Հայաստանի հեծանվային սպորտի պատմության մեջ ունեցել ենք աշխարհի երկու չեմպիոն` Մեսրոպ Շաբոյանը եւ Օլեգ Կլեւցովը: Դա եղել է ավելի քան 20 տարի առաջ: Դրանից հետո հեծանվային սպորտի մասնագետները եւ մարզասերները շուրջ 20 տարի սպասել ու երազել են նոր բարձր ցուցանիշների մասին, որոնք հիմա աստիճանաբար վերադառնում են:
«Առավոտը» զրուցել է Հայաստանի հեծավային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի հետ:
– Պարոն Գյոզալյան: Հայաստանի հեծանվորդները, կարծես, սկսել են վերադարձնել անցյալի մեր ունեցած նվաճումները:
– Այո: Եվ դա կապվում է վերջին երեք տարիների հետ: 2011 թվականին Մհեր Մկրտչյանը Մոսկվայում անցկացված հեծանվահրապարակի աշխարհի երիտասարդական առաջնությունում միանգամից երկու արծաթե մեդալ նվաճեց խմբակային վազքում եւ սկրեչում, իսկ անցած տարի Էդգար Ստեփանյանը Սեուլում արժանացավ բրոնզե մեդալի:
Կարդացեք նաև
– Հեծանվային սպորտի պես ծանր մարզաձեւում մեդալները հեշտ չեն ձեռք բերվում: Դա համառ մարզումների արդյունք է:
– Այո: Մեր մարզաձեւում մարզումները, կարելի ասել, շուրջտարի չեն դադարում: Այս մրցաշրջանի նախապատրաստությունն սկսել ենք դեռ անցած տարվանից: Որոշված էր մեկը` հատուկ պատրաստվածության, մարտի 2-ից 15-ը անցկացնել Իջեւանում, որի ընթացքում հեծանվորդները պետք է, մեր մասնագիտական լեզվով ասած, կիլոմետրեր հավաքեին: Դա անհրաժեշտ է մրցումներում երկար կիլոմետրեր վարելուն պատրաստ լինելու համար: Սակայն հարեւան երկրի հետ շփման գծում լարվածության եւ կրակոցների պատճառով այդ տարածաշրջանը ռիսկային է դարձել: Այդ պատճառով այլ տարբերակներ ենք քննարկում:
– Այս տարի միջազգային մեկնարկները շա՞տ են լինելու:
– Բավականին: Միջազգային ֆեդերացիայի ծրագրի շրջանակներում: Առաջին բարձր կարգի հրապարակային վազքի երիտասարդական միջազգայինը լինելու է Լեհաստանում, հետո` Շվեյցարիայում: Այնուհետեւ, կմեկնենք Սլովենիա, հաջորդիվ` Խորվաթիա, որտեղից հրավեր ենք սպասում: Սրանք բոլորն էլ նախապատրաստական կարեւոր փուլեր են: Մայիս ամսին կանցկացնենք Հայաստանի առաջնությունը (երեք տարիքային խմբերի), որի արդյունքներով կձեւավորվի մեծահասակների հավաքականը, որը կմասնակցի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:
– Աշխարհի մեծահասակների առաջնություն լինելո՞ւ է:
– Այո: Փետրվարին, հեծանվահրապարակից: Բայց մենք չենք կարողանա մասնակցել, քանի որ անցած տարի չստացվեց ապահովել մասնակցությունը աշխարհի գավաթին, որը պարտադիր պայման է: Բայց 2015-ին մենք ունենք մի քանի ոչ պակաս կարեւոր մեկնարկներ` հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի մեծահասակների ու երիտասարդների առաջնությունը, երիտասարդների աշխարհի առաջնությունը եւ պատանիների օլիմպիական օրերը:
– Հայաստանի հեծավորդները երբեւէ օլիմպիական ուղեգիր նվաճե՞լ են:
– 1996 թվականին Արսեն Ղազարյանը մասնակցել է Ատլանտայի օլիմպիական խաղերին, բայց որքան հիշում եմ` «սպիտակ քարտով»: Դրանից առաջ վարկանիշի համար պայքարել է Օլեգ Կլեւցովը եւ մոտ է եղել անվանական ուղեգիր ստանալուն:
– Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի վարկանիշի համար մեր հեծանվորդները պայքարելո՞ւ են:
– Չեմ ստի: Նույնն ասել եմ մեր սպորտի ղեկավարներին: Դրա համար պետք է անցած տարվանից մասնակցեինք աշխարհի գավաթի փուլերին: Մարզիկներ ունենք. Մհեր Մկրտչյանը, Հարություն Բարսամյանը, Էդգար Ստեփանյանը, որոնց տարիքը համապատասխանում է ուղեգրերի համար պայքարելուն: Իհարկե, այս տարի մեզ հնարավորություն կընձեռեն դրանց մասնակցելու, բայց քանի որ արդեն մեկ փուլ ետ ենք մնացել, իսկ այդ ընթացքում մյուս հեծանվորդները միավորներ են վաստակել, շատ դժվար է լինելու, եթե անգամ հիմա շատ լավ մասնակցենք: Սակայն ես, որպես գլխավոր մարզիչ, չեմ նահանջում: Անելու ենք ամեն բան, որպեսզի կարողանանք պատշաճ մասնակցություն ունենալ:
– Հաջորդ օլիմպիական խաղերը կայանալու են 2020 թվականին: Եթե Ռիոյի վարկանիշ չհաջողվի նվաճել, մեր այսօրվա առաջատար մարզիկների տարիքը կների՞ այն ժամանակ պայքարելու վարկանիշի համար:
– Ինչո՞ւ ոչ: Մեր մարզաձեւում հեծանվորդները շատ բարձր արդյունքներ ցույց տալիս են մինչեւ 36 տարեկանը:
– Հեծանվային սպորտը իրարից էականորեն տարբեր երկու մրցաձեւ ունի. հրապարակային եւ խճուղային: Բայց մեզանում նույն մարզիկը հանդես է գալիս երկու ձեւերում էլ: Մերոնք այդքան լա՞վն են, թե՞ այլընտրանք չկա:
– Մեր հեծանվորդները, կարելի է ասել, ունիվերսալներ են: Բայց, ճիշտ եք ասում, դրանք տարբեր մրցաձեւեր են ու լավ կլիներ, որ ունենայինք երկու ձեւերի տարբեր հավաքականներ:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.02.2015