Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանցի գիտնականը ընտրվել է Միլանի Ամբրոզիան ակադեմիայի անդամ

Փետրվար 14,2015 13:30

Օրեր առաջ Երեւանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանը պաշտոնական նամակով տեղեկացվեց, որ Միլանի Ամբրոզիան ակադեմիայի Գիտական խորհուրդը ընտրել է իրեն Մերձավոր Արեւելքի Հայկական բաժնի ակադեմիկոս: Անվանակարգի հանձնման արարողությունը տեղի է ունենալու 2015 թվականի նոյեմբերի 9-ին, ամենամյա Ակադեմիական օրերի ընթացքում: Անցյալ տարի այդ տիտղոսի շնորհման արարողությունը տեղի է ունեցել նույնպես նոյեմբերյան այդ օրերին Ամբրոզիան ակադեմիայի նախագահ, արքեպիսկոպոս Ֆրանկո Բուցցիի կողմից: Արարողությանը մասնակցել է նաեւ Ամբրոզիան ակադեմիայի գլխավոր նախագահ՝ Միլանի արքեպիսկոպոս Կարդինալ Անգելո Սկոլան:

Ամբրոզիան գրադարանը աշխարհի հնագույն գիտական ինստիտուտներից մեկն է: Այն հիմնադրվել է 1600-ականներին Միլանի արքեպիսկոպոս Կարդինալ Ֆեդերիկո Բորոմեոյի (1564-1631) կողմից, որպես հանրային գրադարան (այն երկրորդ գրադարանն է Եվրոպայում՝ Օքսֆորդի Բոդլեյան գրադարանից հետո) եւ գիտահետազոտական կենտրոն է: Կարդինալ Բորոմեոյի մահից հետո, նրա Եվրոպական եւ Արեւելյան ձեռագրերի մեծ հավաքածուն, ինչպես նաեւ ավելի քան 30,000 գրքերից բաղկացած գրադարանը եւ արվեստի գործերի հավաքածուն ժառանգվեցին ինստիտուտին, որն անվանվեց Միլան քաղաքի հովանավոր սրբի՝ Ամբրոզիոսի անունով: Դարերի ընթացքում գրադարանն ու թանգարանը աճեցին եւ ստեղծվեց արվեստի եւ հումանիտար գիտությունների Իտալիայի եւ ամբողջ Եվրոպայի ամենահեղինակավոր գիտահետազոտական եւ ուսումնական կենտրոններից մեկը: Ակադեմիան բաղկացած է յոթ՝ Բորոմյան (կարդինալ Ֆեդերիկո Բորոմեոյի անունով), Ամբրոսյան, հունական եւ լատինագիտական, սլավոնագիտական, Մերձավոր Արեւելյան, Հեռավոր Արեւելքի եւ աֆրիկյան հետազոտությունների բաժիններից: Բորոմյան բաժինը վերաբերում է աշխարհիկ եւ եկեղեցական պատմության, արվեստագիտության, գրականագիտության ասպարեզի ուսումնասիրություններին:

Ամբրոզիան ակադեմիան այսօր ունի մոտ 250 անդամ, որոնք ընտրվում են գիտնականների խորհրդի կողմից եւ նշանակվում ակադեմիայի նախագահի՝ արքեպիսկոպոս Ֆրանկո Բուցցիի կողմից: Ակադեմիայի անդամներն ընտրվում են ցմահ, տվյալ բաժնի ուսումնասիրությունների ոլորտում իրենց մշակութային եւ գիտական ճանաչման եւ ներդրման համար: Ամբրոզիան ակադեմիայի անդամ ընտրվելու կապակցությամբ արարողակարգի համաձայն՝ նորընծա ակադեմիկոսները կարդում են իրենց ուսումնասիրություններին համապատասխանող դասախոսություն, որը հետագայում տպագրվում է Ամբրոզիան գրադարանի հանդեսում: Մերձավոր Արեւելքի Հայկական բաժնի ակադեմիկոսներ են այնպիսի ճանաչված հայագետներ, ինչպիսիք են Տիգրան Կույումջյանը, Պիտեր Քաուն, Վալենտինա Կալցոլարին, Աննա Շիրինյանը, Ալդո Ֆերրարին եւ ուրիշներ: Լ.Չուգասզյանը բազմաթիվ ուսումնասիրությունների եւ հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաեւ՝ Իտալիայում: Ունի ուսումնասիրություններ հայ մանրանկարչության եւ իտալական միջնադարյան արվեստի միջեւ եղած ընդհանրությունների վերաբերյալ:

Նա հեղինակ է երկու մենագրության՝ «Գրիգոր Ծաղկող» եւ «Արշակ Ֆեթվաճյան»: Լ. Չուգասզյանը դասախոսությունների շարքով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրների համալսարաններում` Բոլոնիայի (1991թ.), Մասաչուսեթսի Բրադֆորդ քոլեջ (1997թ.), Արեւելյան Անգլիայի համալսարան (2000թ.), Լոս Անջելեսի համալսարան (2005թ.), Ֆրեզնոյի համալսարան (2006թ.), Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական համալսարան (2011թ.), մեկական դասախոսություններ կարդացել ԱՄՆ-ի բազմաթիվ համալսարաններում եւ թանգարաններում, Կանադայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Լիբանանի, Ռումինիայի, Լեհաստանի, Գերմանիայի, Նորվեգիայի եւ մանավանդ Իտալիայի համալսարաններում (Բոլոնիայի, Վենետիկի, Պիզայի, Սիենայի) եւ նաեւ Ֆլորենցիայի արվեստի պատմության գերմանական ինստիտուտում եւ այլն: 2005թ. արժանացել է ԱՄՆ-ի Կոնգրեսի եւ Կալիֆոռնիայի սենատի պատվոգրերի: 2012թ. նրան շնորհվել է ՀՀ Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728