Կամ՝ ինչո՞ւ են ռուսական որոշ շրջանակներ
Հայաստանի հետ հաթաթաների լեզվով խոսում
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանությունից հետո, որում մեղադրվում է ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, շատ են սկսել խոսել Հայաստանում հակառուսական տրամադրությունների մասին: Ընդ որում, նման հայտարարություններ լսում ենք կա՛մ ՀՀ իշխանական վերնախավի կողմից, երբ տարբեր իշխանավորներ հայտարարում են, թե ՀՀ-ում գործում են որոշ «գրանտակեր» կազմակերպություններ, որոնք առիթն օգտագործում են Արեւմուտքից դրամաշնորհներ ստանալու եւ ՀՀ-ում հակառուսականություն տարածելու համար, կա՛մ ռուսական որոշ փորձագիտական շրջանակներից:
Օրինակ` «Վեստնիկ Կավկազա» խմբագրական խորհրդի պետի տեղակալ, Կասպյան համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեեւը «Վեստի» ռադիոկայանի «Նաչալո» հաղորդման ընթացքում հայտարարել էր, որ հունվար ամսին ԵԽԽՎ-ում Հայաստանի կողմից Ռուսաստանի դեմ քվեարկությունից հրաժարվելը Հայաստանում առաջացրել է հակառուսական տրամադրություններ: Ըստ «Վեստնիկ Կավկազա»-ի՝ հաղորդավար Գեորգի Սարալիձեն հիշեցրել է, որ Հայաստանի պահվածքը հակասում է ռազմավարական գործընկերոջ կարգավիճակին: Միխեեւն այս տրամադրությունները կապում է ռուս զինվորի կողմից գյումրեցի ընտանիքի 7 անդամների սպանության հետ: Նա հավատում է, որ Հայաստանն ունի շատ ուժեղ հակառուսական լոբբի: Ռուս փորձագետը Հայաստանում նաեւ հակառուսական սադրանքներ է նկատում:
«Առավոտի» հետ զրույցում «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը ընդհակառակը՝ նման կարծիքներն է հենց սադրանք համարում: Նա նշեց. «Դրանք ուղղակի սադրանք են ընդհանրապես ՀՀ-ում` որպես այդպիսին, եւ Հայաստան- Ռուսաստան հարաբերություններում: Կարելի է ասել՝ սա նման կարգի սադրանքներից հերթականն է: Իսկ թե դա չարամտորե՞ն է արված, թե՞ պայմանավորված է կենցաղային հիմարությամբ, կթողնեմ` բաշխելով ասողին»:
Կարդացեք նաև
Պերմյակովի հետ կապված հարցում հայ-ռուսական ճգնաժամային հարաբերությունների սադրողը, ըստ Ռուբեն Մեհրաբյանի, ռուսական կողմն է, որը հրաժարվում է կատարել իր իսկ ձեռքով ստորագրված պայմանագիրը: Մեր հարցին՝ Ռուսաստանը բռնել է ինքնաարդարացման ուղի՞, պարոն Մեհրաբյանը պատասխանեց. «Ուղղակի Ռուսաստանն իրեն դրել է հայտնի կենդանու տեղ` կարդալով պայմանագրում մի բան, կատարում է հակառակը»: Մեր այն հարցին՝ այդ ո՞ր հարցում ենք թերացել, որ ռուսական բոլոր քմահաճույքները լռությամբ տանելով հանդերձ՝ դեռ մի բան էլ ռուսական կողմն է հաթաթա տալիս, թե ՀՀ-ի պահվածքը հակասում է ռազմավարական գործընկերոջ կարգավիճակին, պարոն Մեհրաբյանը պատասխանեց. «Ոչ մի բանով էլ չի հակասում, եւ բացի այդ՝ հայկական պատվիրակության` ԵԽԽՎ քվեարկության արդյունքներն ամենեւին էլ կապված չեն Պերմյակովի հետ: Ռուսաստանը վերածվում է իզգոյ պետության՝ մեկուսացած քաղաքակրթությունից, եւ թե ՀՀ-ն հանուն ինչի՞ ինքն էլ պիտի գնա մեկուսացման՝ պարզ չէ: Զարմանալ պետք չէ. ռուսական մի լավ ասացվածք կա, որը վերաբերում է Կրեմլին. լկտիությունը երկրորդ երջանկությունն է»:
Ըստ Ռուբեն Մեհրաբյանի` ՀՀ-ի կողմից արվել է ընդամենը կես քայլ, եւ հետագա քայլերն առջեւում են, քանի որ գործ ունենք հանցագործ պետության հետ՝ հանձին Ռուսաստանի: Ռուբեն Մեհրաբյանը մեկնաբանեց. «Սա հանցագործ պետություն է, որի ղեկավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործած հանցագործությունների համար` ընդդեմ մարդկության: Աստված մի արասցե, ՀՀ-ն կապվի այդ երկրի հետ, ապա օր առաջ պետք է հեռանանք այդ երկրից, որ այդտեղից եկող փորձանքներից գոնե հեռու մնանք: Այդ երկիրը գնում է փլուզման, եւ մեր գլխավոր խնդիրն է, որ դա մեր գլխին չփլվի: Սա հայ ազգի գոյության եւ անվտանգության հարցն է»: Ռուբեն Մեհրաբյանի կանխատեսմամբ` ռուսական կողմից դեռ շարունակելու են խոսել սադրանքների մասին, խառնելու թացն ու չորը, եւ այս առիթով հիշեց «շան եւ քարավանի» հայտնի պատմությունը: Հայաստանում հակառուսական քարոզչության մասին եւս վերջին ժամանակները շատ է խոսվում: Պարոն Մեհրաբյանի կարծիքով` նման բան, որպես այդպիսին, չկա, այլ կա խիստ բացասական եւ մերժողական վերաբերմունք Ռուսաստանի կայսերապաշտական, հանցավոր քաղաքականության հանդեպ: Մեր այն դիտարկմանը, թե ՀՀ իշխանական օղակներից եւս հնչում են հակառուսական լոբբիի մասին հայտարարություններ, պարոն Մեհրաբյանն արձագանքեց. «Դա կիսելյովյան պրոպագանդայի շարունակությունն է: Ռուսաստանցիները եւ ռուս ժողովուրդն առաջին զոհերն են Ռուսաստանի հանցագործ իշխանության: Առաջին հակառուսն ու ռուսատյացը նա է, ով կողմ է Ռուսաստանի այսօրվա քաղաքականությանը»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
14.02.2015