Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ամուսնալուծությունների թվի աճ է գրանցվել

Փետրվար 13,2015 18:07

Այսօր՝ փետրվարի 13-ին,  «ԴԻԱԼՈԳ» մամուլի ակումբում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են՝ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գործակալության (ՔԿԱԳ) պետ Արգամ Ստեփանյանը, ամուսնալուծությունների գծով փաստաբան Լիաննա Բալյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը:

Բանախոսները  ներկայացրել են ամուսնությունների և ամուսնալուծությունների անցած տարիների վիճակագրական պատկերը Հայաստանում, իսկ հոգեբանը  խոսել է ամուսնալուծությունների հիմնական պատճառների մասին:

Արգամ Ստեփանյանի խոսքով, եթե 2012 թվականին եղել է տարեկան շուրջ 3400 ամուսնալուծություն, իսկ 2013 թվականին  դրանց թիվը 3900 էր, ապա 2014 թվականին ամուսնալուծությունների թիվը հասել է մինչև 4600-ի:

Փաստաբան Լիանա Բալյանը նշել է, որ վերջին տարիներին ամուսնալուծվում են հիմնականում 90-ական թվականներին ծնվածները:

Նրա տեղեկացմամբ՝  ամուսնալուծությունների թվի աճին նպաստել են   արևմտյան բարքերն ու երիտասարդների կողմից   ընտանեկան արժեքների ստորադասումը, սոցիալական ցանցերի դերը, արտագնա աշխատանքը, ինչպես նաև օրենսդրական թերությունները:

Լիանա Բալյանը կարևորեց նաև հոգեբանի ներկայությունը դատական վեճերի ժամանակ:

Հոգեբան Իրինա Ծատուրյանի համոզմամբ՝ ամուսնալուծությունների հիմնական պատճառներից մեկը նաև այն է, որ երիտասարդների մեծ մասը լրջությամբ չի մոտենում ամուսնությանը:

Իրինա Ծատուրյանը նշել է,որ իր պրակտիկայում հանդիպել է շատ զույգերի, որոնց հետ տարած հոգեբանական աշխատանքից հետո նրանք հրաժարվել են ամուսնալուծվելու մտքից, և միայն զույգերի 5 տոկոսն է, որ գնացել է այդ քայլին:

Քննարկման արդյունքում, երեք բանախոսներն էլ պայմանավորվեցին հետագայում համագործակցել միմյանց հետ և Հայաստանում զարգացնել մեդիացիայի ինստիտուտը:

Մեդիացիան վեճերի այլընտրանքային լուծման մեթոդ է: Այն չեզոք միջնորդի մասնակցությամբ բանակցությունների առանձնահատուկ ձև է, որի նպատակը կառուցողական որոշման որոնման խրախուսումն է:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728