Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը վիրավորվել է Ծառուկյանի «ուզուրպացրած անձ, կաշառակերներ» արտահայտությունից

Փետրվար 13,2015 16:46

«Ես համամիտ չեմ, որ պատերազմ է հայտարարվել: Պատերազմ կարող ենք հայտարարել սահմանում կանգնած թշնամիներին: Սա քաղաքականություն է, եւ մենք ունեք մեր պատկերացումները, մեր ծրագրերը: Թե ով դա ընդունել է որպես պատերազմ կամ մարտահրավեր՝ դա իր խնդիրն է: Միգուցե ճիշտ կամ լավ չի հասկացել: Ընդամենը ժամանակն է, որ ամեն ինչ փորձենք կանոնակարգենք, որ այս տարիների ընթացքում ինչ կուտակվել է՝ լավ, վաղը կհասկանանք, կգնանք առաջ, վաղը կլինի մեր ընդհանուր խաղի կանոնների տիրույթում…տեսնում ենք, որ յուրաքանչյուր վաղը դառնում է հաջորդ վաղը: Իհարկե, ժամանակ չկա, կարծում եմ նաեւ ուշացել ենք: Սա իմ անձնական տեսակետն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր,ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն այսպես պատասխանեց մեր հարցին՝ կապված Սերժ Սարգսյանի՝ Գագիկ Ծառուկյանին նետած մարտահրավերի, եւ վերջինիս արձագանքի հետ::

Hovhannes_Sahakyan-2

Հովհաննես Սահակյանն ասաց, որ Սպիտակում հարցադրումներ են հնչում՝ լավ, եթե Գագիկ Ծառուկյանը իշխանության մեջ է, իրենց հետ է, ինչպե՞ս է լինելու. «Այդ հարցերի պատասխանը ես չունեմ: Ես ոչ ուրախ եմ, ոչ տխուր եմ, շատ ավելի հանգիստ եմ շատ ավելի վստահ եմ, որովհետեւ որպես պատգամավոր, որպես մարդ, որպես քաղաքական գործիչ գիտեմ նաեւ իմ անելիքը: Այլապես ասում ենք այլընտրանք, ասում ենք՝ չի հայտարարել, որ ընդդիմություն է, բայց շատ ընդդիմադիրներից ավելի ընդդիմադիր են: Եվ երբ մենք փորձում ենք հակադարձել քննադատությանը, ընդունելով նաեւ մեր մեղքի բաժինը, շատ ժամանակ մեզ ուղղակի թույլ չի տրվել: Փորձել ենք քաղաքական դաշտում հանդարտ իրավիճակ ստեղծենք»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ հիմա դա ասվեց, Սերժ Սարգսյանի համբերության բաժակը լցվե՞ց՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ եթե նայենք խորհրդաժողովը, բոլոր հարցերի պատասխանն այդտեղ է: Հենց խորհրդաժողովում հնչած ելույթներից է Սերժ Սարգսյանը բարկացել. «Փորձեք նյարդերն անջատել եւ լսել, թե ովքեր են խոսում ինչի մասին: Ովքե՞ր, սկսած ԲՀԿ ղեկավարից մինչեւ այն մարդիկ, ովքեր նախկինում նույն Բարգավաճը որեւիցե մի բանի տեղ չի դրել իրեն, բայց այսօր առաջին շարքերում նստած համաժողով են ղեկավարում, խոսք են ասում, խոսքն էլ բացառապես վիրավորանք է»:

Մեր դիտարկմանը, որ խորհրդաժողովի ժամանակ անձնական վիրավորանք չի հնչել Սերժ Սարգսյանի հասցեին՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Անձնական վիրավորանքը ո՞րն է: Ուզուրպացրած անձ, ուզուրպատորները, կաշառակերները: Այսինքն, էլ ի՞նչ պիտի ասեին, կարո՞ղ ենք իմանալ: Այսինքն, պետք է հայհոյեի՞ն»:

Մեր դիտարկմանը, որ համենայնդեպս, «տգետ, Դոդի Գագո» չեն ասել, մականուններին չեն անդրադարձել՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Հասկանում եմ հարցադրման իմաստը, հասկանում եմ, որ ժամանակն է իրերն իրենց անուններով կոչենք: Ես անձամբ կողմ եմ ավելի բովանդակային եւ արժեքավոր քաղաքական պայքարի: Եթե իրենք մականուններով պետք է խոսեն, ցույց տան, մատնանշեն մեր շարքերում մարդկանց, որոնք տեղեկություն ունեն, որ հարկեր չեն վճարում, ուրեմն պետք է բարի լինեն նաեւ մտածեն, որ միգուցե իրենք էլ այդ հարկերը չեն վճարում»:

Մեր հարցին՝ երբ Սերժ Սարգսյանն ասում է, որ վաղվանից Հայաստանում այլ իրավիճակ է լինելու, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, դա ՀՀԿ-ի շարքերին վերաբերո՞ւմ է, դա վերաբերո՞ւմ է Սամվել Ալեքսանյանին, գեներալներին, Մհեր Սեդրակյանին՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Մենք խաղի կանոններ սահմանելիս սահմանում ենք բոլորի համար: Կարծում եմ, մենք պետք է լինենք աչալուրջ եւ հետեւողական: Այո, եթե մարդիկ փորձում են իրենց աչքի գերանը չտեսնելով՝ քո աչքի փուշը ցույց տան, կամ մի փոքր խնդիրը դարձնել չգիտեմ ինչ եւ քաղաքական գործընթացներ տանել, մենք քաղաքական ուժ ենք, թիմ ենք, մենք ունենք մեր ծրագրերը: Եթե ես խոսում եմ կաշառակերությունից, խոսում եմ երկիրը թալանելուց, խոսում եմ անօրինական հարստանալուց, ուզուրպացիա անելուց, դա համաժողովի ընդհանուր տեսակետն է: Եթե ես մի միջոցառում եմ կազմակերպում, պարտավոր եմ վերահսկել այնտեղի իրավիճակը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գարեգին says:

    նուրբ, դիւրազգաց, զգայուն մարդ է, Ծառուկյանը… հոգիով մանուկ, սրտով փափուկ, խորքում՝ մի ռոմանտիկ բանաստեղծ է… չպիտի էսպես վիրաւորել… սիրուն չի…

  2. Artur says:

    Շատ սահուն կերպով շեղվեց վերջին հարցից,թոխմախների ու լֆիկների հետ կապված:Կեցցես:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728