Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը «աստղերի» տե՞ղն են իրենց դրել

Փետրվար 13,2015 17:10

«PR-ի զարգացման հայկական կենտրոնի» ղեկավար, քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Հայկ Կիրակոսյանը, վերլուծելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները՝

չի բացառում, որ ՀՀԿ-ԲՀԿ «հակամարտությունը» բեմականացում է` հակառակ դեպքում, «քաղաքական գործիչ-գործարար» Գագիկ Ծառուկյանի հետ, որը մեր երկրում ունի Կոնյակի գործարանը եւ շատ ու շատ այլ բիզնեսներ, ավելի հեշտ էր բանակցելու ճանապարհով «լեզու գտնել», քան թե գործը հասնի նրան, որ իր նկատմամբ գնան «կոշտ մեթոդների»:

11004075_790307257719987_91998332_n

Aravot.am-ի հարցին, թե գուցե Գագիկ Ծառուկյանն արդեն ապահովագրել է իր եւ մտերիմների բիզնեսը, ունեցվածքի մեծ մասը երկրից հանել է, եւ հանուն իշխանության պատրաստ է Կոնյակի գործարան կորցնել` հետ բերելու ակնկալիքով, Հայկ Կիրակոսյանն ասաց. «Եթե հարցն այդ տեսանկյունից դիտարկենք, ապա պետք է կշեռքի նժարին ճիշտ դնել, հասկանալու, որ բացի Կոնյակի գործարանից է՞լ ինչ է մնացել, լինում են դեպքեր, որ ոչ միայն Կոնյակի գործարանը կարող ես կորցնել»: Ըստ պարոն Կիրակոսյանի, կան քաղաքական գործիչներ, որոնք պատրաստ են գնալ մինչեւ վերջ, կան գործիչներ էլ, որոնք պատրաստ չեն մինչեւ վերջ գնալու. «Հիմա չասեմ` ով` ով է: Ես չեմ կարծում, որ այստեղ որեւէ ուրիշ եղանակ չկար միմյանց հասկանալու եւ միակ տարբերակը հանրային դարձնելն էր այս ամենը` նպաստելով ԲՀԿ-ի վարկանիշի բարձրացմանը: Չէ՞ որ հենց հանրապետականի ներսում հասկանում են, որ նման քայլը, առաջ էր բերելու ԲՀԿ-ի վարկանիշի բարձրացում եւ համակրանք դեպի նա, ում վրա հանրապետականը քար կնետի»:

PR մասնագետը, ՀՀԿ-ԲՀԿ հրապարակավ միմյանց մեղադրելու գործելաոճը նմանեցնում է հայտնի «աստղերի» սիրած մեթոդին, երբ մեկը մյուսին

վիրավորում են թույլատրելիի սահմաններում եւ ամբողջ մեկ շաբաթ վիրավորողը եւ վիրավորվածը դառնում են ամբողջ համացանցի, մեդիայի եւ հանրության քննարկման թեման. «Սա տեխնոլոգիա է: Կեսը անցնում են վիրավորողի, կեսը` անցնում են վիրավորվողի կողմը: Բայց հաշվի չեն առնում, որ վիրավորանքին նախորդող օրը, հնարավոր է, նրանք, միասին սրճարանում սուրճ էին խմում եւ քննարկում էին` ոնց միմյանց վիրավորեն, որպեսզի դա առավելագույն հասարակական հնչեղություն ստանա: Բազում են լուսանկարները, տեսանյութերը, ելույթները, որտեղ երեւում է, թե ինչպես են կողմերը մրցանակներ, նվերներ, մեկը մյուսին շնորհակալագրեր հանձնում»:

Իսկ թե ինչի համար է այդ «բեմականացումը», Հայկ Կիրակոսյանն այսպես է բացատրում. «Այս շրջանում, քանի որ մենք ունեինք նոր բեւեռ, հակակշիռ ստեղծելու խնդիր, սպասվող հարյուրամյակի առիթով որոշակի խժդժությունները կանխելու կամ վերահսկելի դարձնելու համար, ինչպես նաեւ առաջիկայում ընտրություններ են եւ երկրորդ նախագահի վերադարձի, եթե այդպիսի ծրագրեր ունի, որոշակի հող նախապատրաստելու համար, ապա սա, իրոք, բավական հետաքրքիր շախմատի եւ PR-ի համադրություն էր, շատ գեղեցիկ, որը հնարավորություն է տալիս մարդկանց մի հսկայական զանգվածի, թեքել ԲՀԿ-ի կողմը: Այսինքն` ԲՀԿ-ի վարկանիշի բարձրացումն ինքնանպատակ չի լինում եւ բացի այդ, դիմացինին էլ թեքել ՀՀԿ-ի կողմը: Հետաքրքիրն ու հատկանշականն այն է, որ այն բոլոր քաղաքացիները, ուժերը, որոնք դեռ չգիտեին, մոլորության մեջ էին կամ չէին կողմնորոշվում ուր գնալ, ինքնըստինքյան թեքվում են կոնկրետ, նախասահմանված ուղղությամբ: Այսինքն` ինչ-որ բանի սպասող քաղաքացիներն արդեն դառնում են վերահսկելի ու կառավարելի, որովհետեւ մենք նմանատիպ, ծայրաստիճան լարվածություն տեսել էինք նախորդ` 2008-ի նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ ԲՀԿ-ն առաջին հայացքից դառնում էր անվերահսկելի, ընդդիմություն, բայց հետո ոչինչ չխանգարեց նրան, որպեսզի միանա ու կոալիցիա կազմի»:

Հայկ Կիրակոսյանի խոսքերով. «Ոչ մի երաշխիք որեւէ մեկս չունենք, որ սա խաղ չէ, հաշվի առեք` ինչ է դրված կորին` բարձրագույն իշխանություն, հսկայական ֆինանսական միջոցներ ունենալու եւ դրանք չկորցնելու հեռանկար եւ այլն, ապա այսպիսի մի բեմականացում կազմակերպելն իրոք որպես PR տեխնոլոգիա կարելի է դիտել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գարեգին says:

    պարզ է թէ պատրաստվում են Քիմ Քարտաշյանի յառաջիկա այցելության Երեւան…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728