Տարօրինակ ցեղ ենք մենք, շատ տարօրինակ, աշխարհից վիրավորված` մեր ունեցածը կորցրել ենք ու վիրավորվել: Ումից եւ ինչու ենք վիրավորվել՝ չգիտեմ:
Երբեւիցե մենք մեզ հարցրե՞լ ենք, թե ինչու ենք կորցրել: Երբ որ այսօր եւ հազար տարի առաջ երազում ենք, փնտրում, պայքարում, որ վերադարձնենք մեր կորուստները: Եվ երբ գտնում ենք մեր երազանքն ու մեր կորցրածը` մեզ քիչ է թվում: Ողորմի հոգուդ, Պոլսում ապրող եւ ծորակներ ծախող բանաստեղծ Զահրատ, հազար ողորմի քեզ, երբ ասում էիր` կյանքը կհատնի, փնտրտուքը` ոչ, մարդը չգտնող կենդանի մըն է: Վստահ եմ, որ Զահրատը մարդ ասելով` առաջին հերթին հային նկատի ուներ:
Այո, զարմանալիորեն անհայտ աշխարհներ եղան աշխարհին հասկանալի, ուր ցեղովի ընդամենը յոթ գրաճանաչ ունեին կամ՝ չունեին, բայց մենք՝ ի սկզբանե գրաճանաչներս, մնացինք չհասկացված: Եվ ինձ թվում է` մեղքը աշխարհինը չէ, մեղքը մերն է, մեղքը մեր ներսում է:
Զվարթնոց տաճարն ուներ երեսունվեց սյուն եւ կայուն էր երկրի վրա ու երկնքի դեմ, ինչպես մեր երկիրը հնում` Արտաշես արքայի ժամանակ, որ գլխին պահում էր սեփական պետության գմբեթը…
Կարդացեք նաև
Բայց ինչ եղավ հետո. տաճարի ինքնասիրահարված սյուներից մեկը, որին թվում էր, թե ինքը միակ ընտրյալն է, մտածեց` մյուսները թող պահեն երկիր-տաճարի գմբեթը, ես կարող եմ դուրս գալ ու իմ գմբեթը ստեղծել:
Այդպես մտածեցին թերեւս էլի սյուներ, եւ Զվարթնոց հրաշալի տաճարը փլվեց: Սուտ է, չեմ հավատում, որ երկրաշարժից է փլվել Զվարթնոցը: Մեր ցեղը բազում երկրաշարժեր է տեսել, բայց երբեք չի խոնարհվել, քանզի մեր տաճարները դրսից չէ, որ քանդվել են, այլ ներսից:
Եվ այսօր անհասկանալի ճանապարհով առաջնորդի զուգս թվացյալ հագածները չեն էլ մտածում, որ սարդոստայնի ընդամենը մի թելն են իրենք, իսկ սարդը ուրիշ տեղում է եւ նենգորեն լուռ է: Անշուշտ, երիցս ճիշտ է, որ ոչ մի կռունկ առանձին կամ երեքով հյուսիսային լճերի տեղը չգիտի, ինչպես նաեւ` չգիտի Աֆրիկայի տեղը: Կռունկների կյանքի ճանապարհը միայն երամը գիտի:
Իսկ երամն ասում է.
Դուք ձեր ավերակ տաճարներն ավելի եք սիրում, քան ձեր կանգուն տաճարները:
Դուք ձեր կորցրածն ավելի եք սիրում, քան ձեր ունեցածը:
Դուք ձեր պարտություններն ավելի եք սիրում, քան հաղթանակները: Չէ՞ որ դուք կռունկ սիրող ժողովուրդ եք: Շարունակեք քանդել ձեր տաճարները ներսից, եւ կորցնելով ձեր հայրենիքը` հարցրեք մեզ` չվող թռչուններիս.
Կռունկ, ուստի՞ կուգաս, կռունկ, մեր աշխարհեն խաբրիկ մը չունի՞ս: Այնինչ…
Այնինչ տեր եղեք, որ անտեր չմնաք, տեր եղեք, որ միշտ տեր ունենաք եւ ձեր իսկ տիրոջով տեր դառնաք ձեզ եւ ձեր երկրին ու հազարամյակների միջով անցած կորուստներին ու ունեցածին:
Եվ այլեւս մեզ մի դիմեք, մենք ընդամենը չվող թռչուններ ենք:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ