«Նախագահ Օբաման ստացել է այդ միջոցառումներին մասնակցելու հրավեր, բայց դեռ Վաշինգտոնում հստակ որոշում կայացված չէ, թե ԱՄՆ կառավարությունից ով է մասնակցելու»,-Aravot.am-ի հարցին՝ ԱՄՆ-ն ինչպիսի՞ ներկայացվածություն է ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, մանավանդ, որ Ֆրանսիան ու ՌԴ-ն հայտարարել են, որ նախագահների մակարդակով մասնակցելու են այդ միջոցառումներին, այսպես պատասխանեց ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը:
Նա հավաստիացրեց, որ երբ պարզ լինի, թե կառավարական մակարդակով ովքեր են մասնակցելու, անպայման տեղյակ կպահենք: Ռիչարդ Միլսն ասաց, որ դեսպանատունը ևս մի շարք հիշատակի միջոցառումներ կկազմակերպի, սակայն այդպես էլ խուսափեց օգտագործել ցեղասպանություն բառն ու ասաց. «Ես՝ որպես ԱՄՆ դեսպան և շատուշատ ամերիկացիներ գիտեն, որ ապրիլի 24-ի հիշատակին նվիրված միջոցառումներն ինչպիսի կարևորություն ունեն բոլոր հայերի և աշխարհի բոլոր բարի կամքի տեր մարդկանց համար: Մենք ցույց կտանք աշխարհին, որ ԱՄՆ-ն ՀՀ-ի կողքին է՝ հիշատակելու այդ սարսափելի ողբերգական իրադարձությունը, որի ժամանակ մեկ միլիոնից ավելի հայեր զոհվել ու տեղահանվել են: Ակնկալում ենք, որ ապրիլի 24-ին շատ ամերիկացիներ ներկա կլինեն Հայաստանում՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ