Երեկ առավոտից նաեւ զանազան լուրեր էին պտտվում այն մասին, թե ԲՀԿ-ական ինչ-որ պատգամավորներ լքում են խմբակցությունը: Այս լուրերը, սակայն, մինչեւ օրվա վերջ որեւէ կոնկրետ, պաշտոնական հաստատում չստացան: Գոնե նախնական տպավորությունն այնպիսին է, թե Ծառուկյանը լիովին վերահսկում է սեփական թիմը: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, վերջինս նույնպես առայժմ թիմին տիրապետելու պրոբլեմ չունի: Ուժային մարմինները գոնե առայժմ կարծես անվերապահորեն ենթարկվում են նրան: Ասում ենք առայժմ, որովհետեւ ոչ ոք չի կարող կանխատեսել, որ եթե ԲՀԿ-ն Ազատության հրապարակում շուրջօրյա պրոցեսներ սկսի, դա ինչպիսի՞ անդրադարձ կունենա Սերժ Սարգսյանի քաղաքական եւ իշխանական թիմի վրա: Ծառուկյանի ելույթից հետո կարելի է ասել, որ թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ծառուկյանի թիմերը գտնվում են բավականին խախուտ վիճակում, եւ թե՛ մեկը, թե՛ մյուսը կարող են արագ փլուզման ցիկլի մեջ մտնել՝ կախված իրավիճակի հետագա զարգացումներից: Իհարկե, Սարգսյանը ունի իշխանություն եւ լծակներ, բայց Ծառուկյանն էլ կարող է մարդկանց փողոց հանել ու նրանց պահել այնտեղ: Այս իմաստով կողմերի պոտենցիալը կարելի է հավասար համարել, խնդիրն այն է, թե նրանցից ով ինչպիսի արդյունավետությամբ կօգտագործի այդ պոտենցիալը:
Եւս մեկ հարց պատասխան է պահանջում. ի վերջո՝ այս կոնֆլիկտը ի՞նչ ժամկետներում է հանգուցալուծվելու եւ ե՞րբ ենք իմանալու, թե ով է հաղթող եւ ով պարտվող: Թե՛ Ծառուկյանը, թե՛ Սարգսյանը հայտարարել են հարցերը շուտափույթ լուծելու մտադրության մասին: Եթե նման բան տեղի ունենա, շատ շուտով բոլորս կունենանք կոնկրետ պատասխաններ: Բայց զուտ տեսականորեն չի բացառվում, որ հերթական անգամ Հայաստանի հանրությունը ներքաշվի երկարատեւ եւ մաշող քաղաքական պրոցեսի մեջ: Եթե այսպիսի բան տեղի ունենա, դա լրիվ ուրիշ բան կնշանակի: Բայց առայժմ նման զարգացումների տրամաբանություն չկա: Թե՛ Սարգսյանը, թե՛ Ծառուկյանը հայտարարել են դիմացինի հարցերը արագ եւ անշրջելի լուծելու մտադրության մասին: Առաջիկա օրերին թերեւս ավելի պարզ կլինի, թե ինչպիսի տեմպով են զարգանալու իրադարձությունները: Այս պահին ակնհայտ է մեկ բան. Սերժ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի տված պատասխանը ավելի քան համարժեք էր եւ ինքնավստահ:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: