Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանենք գերանը մեր աչքից»

Փետրվար 14,2015 14:00

Գրող Դավիթ Խաչիյանը մտահոգ է մեր «ախտերով»

Դավիթ Խաչիյանը (լուսանկարում) պատմվածքների 3 ժողովածուի հեղինակ է՝ «Զրադաշտի անտիպներից», «Исповедь турагента», «12»: Պատրաստում է հրատարակության 4-րդը՝ «Յոթ քար» խորագրով: Երիտասարդ գրողի ստեղծագործական մտքի հիմնական շեշտը դրված է մեր երկրի սոցիալական խնդիրների վրա, որոնք իրենց խորքում քաղաքական մեղադրանք են պարունակում անցյալ ու ներկա իշխանությունների հասցեին: Համենայնդեպս, հակիրճ այսկերպ են ներկայացնում մասնագետներն իրենց կոլեգայի գործերը:

«Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ արվեստագետի տառապանքներն ու ընդվզումն են արվեստ դառնում: Օրինակ, չեմ պատկերացնում Վահան Տերյանին իբրեւ միայն գարնան եւ զարթոնքի բանաստեղծ: Կամ էլ՝ Շեքսպիրի անսահման ու անհուն անձնական տառապանքը… Հենց այս վերաբերմունքն է, որ վերափոխվում ու դառնում է արվեստի գործ: Այս իմաստով իմ նորավեպերը (գրողը հակված է այսպես անվանել իր ստեղծագործությունները) բացառություն չեն: Ի վերջո, մարդն ապրում է եւ իր ընկալած բոլոր պատկերները միավորվելով դառնում են սեփական կյանքի օրերը: Չէի ցանկանա առանձնացնել սոցիալական խնդիրների թեման: Դրանք կան, մենք ամեն օր դրանց հետ ենք, եղել ենք ու ապագայում էլ ենք լինելու: Դրանցից չես փախչի, եւ անհոգ մարդ չկա: Սակայն ես հակված չեմ դրանք կապել միայն իշխանությունների, պաշտոնյաների եւ չինովնիկների հետ: Ավաղ, մենք ստիպված ենք ապրել այս աշխարհում, որը կառավարվում է այդ մարդկանց կողմից: Իսկ քննադատելը, համոզված եմ, ոչ թե պետք է, այլ անհրաժեշտ: Խոսքս առողջ քննադատության մասին է»,- «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ ասաց Դավիթ Խաչիյանը: Հավելեց նաեւ, թե չենք տեսնում մեր հիվանդ կետերը, հետեւաբար ինչպե՞ս կարող ենք մտածել բուժման մասին: Իսկ բուժվելն անհրաժեշտ է:

Գրողի ձեւակերպմամբ՝ «Մեզ աստվածային ժառանգություն է հասել: Պետք է դա հասկանալ, գնահատել եւ սիրել հայրենիքը: Իսկ պաշտոնյաները շատ փոքրիկ են, որ փորձում են մեզ արգելել դա: Մենք ենք մեր երկրի տերերը, եկեք սիրենք ու շենացնենք այն: Իսկ դրա առաջին քայլը վատ, խաթարված ու աղբով լի անկյունների մաքրումն է, ինչը պետք է համընդհանուր առաջնահերթություն դառնա»: Մեր զրուցակիցն ասվածը էլ ավելի մանրամասնեց. «Դուք կարո՞ղ եք պատկերացնել ստախոս բժշկի, որը փոխանակ քո ախտերը մատնացույց անելու եւ բուժում առաջարկելու, սկսի հեքիաթներ պատմել, թե դու առողջ ես: Նույնպես եւ մեր բնագավառում, եկեք վանենք կեղծավորությունը, հանենք գերանը մեր աչքից, ապա մյուսներին էլ ցույց տանք իրենց աչքի փուշը»: Հարցին, թե մեր անկախ երկրում լույսի նշույլ անգամ չի՞ տեսնում, արվեստագետը պատասխանեց. «Մեր հայրենիքը, մեր անկախությունը, մեր հողն ու մենք ինձ համար հենց լույսի, հավատի ու սիրո անսպառ աղբյուր են: Եվ եթե մենք այդ ամենին կեղտոտ ապակու ետեւից ենք նայում, ապա մեր վարձն էլ հենց դա կլինի: Դեն նետենք այդ ապակին, տեսնենք իրականն ու անցնենք գործի: Մենք անելիք շատ ունենք: Պետք չէ միայն պահանջել հայրենիքից ու կթել նրա հոգնած կուրծքը»:

Դիտարկմանը՝ ասում են, թե իր պատմվածքների հերոսներն այնքան համոզիչ են, որ թվում է՝ ինքն էլ ժամանակին պոնչիկ է վաճառել, շինարարությունում աշխատել, պարբերաբար խաբվել չինովնիկներից, Դավիթ Խաչիյանը նախ նշեց, թե իր կերպարները համոզիչ են, քանի որ իրական են, պարտադիր էլ չէ անձամբ այդ ամեն ինչի միջով անցնել, հետո էլ ասաց, որ ինքը պոնչիկ չի վաճառել, բայց շինարարությունում աշխատել է որպես բեռնակիր, նստել-կերել հասարակության, այսպես կոչված՝ տականքների հետ, ազնվականների հետ էլ շամպայն է խմել Ադրիատիկի ափերին, բայց դա իր կյանքն է, ինչի համար չի ափսոսում: «Եթե խորը նայենք, սրանք կյանքի խորը պատկերն են, պարզապես դիմահարդարումն ու զգեստավորումն են տարբերվում: Միանշանակ չեմ կարող ասել, թե որ իրավիճակն է ինձ ավելի շատ ուժ տվել կյանքում. թերեւս առաջինը: Այն ինձ սովորեցրեց չխորշել կյանքից, վայելել շամպայնն աղքատի ախորժակով, որովհետեւ երբ շամպայնը դառնում է սովորական ու առօրեական խմիչք, դադարում ես գնահատել նրա նուրբ համը»,- հավաստիացնում է գրողը:

Մեր զրուցակիցը երկու բան էլ ցանկացավ ասել հայրենիքը լքողներին. «Ո՞ւր եք գնում, ինչի՞ եք ձգտում, ինչո՞ւ չեք ուզում ձեր աստվածատուր հայրենիքում ապրել որպես արժանապատիվ քաղաքացիներ եւ ինչո՞ւ եք սպասում, որ ուրիշ մարդիկ մեր հայրենիքը սարքեն լավ երկիր, ու դրանից հետո գաք որպես զբոսաշրջիկ… Հաճախ ենք խոսում արտագաղթի մասին, հազար ու մի պատճառ բերում: Ես ուզում եմ ասել. արտագաղթում ենք, որովհետեւ գաղթականի հոգի ունենք: Մնացած բոլոր փաստարկները, այդ թվում՝ իշխանություններն ու չինովնիկները, պարզապես ծիծաղելի են հնչում: Դրանք անհույս ու երեխայական աչքակապություն են: Իհարկե, զորքը թույլ կլինի, եթե լավագույն զինվորները թողնեն ու գնան: Իհարկե, դպրոցը թույլ կլինի, եթե լավագույն մանկավարժները թողնեն ու գնան: Սուրբ տեղը երբեք դատարկ չի մնում: Եթե բոլորս թողնենք ու գնանք, ապա չկասկածեք, տականքներն ու ոչնչություններն են լցնելու այն…»:

Երիտասարդ գրողը մտահոգ է. «Եղեռնի 100-րդ տարելիցն էլ կտոնենք, եւ ի՞նչ կլինի դրանից հետո, երկրորդ եղեռն չի՞ լինի, իսկ հայրենիքի ընդերքն անխնա թալանելը եղեռն չէ՞: Ինձ համար եղեռն է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728