Լրահոս
Օրվա լրահոսը

Տեառնընդառաջի սովորույթները

Փետրվար 14,2015 12:30

Այն միայն կրակի վրայից թռչելու տոն չէ

Տեառնընդառաջն ամենաժողովրդական ու սիրված ազգային տոներից է: Այն ավանդաբար նշվում է փետրվարի 14-ին: Տոնի ակունքները գալիս են հազարամյակների խորքից եւ կապված են կրակի պաշտամունքի հետ: Նախկինում՝ հեթանոսական շրջանում, այն անվանվել է Տըրնդեզ, որը նշանակել է կրակի դեզ: Հնում մեր նախնիները կրակին վերագրել են կենարար ու զորեղացնող հատկություններ: Հատկապես թոնրի կրակը համարվել է ջերմության աղբյուր, տան սրբատեղի, նրա շուրջն են հավաքվել ընտանիքի անդամները, երգել ու զվարճացել: Նրանք մեհյաններում, տան բակերում խարույկահանդես են կազմակերպել եւ հաղորդակցվել կրակի պաշտամունքի հետ: Երիտասարդները կրակի մոխիր են քսել դեմքներին, որպեսզի Աստված իրենց լավ տեսնի ու նրա ձեռքը իրենցից անպակաս լինի: Հանդեսը ուղեկցվել է երգ- երաժշտությամբ եւ բազմապիսի խաղերով: Հայաստանում քրիստոնեությունը մուտք գործելուց հետո, Տըրնդեզի տոնակատարությունը վերածվել է՝ Տեառնընդառաջի, որը բացատրվում է Տիրոջը, այսինքն՝ Քրիստոսի առջեւ ելնել, Նրան դիմավորել:

Այն քառասուն օրական Հիսուսին ծնողների կողմից տաճար տանելու, որտեղ Սիմեոն ծերունին Նրան ընդառաջ է ելնում ու օրհնում, եւ Աստծուն ընծայելու տոնն է: Տոնը նշվում է պատարագով եւ ուրախ տոնախմբություններով: Գրիգոր Տաթեւացին գրել է, որ Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով եւ կանթեղներով է դուրս եկել Նրան ընդառաջ: Տեառնընդառաջը Հայ առաքելական եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշում է ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո: Ավանդաբար տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան, քանի որ եկեղեցական տոնացույցով նոր օրը սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո: Այդ օրը Տիրոջ գալստյան նախատոնակն է:

Ժամերգության ընթացքում կատարվում է արտերի եւ այգիների օրհնություն, իսկ դրա ավարտից հետո մարդիկ եկեղեցում վառվող մոմերից վառում են իրենց մոմերը, որը համարվում է Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը, եւ տանում են տուն: Ժողովրդական ավանդույթի համաձայն՝ եկեղեցուց դուրս բերված մոմի կրակով վառում են նաեւ Տեառնընդառաջի խարույկը: Ըստ Ավետարանի, Հովսեփն ու Մարիամը Բեթղեհեմում 40 օր մնալուց հետո, վերցրել են մանուկ Հիսուսին եւ գնացել Երուսաղեմ՝ Նրան «Տիրոջը ներկայացնելու»: Նրանց ընդառաջ է եկել Սիմեոն անունով մի ծերունի, որը Տիրոջից խնդրել էր իրեն այնքան կյանք պարգեւի, որ տեսնի Աստծո փրկությունը: Ըստ ավանդության, Սիմեոնը մեկն էր այն յոթանասուն (անվանվում է՝ եօթանասնի) թարգմանիչներից, որոնք Ք.Ա. 280-ական թթ. հավաքվել են եւ ձեռնարկել Հին Կտակարանի հունարեն թարգմանությունը: Ներկայումս, երբ մեկին ասում են «Սիմեոն ծերունի դառնաս», նկատի ունեն, որ Սիմեոնի նման երկար տարիների կյանք ունենա եւ իղձերն ու նպատակները կատարվեն:

Տեառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին: Քրիստոս՝ Աստծո Միածին որդին, երկնքից խոնարհվեց եւ մեր փրկության համար աշխարհ եկավ: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Տեառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Փետրվարի 14-ին՝ Տեառնընդառաջի սուրբ պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ՝ զորացնելու նրանց սիրո եւ հավատարմության դաշինքը: Բավականին հետաքրքիր է 1885թ. «Նոր Դար» թերթում նկարագրված Տեառնընդառաջի սովորույթները: Տոնի նախընթաց օրը՝ փետրվարի 13-ին երեկոյան ժամերգության ժամանակ բոլոր նորապսակները գնում են եկեղեցի եւ «մի կարգով իրար կշտի կանգնում»: Նախատոնակին երեցփոխանը նորապսակների ձեռքը վառած մոմեր է տալիս, իսկ նրանք եկեղեցուն՝ նվերներ: Նորապսակները վառած մոմերը տանում են տուն եւ կտուրի վրա նախօրոք պատրաստած կես խուրձ խոտը այդ կրակով այրում եւ երեք անգամ նրա վրայով ցատկում: Բացի այդ, խոնջաների ծայրը կրակով այրում են եւ կրակախառն մոխրից էլ թափում գոմի երդիկից ներս՝ կենդանիների վրա: Մոխրի մի մասն էլ պահում են, որ գարնանը սերմացու ցորենի հետ խառնեն՝ հունձը առատ լինելու համար: Կրակի շուրջ հավաքվածները ուշադրությամբ նայել են, թե կրակի ծուխը դեպի որ կողմ է ուղղվել ու կարծել են, որ այդ կողմում հացաբույսը առատ կլինի: Շարունակելով նկարագրել այդ գեղեցիկ տոնը, «Նոր Դարը» գրել է. «Միեւնոյն տարուայ նորապսակ զոյգերը խաչեղբօր հետ միասին, վառած մոմերով, դավուլ-զուռնան ածելով, մի կին էլ ափսէով խեծաղը, ոսպը կամ բոված սիսեռը չամչախառն ձեռին, առաջներն ընկած կրակի շուրջը երեք անգամ պտտում են եւ մտնում տուն: Բաց ափսէով խեծաղը՝ կանգնած թամաշաւորները իսկոյն մի-մի բուռ փախցնում եւ ուտում են»:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
կրոնագետ

«Առավոտ» օրաթերթ
13.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728