Փետրվարի հինգի ԲՀԿ կազմակերպած ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովը պատմական էր այն իմաստով, որ իշխանությունների նյարդերը չդիմացան: Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում այս մասին հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Սերժ Սարգսյանի ելույթին:
«Ժողովրդի մոտ այն կարծիքը կար, որ Սերժ Սարգսյանը գորշ կարդինալ էր, հիմա միայն գորշն է մնացել, իր ելույթը նախագահին վայել չէր եւ քաղաքական սպառնալիք էր: Այս կերպ նա կատարեց իշխանափոխության առաջին քայլը,-կարծում է Արամ Հարությունյանը,-Դրանից հետո նա հստակեցրեց քայլերը, պարզվեց, որ նախագահը ամենից շատ վախենում է ԲՀԿ-ից, Գագիկ Ծառուկյանից եւ որ իր անհավասարակշռված, խայտառակ ելույթից, իր կուսակցականների ելույթից հետո պարզվեց, որ ՀՀԿ-ն ոհմակ է»:
Արամ Հարությունյանը նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին կարծիք հայտնեց. «Ինձ համար անհասկանալի է, քանի որ եթե Հովիկ Աբրահամյանը քաղաքական հոտառություն ունենար, նա նիստի օրը հրաժարական կտար եւ ցույց կտար, որ նա իր հարթության վրա է»։
Արամ Հարությունյանը Սերժ Սարգսյանի ելույթը որակում է որպես 1937 թվականի Ստալինյան ոճի ելույթ. «Իսկ Գագիկ Ծառուկյանի ելույթը ցույց տվեց, որ դա պետական մարդու ելույթ էր, որ նա չիջավ այլ մակարդակի: Մենք տեսնում ենք, որ իշխող կուսակցությունը իրոք ոհմակ է, քանի որ այդպես ավելի հարմար է թալանել։ Գագիկ Ծառուկյանը ցույց տվեց, որ շատ ավելի վեր է կանգնած, քան նախագահը եւ որ ինքը իրոք պատրաստ է ամեն ինչ կորցնել հանուն այս երկրի։ Գագիկ Ծառուկյանը դանդաղ իշխանափոխություն էր ուզում, սակայն Սերժ Սարգսյանը ինքը արագացրեց այդ գործընթացը»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ընդդիմության հետագա քայլերին՝ Արամ Հարությունյանը նշեց, որ Ծառուկյանի ելույթում ամեն ինչ ամփոփ ասված էր՝ գնալ արտահերթ ընտրությունների, հանրահավաքներ անել, սակայն առանց որեւէ օրենքի խախտումների:
Արամ Հարությունյանին նաեւ լրագրողները խնդրեցին մեկնաբանել ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանի այն նկատառումը, որ Գագիկ Ծառուկյանի ելույթի տեսագրություն չկա եւ արդյոք Գագիկ Ծառուկյանն էր ելույթ ունենում, ինչին բանախոսը շփոթված պատասխանեց, որ ընդդիմադիրները կերազեին նման ելույթ ունենալ. «Կարող է իր ելույթը ինքը չի գրել, բայց նա է ստորագրել դրա տակ: Գագիկ Ծառուկյանը տվել է միարժեք գնահատական: Նման պատասխանատու ելույթը մի հոգով չեն գրում, կարեւոր է՝ ով է այդ ելույթի տակ ստորագրում»։ Նա էական չի համարում նիստի տեսագրված չլինելու հանգամանքը:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ