Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը տղայական ձեւերով դրդեց Ծառուկյանին գործողությունների շարք սկսել»

Փետրվար 13,2015 21:01

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը պնդում է, որ Սերժ Սարգսյանն է դրդել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին գործնական քայլերի դիմելու:

«Ծառուկյանը բավականին նորմալ գործընթացով էր առաջ շարժվում, աշնանը ԲՀԿ-ն մտավ քաղաքական գործընթացների մեջ, հետո գործընթացը կանգնեց, իսկ  ժամանակը խաղում էր ընդդիմության օգտին: Իսկ երբ իշխանությունը հասկացավ, որ ժամանակն իր օգտին չի գնում, սրեց իրավիճակը՝ ծեծելով, ջարդելով: Այդ սրման ժամանակ քաղաքական սխալ հաշվարկի պարագայում ԲՀԿ-ն հայտնվեց մի վիճակում, որ որպես առաջատար քաղաքական ուժ ժողովրդին պետք է մի բան ասեր, չէ՞: Խորհրդաժողով արեցին, նորմալ քաղաքական գնահատականներ տվեցին, նորմալ քաղաքական գործընթացով առաջ էին շարժվում, իսկ իշխանությունն ավելի սրեց մինչեւ վերջին հանգրվանը: Հիմա Ծառուկյանն  ուզի, թե չուզի, պետք է գործողություններ անի: Ես նախագահ լինեի, այդպիսի ելույթ չէի ունենա: Սերժ Սարգսյանը սիրում է մշտապես  զսպվածության կոչեր անել, թող առաջին հերթին  իրեն այդ կոչն անի: Նա իր երեկվա ելույթով էլ սրեց իրավիճակը, նույնիսկ տղայական ձեւերով արեց դա՝ հասկանալով Հայաստանի իրավիճակը: Իսկ Գագիկ Ծառուկյանը պետք է ինչ-որ ձեւով պատասխաներ ու ստիպված պատասխանեց: ՀԻմա էլ  ստիպված գործողությունների շարք է սկսել:  Մինչեւ հիմա եռյակը չէր հանդիպում, արագացվեց այդ ամենը»,- Aravot.am-ին ասաց պարոն Կարապետյանը:

Նա խոսքով, Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ կռիվն իրական է ու այդ կռվի մեջ մեկը մյուսին մինչեւ վերջ պետք է հաղթի. «Կհաջողի՞ Ծառուկյանին հաղթել, թե՝ ոչ, դժվար է ասել, բայց ռեսուրսներ կան, հնարավորություններ կան: Շատ բան կախված կլինի, թե տակտիկայից, թե գործելակերպից: Միակ բանը, որ շատ կարող է խանգարել, եթե հանկարծ այս ամենի հետեւում երեւա Քոչարյանը: Ծառուկյանը միանգամից կպարտվի այդ դեպքում»:

Պարոն Կարապետյանը դժվարանում է ասել, թե Ծառուկյանի իշխանափոխության նախաձեռնության հետեւում Քոչարյանն է կանգնած լուրերն ինչքանով են իրական:

Թե ինչու Սերժ Սարգսյանի ու Ծառուկյանի հայտարարությունները հրապարակվեցին Ծառուկյանի՝ Մոսկվայից վերադարձից հետո, պարոն Կարապետյանը շարունակեց. «Նախ ասեմ, որ հետեւելով Սերժ Սարգսյանի գործելակերպին՝ տպավորություն ունեմ, որ նա կտրուկ գործողությունների  չի դիմում արտաքին կոնսուլտացիաների ազդեցությամբ: Բացի դա քաղաքականության մեջ հիմա հիմնական խնդիրները չեն լուծվում այլ մայրաքաղաքներում, հիմնական խնդիրները լուծում են Հայաստանում: Ռուսները մի խոսք ունեն՝ не до них»:

«Նոր ժամանակների» առաջնորդը նաեւ նկատեց, որ օլիգարխները առհասարակ քաղաքականության մեջ հեղափոխականի կերպարում չեն լինում. «Չկա այդպիսի օլիգարխ, որ հեղափոխությունն ինքն անի, իրեն կարող են ֆինանսավորել»:

Ով է ֆինանսավորում Ծառուկյանին, նա չասաց, բայց կարծիք հայտնեց, որ իշխանությունն իր բոլոր լծակները օգտագործում է «Բարգավաճ Հայաստան« կուսակցության եւ ԱԺ խմբակցության մեջ  պառակտումներ անելու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728