Եվս մի անդրադարձ Համահայկական հռչակագրին
Որոշակի ուշացումով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակ գտավ կարդալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից իր 5-րդ նիստում ընդունած եւ հրապարակած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը: Փաստաթուղթը նրան դուր չեկավ: Ինչպե՞ս թե՝ «համահայկական», ինչպե՞ս թե՝ «արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը»: Չէ՞ որ իր իշխանության օրոք նա ասել է, որ «համահայկական», «միասնական» որեւէ բան չի կարող լինել: Չէ՞ որ ասել է, որ ժողովրդավարությունը ենթադրում է գաղափարների բախում: Համաժողովրդական կարող է լինել միայն ընդդիմադիր շարժումը, մնացած երեւույթներին այդ անունը տալը անհեթեթություն է, ժողովրդավարության նորմերի խախտում:
Ի դեպ, չեմ բացառում, որ Տեր-Պետրոսյանը կարող է եւ պարզ մոլորության մեջ լինել: Նրան կարող է շփոթմունքի մեջ գցած լինի «Հռչակագիր» եզրույթի օգտագործման հնարավոր լայնությունը: Այն իրոք կարող է լինել ինչպես իրավական բնույթի փաստաթուղթ, այնպես էլ ընդհանուր նպատակներ, սկզբունքներ արտահայտող քաղաքական մանիֆեստ: Եվ հենց այդպիսի բնույթ էլ ունի այս Համահայկական հռչակագիրը:
Հնարավոր է նաեւ, որ Տեր-Պետրոսյանի նման պրագմատիկ քաղաքական գործչի համար «սփյուռքի ավանդական կուսակցություններ», «Հայկական բարեգործական ընդհանուր միություն», «Ամերիկայի հայկական համագումար», «Ռուսաստանի հայերի միություն», «Հանրային խորհուրդ» եւ նման այլ եզրույթներ որեւէ բովանդակային լիցք չունեն, եւ իր ընկալմամբ՝ այդ կառույցների ղեկավարները չեն կարող արտահայտել «հայ ժողովրդի միասնական կամքը»: Հիշեցնենք, որ թե վերեւում նշված կառույցների ղեկավարները, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին, Հայ Կաթողիկե եկեղեցին եւ Հայ Ավետարանչական եկեղեցին, որոնք ներկայացնում են աշխարհասփյուռ հայ ժողովրդի մեծամասնությունը, ստորագրել են Հռչակագրի տակ:
Կարդացեք նաև
Ընդհանուր առմամբ երախտապարտ լինելը լավ բան է եւ ամենեւին էլ գավառամտություն չէ՝ ինչպես կարծում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը դժգոհ է այն փաստից, որ Հռչակագրում երախտիքի խոսքեր կան Ցեղասպանությունն ընդունած պետությունների հանդեպ: Իհարկե, հաշվի առնելով 90-ական թվականներին առաջին նախագահի եւ ՀՅԴ-ի բարդ հարաբերությունները՝ Տեր-Պետրոսյանը կարող էր եւ չնկատել, որ իր իշխանության տարիներին, օրինակ, Լիբանանը իրոք խիզախություն ցուցաբերեց՝ ճանաչելով եւ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը: Դա իսկապես հարգանքի է արժանի՝ հաշվի առնելով այդ երկրի քաղաքական եւ պետական կառուցվածքի յուրահատկությունները:
Զարմանալի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ուզում հասկանալ Թուրքիայի քաղաքացիական հասարակությանն ուղղված քաջալերանքի ուժն ու նշանակությունը: Պետք է քաջալերել քաղաքացիական հասարակության այն հատվածը, որը, օրինակ, Ստրասբուրգում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայտնվեց որպես երրորդ կողմ` Հայաստանը ներկայացնող փաստաբանների կողքին: Այն, որ իրենց կյանքը հեշտ չէ, հասկանալի է: Բայց դա չի նշանակում, որ Համահայկական հռչակագրով պետք չէ կանգնել Թուրքիայում տրամաբանող մարդկանց կողքին: Միեւնույն ժամանակ, եթե նա մտահոգ է, որ Հռչակագիրը կարող է դրդել Թուրքիայի իշխանությանը բռնաճնշումների, ապա պետք է նաեւ հաշվի առնի, որ իր հոդվածը եւս կարող է օգտագործվել նույն նպատակներով:
Զարմանալի է, որ առաջին նախագահը Հռչակագրում «վերջնագրի» բառապաշար է նկատել՝ այն դեպքում, երբ օգտագործվում են «հորդորում է», «հույս է հայտնում», «կոչ է անում» ձեւակերպումները: Ավելի տարակուսելի է, որ նա հաշվի չի առնում իր խիստ վիճելի խոհերի հանրայնացման հնարավոր բացասական ներազդեցությունները: Ավելի տարակուսելի է, որ նման փորձառու քաղաքական գործիչը չի գիտակցում, թե որքանով նրա կողմից հնչեցված հարցերին շատ թե քիչ պաշտոնական պատասխան տալը կարող է բարդություններ ստեղծել Հռչակագրում դրված խնդիրների իրականացման համար:
ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.02.2015