Հայրիկյանը Քոչարյանի մասին. «Դավաճանը չի կարող վերադառնալ իշխանության»
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը չի հավատում, որ ՀՀԿ-ԲՀԿ տարաձայնությանը՝ համոզված լինելով, որ այդ ամենի նպատակը մեկ ուղղությամբ բեւեռացված դաշտը երկու մասի բաժանելն է:
Այսօր «Տեսակետ» ակումբում Պարույր Հայրիկյանը կարծիք հայտնեց, որ այդ ամենի մասին կարող են խոսել ամեն ոք, բացի «այդ երկու անձից», քանի որ նրանք, երկար տարիներ նույն թիմից են եղել:
Պարոն Հայրիկյանը, մեջբերելով գրող եւ մտավորական Ռաֆայել Պատկանյանի մտքերը, ասաց՝ հայ է նա ,ով պայքարում է անկախության համար: Իսկ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի պայքարը, Պարույր Հայրիկյանի համոզմամբ, ոչ մի կապ չունի անկախության հետ. «Հայ ժողովրդի բոլոր դարերի հիմնական խնդիրը եղել է Հայաստանի անկախությունը: Եթե Հայաստանում ինչ-որ գործընթաց է ընթանում, որը կապ չունի անկախության հետ, անկախության վերականգնման հետ, ապա այն ոչ մի կապ չունի հայության հետ»:
Հայրիկյանի տպավորությամբ, արհեստական բեւեռացում է կատարվում:
Այս տեսակետն ունեն նաեւ մեր երկրում մարդու իրավունքների եւ Հայաստանի ինքնիշխանության հարցում համակարծիք 6-7 կուսակցություն՝ «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, «Ազատ դեմոկրատները», ԱԻՄ-ը, «Ժողովրդավարական հայրենիքը», «Հիմնադիր խորհրդարանը» եւ «Պահպանողական կուսակցությունը»:
Ըստ Պարույր Հայրիկյանի, փորձ է արվում Հայաստանում գոյություն ունեցող մի բեւեռը բաժանել երկու մասի, այսինքն` այնպես անել, որ երկու բեւեռն էլ լինեն նույնը. «Նրանց հետաքրքրում է ամեն ինչ, բացի հայ մադու ազատագրումը Հայաստանի պետականության ամրապնդումը: Նույնիսկ , եթե փողոց դուրս բերվեն հարյուր հազար մարդ, նույնիսկ, եթե մարդիկ կամավոր գան կամ իշխանական լծակների ստեղծմամբ կամ դրամի ազդեցության տակ»:
Կարդացեք նաև
Հարցին, թե եթե եռյակը սկսի պայքար, «Ժառանգությունն» էլ եռյակի անդամ է, ապա ինչպես է պարոն Հայրիկյանը պատկերացնում՝ «Ժառանգությունը» ու՞մ կողքին է կանգնելու. «Նրանք հարաբերությունների մեջ եղել են անցյալում, մեզ համար շահեկան խնդրի վերաբերյալ «Ժառանգությունը» երբեք ինքնաուրացում, ինքնամերժում թույլ չի տվել, նույնիսկ, եղել են հակադրություններ, երբ եռյակի անդամներից մեկն ասել է այս գործընթացն անշրջելի է, Րաֆֆի Հովհաննիսյանը տեղում փորձել է, ասել, որ ինքն այդ կարծիքին չէ: Այնպես որ դուք տարբեր ուժերի հարաբերությունների եւ նրանց սկզբունքայնության մասին պիտի մի քիչ սպասեք վերջնական գնահատական տալու համար»:
Ճշտող հարցին, թե եթե եռյակը փորձի Գագիկ Ծառուկյանի կողքին կանգնել եւ պայքար սկսել, այդ դեպքում Պարույր Հայրիկյանը շարունակելո՞ւ է իր համագործակցությունը, պարոն Հայրիկյանն ասաց. «Չեմ կարծում, որ դուք ինձնից ավելի լավ եք ծանոթ եռյակի անդամների ուժերի հավակնություններին, տրամադրություններին, դուք հավատում եք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, լինելով եռյակի կազմում, սատարում է ինչ-որ մեկի՞ն, թե հետապնդում է իր նպատակները: Ես Րաֆֆի Հովհաննիսյանի փաստաբանը չեմ, բայց ավելին կարող եմ ասել, Րաֆֆի Հովհաննիսյանն այպիսի հավակնություններ ունի, որ դուք, երբեւէ տեսե՞լ եք, որ նա, որեւէ մեկին պաշտպանի: Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն իրեն է պաշտպանում, իր սկզբունքները»:
Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ կրկին խոսք է գնում Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին, Պարույր Հայրիկյանն ասաց. «Եթե մեկը ծախում է երկիրը, ամբողջ աշխարհում ինչ են ասում երկիրը ծախող մարդուն, դավաճան: Դուք խոսում եք դավաճան մարդու՝ իշխանության վերադառնալու մասին: Քոչարյանը պետք է ուրախ լինի, որ ինքը, որպես դավաճան չի դատվել, որովհետեւ, Ռոբերտ Քոչարյանը պաշտոնապես հրապարակավ ծախել է Հայաստանը, եթե ուրիշ ոչ մի բանի մասին չխոսենք, գույք պարտքի դիմաց գործարքը նշանակում է ծախել երկիրը: Իսկ երկիրը ծախելը նշանակում է դավաճանություն: Դավաճանը պետք վերադառնա իշխանությա՞ն»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ