Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող ռուսական ռազմաբազաներում պետք է ծառայեն միայն պայմանագրային զինծառայողները: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնում տեղի ունեցած առցանց ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ մեկնաբանելով Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի մասին այն տեղեկությունը, որ մինչ Հայաստան գալը նրա մոտ արդեն իսկ սակավամտություն է եղել եւ որ նման ախտորոշմամբ անձը ուղարկվել է Հայաստան՝ ռուսական ռազմաբազայում ծառայելու:
«Պայմանագրային զինծառայողներին ավելի խստորեն են ընտրում: Այդ պարագայում նման դեպք տեղի չէր ունենա: Շատ ավելի հավանական է, որ այստեղ կային շատ լուրջ կենցաղային պատճառներ՝ կապված հենց Չիտայի, ոչ թե Գյումրիի հետ: Նաեւ վստահ չեմ, որ հենց Պերմյակովն է կատարել այդ սարսափելի հանցագործությունը»,- պատասխանեց փորձագետը:
Հարցին, թե արդյոք ճի՞շտ է համարում, որ Պերմյակովին չեն փոխանցել Հայաստանի իրավապահ մարմիններին, բանախոսը պատասխանեց, որ Պերմյակովը ռազմական հանցագործություն է կատարել, քանի որ լքել է զորամասը եւ իր մոտ ունեցել է զենք. «Այն ինչ կատարվել է Գյումրիում, կարծում եմ կապված է եղել նախկինում Չիտայում տեղի ունեցած որոշ հանգամանքների հետ»:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչի՞ կհանգեցնի ռուսական զորքերի դուրսբերումը Հայաստանից, ռազմական փորձագետը վստահեցրեց, որ ներկա դրությամբ Հայաստանի եւ ԼՂՀ ուժերը կարող են ինքնուրույն պաշտպանել Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի հետ հակամարտության պարագայում. «Չեմ կարծում, որ Բաքուն այնքան առավելություններ ունի, որ կարողանա ինքնուրույն վերցնել Լեռնային Ղարաբաղը: Այլ բան է Թուրքիան, որն այնքան լուրջ ռազմական ներուժ ունի, որ լայնածավալ զինված հակամարտության դեպքում հնարավոր կլինի ինչ-որ բան հակադրել դրան»:
Կարդացեք նաև
Պրն Եվսեեւը վստահեցնում է, որ հենց Թուրքիային դիմադրելու համար էլ պետք է Գյումրիի ռուսական ռազմաբազան. «Այն մարդին, որոնք կոչ են անում դուրս բերել ռուսական ռազմաբազան կամ դիլետանտներ են, կամ մարդիկ են, որոնք աշխատում են ոչ հայկական պետական շահերի համար»: Բանախոսը վստահ է, որ հաշվի առնելով Թուրքիայի հանգամանքը, հենց Ռուսաստանն է համարվում Հայաստանի անկախ պետականության պահպանման երաշխիքը:
Պատրաստեց Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ինչպես Կարսի ռուսական կայազորն էր պաշտպանում …