«Մարդ պիտի հասկանա, որ ինչ ասի, շատ հստակ պատասխանը պիտի ստանա դրա»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն, անդրադառնալով այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բարձրացրած որոշ հարցադրումներին` «Պետության նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու ծրագրային ելույթ կոչվածում ես մեկ բառ անգամ չտեսա մեր պետության զարգացման ու ժողովրդի խնդիրների լուծման մասին մտահոգություն. Ոչ մի խոսք այն մասին՝ թե ինչու է ԵԽԽՎ-ում հարց հնչում կազինոներում տարված միլիոնավոր դոլարների մասին: Այդ մարդը չխոսեց անգամ այն ժամանակ, երբ Նազարբաեւը նվաստացնում եւ ստորացնում էր իրեն։ Նա չխոսեց, թե օգոստոսյան ռազմական լարվածության ժամանակ ինչո՞ւ Բադեն Բադենից այդպես էլ չվերադարձավ Հայաստան»։
Հիշեցնենք, որ երեկ էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասել է` «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Ողբերգություն է, ինչ-որ տեղ նաեւ զավեշտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի: Պատկերացնու՞մ եք մի իրավիճակ, երբ Ծառուկյանը ԵԽ խորհրդարանական վեհաժողովում տեքստ է կարդում, որին հաջորդում են պատգամավորների, այդ թվում նաև թուրք եւ ադրբեջանցի պատգամավորների, հարցերը: Նրա արտերկրյա մի քանի հայտնի այցերի ընթացքում թողած ամոթալի տպավորության մասին մեր գործընկերների սարկազմային պատմությունները դեռ մինչ օրս մենք չենք մարսել»:
Դառնալով պարոն Ծառուկյանի խոսքերին, Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Իմ կարծիքով, սովորաբար, միշտ թույլ մարդն է, երբ համապատասխան փաստարկներ չի ունենում, արդեն փորձում է կամ վիրավորել կամ ինչ-որ բաներից խոսել, որն իրականության հետ կապ չունի: Այս իմաստով չեմ էլ ուզում մեկնաբանել, մեկնաբանելու բան էլ չեմ տեսնում, որովհետեւ շատ տարօրինակ ու ճղճիմ բաների մասին է խոսում, որն անընդունելի է: Սովորաբար, մարդ պիտի կարողանա քննադատությունը ճիշտ ընդունել, ոչ թե իր հասցեին հնչած տեղին քննադատությունը փորձի ինչ-որ ճղճիմ, անհասկանալի օրինակներով մեկնաբանել, որն անընդունելի է»:
Aravot.am-ի այն հարցին էլ` արդյոք հնարավո՞ր է ստուգումներ սկսվեն նաեւ հանրապետականների բիզնեսներում, այլ ոչ միայն Ծառուկյանի, քանի որ նախագահը հանձնարարել ստուգել Ծառուկյանի` հարկերից խուսափելու մասին լուրերի իսկությունը, պարոն Ավետիսյանն ասաց. «Գիտեք ի՞նչ կա, նախ չմոռանանք, որ այդ մասին ես մի քանի անգամ լսել եմ Ծառուկյանի ընտանիքին մոտ կանգնած մարդկանց հայտարարությունը, որ ասել է` ինչքան ուզենք, այնքան հարկ կտանք: Այդպես չէ, ինչքան ուզենալով չէ, ինչքան երկրին օրենքով հասնում է, այդքան պիտի մարդը տա: Սա վերաբերում է բոլորին, այսինքն, որեւիցե մեկը չպետք է անօրինական դաշտում աշխատի: Եթե հավասարեցում, հավասարեցումը պետք է բոլորի համար լինի»:
Կարդացեք նաև
Մեր ճշտող հարցին` այսինքն` հնարավոր է ստուգվեն ասենք` ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական, ՕԵԿ-ական, դաշնակցական անձանց բիզնեսները, պարոն Ավետիսյանն ասաց, որ կուսակցական շեշտադրումներ անել պետք չէ, քանի որ օրենքը բոլորի համար հավասար է. «Հատկապես բյուջե մուտքագրվող գումարների մեծ մասը գնում է սոցիալական խնդիրների լուծմանը: Այսինքն այնպես չէ, որ այդ սոցիալական խնդիրների լուծման համար բյուջե քիչ փող տանք, հետո էդ փողը դնենք, օգնենք, իբր սոցիալական նպատակով ու ասենք` բարեգործ ենք»:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի` քաղաքական դաշտը մաքրելու հորդորին, մենք նաեւ հետաքրքրվեցինք` սա կտարածվի՞ հանրապետականների վրա, Սուքիաս Ավետիսյանն այսպես պատասխանեց. «Եթե վերաբերում է նման ընդհանուր խնդիրներին, ուրեմն բերեք այդտեղ դիմադիր-ընդդիմադիր բառերը չօգտագործենք: Իրոք, քաղաքական դաշտը պետք է լինի այնպիսին, որ լինի եւ կենսունակ եւ այդ քաղաքական դաշտը օգնի տնտեսության, երկրի զարգացմանը»: Ազգային ժողովում հանրապետական պատգամավորների բացակայություննե՞րն էլ են հաշվելու, խտրականություն չի՞ դրվի, մեր այս հարցին էլ պարոն Ավետիսյանն ասաց, որ ճիշտը այդպես պետք է լինի, խտրականություն չդրվի, եւ ինչ արվում է, բոլորի համար է արվում, ԱԺ-ի դերը բարձրացնելու համար է արվում, ժողովրդի համար է արվում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
հետաքրքիր է թէ ինչպես, միանգամից, բոլորն ել դարձան զուտ, մաքուր եւ առաքինի… սակայն ափսոս, գոնէ քաղաքական աշխարհում՝ մի բան որ այսքան լաւն է, չի կարող իրական լինել… ուրեմն, երեւի զարթնումը լինելու է ցաւագին… սակայն մինչ այդ՝ մի քիչ երազենք, ինչու չէ…