմը միայն սպանության մասով, հետեւաբար մենք այդ նկատառումներից ելնելով՝ չենք դիմում իրենց եւ պահանջում ենք, որ փոխանցվի հայկական կողմին: Հայկական կողմը իրականացնի արդարադատությունը»:
Կարդացեք նաև
Այն հարցին, թե ռուսները հայ քննիչներին հնարավորությո՞ւն տալիս են լիարժեք նախաքննական գործողություններ իրականացնելու, փաստաբանն ասաց, որ իրականում չգիտի՝ ինչ է կատարվում իրենց մեջ: Նա, որպես մասնագետ, ասաց, որ եթե Պերմյակովը չգտնվի հայկական կողմի տրամադրության տակ, ապա որոշակի խոչընդոտներ կլինեն հայ քննիչների համար: Թեեւ , ըստ իր տեղեկությունների, հայ քննիչները հարցաքննել են Պերմյակովին:
Երեմ Սարգսյանի ասելով, որ կողմն էլ քննություն իրականացնի, իրենք դատավարությանը կմասնակցեն մայրենի լեզվով, որպեսզի մատչելի լինի հանրությանը: Փաստաբանն ասում է, թե իրեն հաճախակի են հարցնում ՝ թե ո՞րն է ամենահավանական վարկածը, ըստ նրա, բոլոր վարկածները պետք է ստուգվեն , հերքվեն կամ հաստատվեն: Կրակոցների ձայնը լսելու հետ կապված, փաստաբանն ասաց, որ կա անձ, որը որոշակի ձայն լսել է: Երեմ Սարգսյանը նաեւ ասաց, որ իրեն հասած տեղեկություններով, Պերմյակովին դեպքի վայր չեն բերել:
Մանրամասները՝ տեսանյութում.
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ