Լրահոս
Օրվա լրահոսը

Միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում՝ նվիրված 1988-1990 թթ. Ադրբեջանում տեղի ունեցած հայկական ջարդերին

Փետրվար 13,2015 18:52

Փետրվարի 11-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ  Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել  է ԱՄՆ Կոնգրեսում Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի կողմից կազմակերպված միջոցառմանը՝  նվիրված 1988-1990 թթ. Ադրբեջանում տեղի ունեցած հայկական ջարդերին, ինչպես նաև հետագայում անկախ Արցախի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներին սոցիալական, տնտեսական և այլ ոլորտներում:

«Լեռնային Ղարաբաղ: Հայկական ջարդերին հաջորդած սերունդը, խաղաղության հաստատման մարտահրավերն ու ժողովրդավարության զարգացումը»  վերնագրով միջոցառմանը  մասնակցել են նաև ՀՀ դեսպանության դիվանագետները, Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչներ, ԱՄՆ Կոնգրեսական Ֆրենկ Փալլոնը, այլ կոնգրեսականների գրասենյակների ներկայացուցիչներ, Ադրբեջանից նախկին հայ փախստականներ, լրագրողներ, Ամերիկայի հայկական համայնքի անդամներ:

Բացման խոսքով հանդես եկավ գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալլոնը իր ելույթում  դատապարտեց Ադրբեջանում հայ ազգաբնակչության ջարդերը, ընդգծեց ԼՂՀ անկախության ճանաչման անհրաժեշտությունը և Արցախին ամերիկյան օգնության շարունակական տրամադրման կարևորությունը:

Միջոցառման հիմնական բանախոսներն էին ամերիկահայ իրավաբան, նախկինում Բաքվից փախստական Աննա Աստվածատրյան-Տուրկոտը, ով անդրադարձավ Բաքվի հայերի ջարդերին ու հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ոճրագործություններին, ինչպես նաև Լոս-Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի հանրային առողջապահության դպրոցի դասախոս, դոկտոր Ալինա Դորյանը, որի  ելույթը նվիրված էր Արցախին տրամադրվող ամերիկյան օգնությանն ու ԼՂՀ  առողջապահության համակարգին վերաբերող մի շարք խնդիրներին: Կարճ ելույթներով հանդես եկան  նաև մի խումբ նախկին հայ փախստականներ:

Միջոցառման ավարտին ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը  երախտագիտություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին՝ ընդգծելով ադրբեջանահայության նկատմամբ իրականացրած հանցագործության դատապարտման անհրաժեշտությունն ու Արցախի զարգացման կարևորությունը:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728