Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է սահմանամերձ Տավուշի մարզ

Փետրվար 13,2015 17:34

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով  մեկնել է Տավուշի մարզ, որտեղ մարզպետ Հովիկ Աբովյանի հետ միասին անցկացրել են  ընթացիկ տարվա գյուղատնտեսական ծրագրերի քննարկմանը նվիրված խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա էին  նաև,  համայնքապետեր և ջրային ոլորտի և  այլ պատասխանատուներ:

Ներկայացնելով մարզում գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր վիճակը, նախարարը նշել է, որ չնայած վերջին տարիներին մարզում գրանցված դրական միտումներին, անհրաժեշտ է օգտագործել մարզում առկա ողջ ներուժն ու միջոցները ավելի բարձր արդյունքների հասնելու համար:

Անդրադառնալով մարզում վարելահողերի օգտագործման մակարդակին` նշեց, որ  Տավուշի մարզում առկա 25605.7 հեկտար վարելահողերից 2014 թվականի օպերատիվ տվյալներով մշակվել է 15482 հա (60.5 %), նախորդ տարվա համեմատ 175 հա ավել, իսկ այս տարի ըստ կանխատեսումների կմշակվի 16462 հա, նախորդ տարվանից 980 հեկտարով ավել:

Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ պետությունը հետևողական է  տարբեր աջակցության ծրագրեր իրականացնելու գյուղատնտեսության ոլորտում: Այս տարի նույնպես գյուղացիական տնտեսություններին կտրամադրվեն մատչելի գներով պարարտանյութեր, դիզելային վառելիք և բարձր վերարտադրության սերմացու` նպատակ ունենալով նպաստել հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալ­նե­րի ավելացման միջոցով գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրաց­ման­ը:

«Մեր առանձնահատուկ և ամենօրյա հոգածության ներքո են գտնվում հատկապես սահմանապահ համայնքները, որտեղ խնդիրները հասկանալի պատճառներով շատ ավելի ցավոտ են և մտահոգիչ: Կարևորելով այս հարցը` Տավուշի մարզի թվով 24 գյուղական համայնքներ, որոնք մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեն, այս տարի ազատվել են հարկերից»,-իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Սա լայն հնարավորություն է ստեղծում համայնքի բնակիչների համար գյուղատնտեսության ոլորտում փոքր արտադրական կազմակերպություններ հիմնել, քանի որ արտադրության կազմակերպումը` անկախ այն հանգամանքից, թե որտեղ է իրացվում պատրաստի արտադրանքը, ազատվում է հարկերից:

Տավուշի մարզն ընդգրկված է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրում (CARMAC 2), որն արդեն իսկ մեկնարկել է: Ծրագրի «արժեքային շղթայի զարգացման» բաղադրիչը նպատակ ունի ապահովել կաթի, մսի, մրգի, բանջարեղենի, բարձրարժեք հատապտղի և մեղրի արտադրության ոլորտներում իրացվող և արտահանվող արտադրանքի ծավալային աճը: Ծրագրով նախատեսվում է ընդհանուր առմամբ ֆինանսավորել 80 ծրագիր՝ յուրաքանչյուրի ֆինանսավորման չափը 8000-50.000 ԱՄՆ դոլար: « Այս ծրագիրը Տավուշի մարզի համար անչափ կարևոր ծրագիր է և անհրաժեշտ է օգտվել ընձեռված հնարավորությունից»,- ելույթի ավարտին նշել է նախարարը:

Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրվեց Տավուշի մարզի «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի արտադրության և կոմերցիայի գծով տնօրեն Ռոբերտ Նավասարդյանը, իսկ ոլորտի մի խումբ այլ ներկայացուցիչների հանձնվեցին շնորհակալագրեր:

Այնուհետև նախարարը մարզպետի ուղեկցությամբ այցելել  է սահմանամերձ Բերքաբեր համայնք, հանդիպել բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը: Համայնքի բնակիչները նախարարին տեղեկացրել են, որ նրանք օգտվում են պետական աջակցության ծրագրերից, սակայն դեռևս ունեն խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն, այդ թվում` նաև ոռոգման ջրի խնդիրը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցի վերջին կանգառը Սարիգյուղ համայնքում էր: Համայնքապետը նախարարի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է, որ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի (CARMAC) շրջանակում գյուղում հիմնվել է գյուղատնտեսական  կոոպերատիվ, ինչը դրական քայլ է համայնքի բնակիչների խնդիրներին առավել արդյունավետ լուծումներ տալու տեսանկյունից: Սակայն նրա խոսքով առավել մտահոգիչ է տեխնիկայի մաշվածության և բացակայության հարցը, հատկապես համայնքի համար հրատապ է հացահատիկահավաք կոմբայնի ձեռքբերման խնդիրը: Նախարարն ի պատասխան խոստացավ ծրագրի շրջանակներում լուծում տալ խնդրին:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Հետաքրքիր է, գյուղնախարարը վարելահողերի վերաբերյալ թվերը հրապարակելուց առաջ ինչ աղբյուրներից է օգտվել ու գոնե սահմանամերձ Բերքաբեր գյուղ գնալու ճանապարհին մի կտոր վարած հող տեսել է թե ոչ: Նշված 60,5 % -ը նկարված թիվ է, որի հիմնադիրը նախկին մարզպետն է: Ներկայիս մարզպետն էլ կուրորեն ստորագրում է այն բոլոր փաստաթղթերը, որոնք մարզպետարանի գյուղվարչության կողմից է մատուցվում: Պարոն նախարար, հարկավոր է զերծ մնալ մարզպետի ներկայացված կեղծ թվերից ու իրավիճակը հստակեցնելու համար գյուղնախարարության մասնագետների միջոցով ստուգումներ իրականացնել: Ինչ վերաբերվում է ծրագրերին, ապա այստեղ առավել զավեշտալի իրավիճակ է տիրում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728