Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«1991-ից բոլորն էլ «քշել» են Հայաստանը»

Փետրվար 13,2015 18:10

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր աղմկահարույց ելույթում  վարչապետին հանձնարարել է ստուգել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսի շուրջ տարածված այն լուրերի իսկությունն, ըստ որի Ծառուկյանը տարիներ շարունակ չմուծված միլիարդավոր դրամ հար­կերի, տա­րեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրա­վունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկել է:

Այսօր Ծառուկյանն էլ  պատասխանել է, որ իր եւ իր մերձավորների բիզնեսը մշտապես էլ ստուգվել է: Aravot.am-ի հետ զրույցում կառավարման փորձագետ, տնտեսագետ Հարություն Մեսրոբյանը մեկնաբանում է Սարգսյան-Ծառուկյան հակամարտությունը:

-Բանն այն է, որ 1991 թվականին մենք ստեղծեցինք շատ անհաջող պետություն` պետական կառավարման իմաստով. սա մշտապես ասել եմ ու հիմա բացատրեմ: Ես չեմ ուզում թվային ցուցանիշներ բերել, որ ասենք ներկրումը 3 անգամ մեծ է, քան արտահանումը, որ սրա տարբերությունը մոտ 3 միլիարդ դոլար է: Ես չեմ ուզում ասել, որ ամեն տարի գրեթե 1 միլիարդ դոլար վճարում ենք արտաքին պարտքի սպասարկմանը, եւ քանի տոկոս է այն կազմում բյուջեի ծախսային մասում, եւ եթե դա չլիներ, բյուջեն կլիներ պրոֆիցիտով, այլ ոչ թե դեֆիցիտով: Էլ չասեմ, որ տարբեր հաշվարկներով ստվերը Հայաստանում հասնում է մինչեւ 80%-ի. սա նշանակում է, որ պետական համակարգը, որը ներդրվել է 1991 թվականին, ծայրահեղ անհաջող է: Եվ բնական է, անհաջող համակարգը ժամանակի, դինամիկայի մեջ պետք է այդ հիմնաքարը ստեղծեր` տարբեր ժայթքումներ, պոռթկումներ: Այս տրամաբանության մեջ է, որ երեւույթին հանգիստ եմ նայում, եթե նման մի բան չլիներ ես զարմացած կլինեի:

-Գագիկ Ծառուկյանը նաեւ մեղադրանքներ է հնչեցրել, որ Սերժ Սարգսյանն իր ծրագրային ելույթում մի բառ չի ասել մեր պետության զարգացման ու ժողովրդի խնդիրների լուծման մասին, եւ, չի խոսել, թե ինչու իր պաշտոնավարման տարիներին տնտեսությունը խայտառակ անկում ապրեց, արտագաղթն ու աղքատությունն ավելացան, թե ինչու է բիզնեսին տեռորի ենթարկելը պետական ծրագիր դարձել եւ այլն:

Ձեր դիտարկումն այս առնչությամբ:

-Այն բոլոր մարդիկ, որոնց մենք տեսնում ենք քաղաքական օլիմպոսում, 1991 թվից բոլորը «քշել» են Հայաստան պետությունը: «Քշել» են, ղեկը պարբերաբար իրենց մոտ եղել է: Ինչ-որ մի տարի, ինչ-որ մարդիկ եղել են` հայտարարել են, որ ընդդիմություն են, եւ հետո եկել են իշխանության գլուխ, եւ բոլորը «քշել» են: Երբ ես քաղաքական օլիմպոսից լսում եմ զարմանք կամ դժգոհություն, ես 100%-ով դառնում եմ խուլ: Ես չեմ հասկանում, երբ մարդն ավտոն քշում է, հետո գալիս, ասում` վայ «պարբրիսը» ջարդված է, վայ յուղը քիչ է, վայ «ինժեկտորը» լավ չի աշխատում, քշել է, թող այդ հարցերը լուծի: 2015 թվականի՞ն այդ հարցերը բուսնեցին:

Ես ուրիշ բաներ էլ եմ տեսնում, երբ նախկին իշխանավորները սկսում են խոսել բաներից, որոնք եղել են այն ժամանակ: Օրինակ` ընդդիմության նկատմամբ վերաբերմունքը ե՞րբ սկսվեց, 1995 թվականին, երբ զոռով-շառով ընդունել տվեցին ՀՀ Սահմանադրությունը, հետո սկսվեցին խորհրդարանական ընտրությունները, նախագահականի մասին էլ չեմ խոսում, այն դեպքում, երբ ուղիղ եթերով գերագույն խորհրդի նիստում պատգամավոր էին ծեծում: Հիմա լսում եմ, որ այն ժամանակվա կառավարիչները այսօր խոսում են մարդու իրավունքներից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728