Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զինադադար՝ ըստ «նորմանդական քառյակի»

Փետրվար 14,2015 12:00

Պորոշենկոն Մինսկում էական զիջումների գնաց

Փետրվարի 11-ին եւ 12-ին ողջ աշխարհն ուշադրությամբ հետեւում էր Մինսկում «նորմանդական քառյակի» երկրների առաջնորդների բանակցություններին: Ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված բանակցությունները շուրջ 17 ժամ տեւեցին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բանակցում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Ավելի ուշ չորս երկրների արտգործնախարարներն էին միացել բանակցություններին:

Բոլորի համար էր հստակ, որ Մինսկի բանակցությունները վերջին հնարավորությունն էին իրավիճակը մեղմելու ուղղությամբ, ու եթե ձեռք չբերվեր համաձայնություն, եւ հրադադար ի վերջո չհաստատվի, ապա իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Մինչ Մինսկի բանակցությունները՝ Պորոշենկոն ուկրաինացի ժողովրդին կոչ էր արել պատրաստ լինել թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի:

Փետրվարի 11-ին դեռ բանակցությունները չավարտված՝ ռուսական լրատվամիջոցները հայտնում էին Պորոշենկոյի եւ Պուտինի ձեռքսեղմման մասին լուրը: Փետրվարի 12-ի առավոտյան ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը «բանակցային գործընթացին մոտ» անանուն աղբյուրը փոխանցեց, թե բանակցություններում հսկայական առաջընթաց կա, եւ փաստաթուղթը, որ ծրագրվում է ստորագրել քննարկումների արդյունքում, համաձայնեցվել է 80 տոկոսով: Ավելի ուշ «Նովոստի»-ն, կրկին վկայակոչելով իր անանուն աղբյուրը, հաղորդեց, որ «նորմանդյան քառյակի» երկրների առաջնորդների մշակած փաստաթղթի նախագիծը փոխանցվել է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շփման խմբի դիտարկմանը եւ հաստատմանը:

ՌԴ նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ քառյակը Մինսկում չորս էջանոց հռչակագիր է ընդունել, որով կողմերը հաստատում են Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության մասին իրենց հարգանքը եւ համոզմունք են հայտնում, որ խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք: Առաջնորդները կիսում են այն համոզմունքը, որ ԵՄ-ի, Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ համագործակցության ամրապնդումը կնպաստի ճգնաժամի կարգավորմանը: Գերմանիան ու Ֆրանսիան տեխնիկական աջակցություն են ցուցաբերելու հակամարտության շոշափած շրջաններում բանկային համակարգի սեգմենտի վերականգնման համար: Առաջնորդները հավատարիմ են մնում Ատլանտյան օվկիանոսից մինչեւ Խաղաղ օվկիանոս ընդհանուր հումանիտար ու տնտեսական տիրույթ ստեղծելու գաղափարին՝ միջազգային իրավունքի ու ԵԱՀԿ սկզբունքների նկատմամբ հարգանք ցուցաբերելու հիմքում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ բանակցություններում համաձայնություն է ձեռք բերվել փետրվարի 15-ի կեսգիշերից կրակը դադարեցնելու մասին եւ ստորագրվել է շփման խմբի փաստաթուղթ մինսկյան համաձայնությունների իրականացմանն ուղղված միջոցառումների մասին: Ըստ Պուտինի` բանակցություններում կողմերը հրադադարի եւ ծանր տեխնիկան հակամարտության գոտուց դուրս բերելու շուրջ համաձայնության են եկել։ Հրադադարը ուժի մեջ կմտնի փետրվարի 15-ից, որից հետո երկու օրվա ընթացքում կողմերը պետք է հեռացնեն տեխնիկան։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել է, որ քառյակը Մինսկում համաձայնեցրել է Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորումը, ինչը մեծ թեթեւացում է Եվրոպայի համար, իսկ Ուկրաինային այն հույս է ներշնչում։ Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մինսկում «նորմանդական քառյակի» հետ բանակցությունների արդյունքներով նշել է, որ ՌԴ նախագահը Դոնբասի աշխարհազորայիններին համոզել է համաձայնել հրադադարին: Մերկելը կարծում է, որ «նորմանդական քառյակի» կողմից փաստաթուղթ ստորագրելուց հետո Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման գործընթացում ի հայտ են եկել հուսո ճառագայթներ. «Մեզ մոտ հույսեր են ծագել, մենք համաձայնեցրել ենք մինսկյան համաձայնագրերի իրագործումը: Սակայն, բնականաբար, պետք է ձեռնարկվեն կոնկրետ քայլեր, եւ մեր առջեւ կան մեծ խոչընդոտներ, բայց կարող եմ ասել, որ արդյունքում մենք հասել ենք նրան, ինչը տալիս է մեծ հույսեր: Այդ պատճառով էլ ես կարող եմ ասել, որ նախաձեռնությունն արդարացրել է իրեն»:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ասել է, որ ուկրաինացի սահմանապահները մինչեւ տարեվերջ պետք է ամբողջությամբ հսկողության տակ առնեն ռուս-ուկրաինական սահմանը։ Ըստ Պորոշենկոյի՝ «օտար երկրների զինծառայողները պետք է հեռանան Ուկրաինայի տարածքից, կողմերը պետք է երեք շաբաթում ազատեն բոլոր պատանդներին»։ Պորոշենկոյի խոսքերով՝ Մինսկի բանակցություններում ռուսական կողմը առաջ է քաշել անընդունելի պահանջներ. «Բանակցությունների արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ իշխանության ապակենտրոնացման շուրջ սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու մասին, սակայն խոսքը չի գնում ֆեդերալացման մասին: Չնայած կոշտ պնդումներին՝ մենք չգնացինք ինքնավարության որեւէ կարգավիճակ տրամադրելուն: Մենք նաեւ որեւէ փոխզիջման չգնացինք ֆեդերալացման հարցում: Մենք տուրք չտվեցինք ամեն տիպի վերջնագրերին: Հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների»:

Դատելով ռուսաստանյան քարոզչությունից Մինսկի բանակցությունների վերաբերյալ՝ Մոսկվան չի համարում, որ զիջման է գնացել: Նույնն էլ` Կիեւը: Իսկ սա նշանակում է, որ անգամ զինադադարի պայմաններում ռուս-ուկրաինական հարաբերություններում սառնությունը կպահպանվի: Ավելին՝ Պուտինը կարեւորել է Դոնբասի բնակչության օրինական իրավունքների հանդեպ հարգանքը, սահմանային հարցերի լուծումը` ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ համաձայնեցնելուց հետո, ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հատուկ կարգավիճակի վերաբերյալ նախկինում ընդունված օրենքի կիրառումը: Ասել է թե՝ Մինսկում Ուկրաինայի նախագահը էական զիջումների է գնացել:

Արեւմուտք-Ռուսաստան շփումները, թերեւս, կշարունակվեն ավելի ինտենսիվ: Հենց սրան էր ձգտում Պուտինը, որպեսզի ողջ աշխարհը իր հետ հաշվի նստի` ուկրաինական ճգնաժամը լուծելու նպատակով: Դա ինչ-որ առումով նրան հաջողվեց՝ չնայած ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին: Պատրանքներ չարժե ունենալ եւ պնդել միանշանակ, թե սուր առճակատումը հաջողվել է ամբողջությամբ կարգավորել Մինսկում, բոլորն են գիտակցում, որ դեռ անհրաժեշտ են բավական քայլեր` իրավիճակը խաղաղ հունի բերելու նպատակով: Սակայն Մինսկում ստեղծվեց հնարավորություն, որի հիմքի վրա կարելի է հասնել խաղաղության:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728