Վերջերս իմացա, որ կյանքից հեռացել է Մյասնիկ Հակոբյանը: Նա հայտնի էր «Պրեզիդենտ» մականունով: Իսկ «Պրեզիդենտ» մականունը նրան «մեղսագրվեց» այն ժամանակ, երբ նախկին ոստիկանը, հետագայում «Հայկ» կոոպերատիվ բանկի հիմնադիրը հանդգնեց 90-ականներին իր թեկնածությունն առաջադրել նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին…
«Պրեզիդենտն» իրականում այդ շրջանի թիվ մեկերից մեկն էր, մտավորականները ջանք չէին խնայում նրան հաճոյանալու, նրան իրենց ծառայությունները առաջարկելու համար:
«Պրեզիդենտն» արկածային մտածողություն ուներ, նույնպիսին էին իր ստեղծած տարօրինակ անուններով կառույցները՝ «Երկունք» անունով տպագիր թերթը, «Սուրհանդակ» քաղաքական -վերլուծական կենտրոնը, նա հիմնեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը եւ որպես բանկիր մտադիր էր ՀԱԿ անունով իր դրամական միջոցն ունենալու:
Մ. Հակոբյանը կարող էր իր կողքը շուրջօրյա քծնանքի ելածներին համոզել, որ արեւն իր ուզած պահին իր բակի պատուհանից իր ասածով կարող է մայր մտնել, կամ գիշերվա մեկին էլ նորից շողշողալ, մեքենաները կարող են լիցքավորվել ինչպես Մասիվի, այնպես էլ Ավանի ցայտաղբյուրից վերցրած ջրերով, ոչ թե բենզինով:
Նա գրում էր բանաստեղծություններ, որոնք, ասես, այլմոլորակայինների մասին լինեին: Բայց նա ժպիտ էր հարուցում, եւ նրա դեմ մարդիկ չէին չարանում:
«Պրեզիդենտի» քաղաքական ասպարեզ մտնելուց հետո սկսվեցին տարատեսակ ստուգումները նրա ղեկավարած հիմնարկներում, ի վերջո՝ նա հայտնվեց կալանավայրում:
Նրանք, ովքեր ողջ օրը սազը ձեռքներին նրա գովքն էին անում, նրան եւ նրա ընտանիքը թողեցին մենակ:
Նա մի քանի անգամ հայտնվեց կալանավայրում, իսկ երբ դուրս եկավ, որեւէ մեկին չէր կարող այլեւս հիշեցնել իր փայլուն անցյալի մասին. նոր մարդիկ էին եկել, նոր անուններով:
Ամեն բան փոխվեց, սակայն, թե ազատության մեջ, թե կալանավայրում չփոխվեց նրա վաստակած մականունը, որին այնքան հավատում էր…