Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարդիկ չպետք է բողոքեն, որ ավարտել են և չունեն աշխատանք». Արմեն Աշոտյան

Փետրվար 13,2015 16:50

«Վերջին 4-5 տարվա ընթացքում մենք կարողացել ենք քոլեջներում և ուսումնարաններում սովորողների թիվն ավելացնել մոտ 7000-ով, որը բավականին լավ արդյունք է»,- ասում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարն այսօր աշխատանքային այցով եղավ Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջում, հանդիպեց ուսանողների և դասախոսների հետ, ծանոթացավ տեղի ուսումնական և արտադրական հնարավորություններին:

Լրագրողների հետ զրույցում պարոն Աշոտյանն ուրախությամբ նկատեց, որ վերջին տարիներին երիտասարդները սկսել են հետաքրքրվել նաև տարբեր արհեստներով. «Մենք մեր կրթական քաղաքականության շրջանակներում շեշտադրում ենք անում մասնագիտական կրթության վրա և տեսնում ենք պտուղները: Այդ պտուղները ոչ միայն նյութատեխնիկական արդիականացման արդյունքներն են (ժամանակակից լաբորատորիաներ, համակարգչային սենյակներ, առողջապահական սարքավորումներ և այլն), այլև ուսանողների թվի աճը:

Ես շատ ուրախ եմ, որ մեր երիտասարդները սկսել են ռացիոնալ ընտրություններ կատարել՝ կոնկրետ արհեստ սովորել: Մենք վերջին տարիներին ավելացրել ենք պետական պատվերն այս ոլորտում, հանել ենք ընդունելության քննությունները, և ուսանողը կարող է անվճար մասնագիտական կրթություն ստանալ: Քննությունների վերացումը, ահա, բերեց մարդկային մեծ հոսքի ավելացման և կոռուպցիոն ռիսկերի կտրուկ նվազման»,- ասաց Ա. Աշոտյանը:

Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի տնօրեն Անահիտ Մելքոնյանն էլ է ասում, որ այս հաստատություն դիմողների թիվը վերջին 2-3 տարիներին ավելացել է. «Հիմա շուրջ 350 ուսանող ունենք, որոնց 60%-ը պետպատվերով է սովորում, իսկ ուսման վարձավճարը 130-150 հազար դրամի սահմաններում է»,- նշեց քոլեջի տնօրենը:

Ա. Աշոտյանը, սակայն, ցավով նկատեց, որ ինչքան էլ երիտասարդներն այսօր ավելի շատ են դիմում քոլեջներ և ուսումնարաններ, միևնույն է, դեռևս չի հաջողվում փոխել ծնողների մտածելակերպը, այն է՝ եթե ավարտական փաստաթուղթը բարձրագույն հաստատության դիպլոմ չէ, ուրեմն՝ կրթություն չէ: «Բայց չէ՞ որ ավելի լավ է լինել հմուտ ոսկերիչ կամ դիմահարդար, վարսահարդար, ունենալ երաշխավորված աշխատանք, ստանալ բարձր աշխատավարձ, քան համալրել դիպլոմավորված գործազուրկների (տնտեսագետներ, մանկավարժներ, լեզվաբաններ, բժիշկներ) շարքերը»,- ասաց կրթության և գիտության նախարարը՝ ընդգծելով, որ մարդիկ չպետք է բողոքեն, որ ավարտել են և չունեն աշխատանք, քանի որ, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728