Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գիժ Աշոտը (պատմվածք)

Փետրվար 13,2015 15:20

Աշոտը գիժ էր…  թե՛ ձմռան բքին, թե՛  ամռան տապին, նա չէր բաժանվում իր ականջավոր  գլխարկից, ու հաստ վերարկուից: Ճաշոտ, երկար  մորուքով, ձեռքին կիսատ-պռատ սիգարետով՝ ողջ օրը շրջում էր՝ քթի տակ մռթմռթալով:

Հավանաբար Աշոտի հոգեկան հիվանդությունը ի ծնե էր, քանի-որ իր միակ հարազատը՝ քույրը, ևս տարօրինակ վարքագիծ ուներ:

Աշոտը «խելոք» գիժ էր, բայց ժամանակ առ ժամանակ դիվային դաժանություն էր արթնանում մեջը:

Հայտնի չէ, թե ինչպես, բայց Աշոտը մի խոճկոր էր ձեռք գցել, ու մի այծ: Խոճկորին կերակրել, մեծացրել էր՝ դարձրել հսկա խոզ… անվանակոչել էր նրան ու պահում էր իր գետնափոր տնակում: Իրար կողքի էին քնում-արթնանում՝ հատակին:

Հարևանները շատ անգամներ հորդորեցին Աշոտին, որ մորթի հսկա խոզին և միսը վաճառի: Դրանով   կկարողանար գոնե որոշ ժամանակ իրենց ապրուստը հոգալ, սակայն Աշոտը շատ էր սիրում Մաշին, ու  անդրդվելի էր՝ երբեք չէր մորթի: Արդյունքում խոզը տարիներ հետո սատկեց ծերությունից կամ հիվանդությունից:

Այծի բախտը ավելի քիչ էր բերել, մի օր հարևանները նկատեցին կենդանուն ծառից կախած՝ Աշոտն էր կախել:

«Աշո՛տ, ինչի՞ ես կախել էդ խեղճ կենդանուն»,- հարցնում էին հարևանները:-«Իրան խելոք չէր պահում՝ պատժել եմ»,-լինում էր Աշոտի պատասխանը: Օրեր անց Աշոտը հենց իրենց բակում «թաղում» էր կազմակերպել այծի համար:

Այսպես էլ ապրում էր նա, միայն իրեն հայտնի ու հասկանալի մի աշխարհում:

***

Գարուն էր: Աշոտը սիրահարվել էր…

Սերը այնպիսի բան է, որ դիպում է ցանկացածին` առանց ստուգելու գլխի պարունակությունը: Աշխարհում շատ են դեպքերը, երբ մարդիկ խենթացել են սիրուց` դրա մասին գրել են պոետները: Իսկ ի՞նչ կարող է լինել, եթե Աշոտի նման խենթը սիրահարվի: Այս պարագայում հետևանքներն անկանխատեսելի են:

Հերիքնազի թոռը՝ Հեղինեն, ամառային արձակուրդներին  հյուր էր եկել տատի տուն: Աշոտը տեսել ու սիրահարվել էր: Եկել տատին ասել էր, թե.« Պիտի թոռանդ տաս ինձ, ես թագավոր եմ, կտանեմ, թագուհու պես կպահեմ»: Տատը ճվճվացել, քշել էր Աշոտին, բայց վերջինս իր հիվանդ գլխում ծագած այս մտքից չէր կարողանում ազատվել: Շուրջը գեղեցիկ բնություն, ջերմություն, սեր էր:

Հետո ինչ, որ Աշոտը գիժ էր, նա էլ սիրտ ուներ…:

Երկուշաբթի օր էր: Հերիքնազը սովորականի պես գնացել էր աշխատանքի, հանկարծ թոռը զանգահարեց շնչակտուր, թե.« Տատի հասի գիժ Աշոտը աստիճանը դրել, բարձրացել  է դարպասի վրա,  ուզում է մեր բակ ցատկել»:

Տատը զանգեց ոստիկանություն, ու վազեց տուն: Ոստիկանները Աշոտին իջեցրին դարպասի վրայից, մի երկու թաթալոշ տվեցին, տեղավորեցին մեքենայի բեռնախցիկը (որ մեքենան չկեղտոտի), ու տարան բաժին: Ճամփին նա գոռում էր.

«Արա՛, ես թագավոր եմ, բա՛ց թողեք ինձ, թե չե սաղիդ գործից կհանեմ՝ սոված կսատկեք»:

Բաժանմունքում, մինչ Հերիքնազը ցուցմունք էր գրում Աշոտի դեմ, վերջինս միջանցքի պատուհանագոգին հարմարվել, մուշ-մուշ քնել էր…

« Վա՜յ հողերս գլխիդ, երանության մեջ կորեցիր հա՛, հազիվ մի օր մաքուր տեղ պառկեցիր քնեցիր….»,-ասաց Հերիքնազը՝ նրա կողքով անցնելիս:

Ոստիկանությունում տեղեկացրին, որ նրան երկար չեն կարող պահել մեկուսարանում՝ բավարար պատճառներ չունեն:

Հերիքնազը ստիպված եղավ  թոռանը ուղարկել աղջկա տուն՝ շառից հեռու:

Շուտով Աշոտը վերադարձավ: Նրա հոգեկան վիճակը ավելի էր սրվել՝ ագրեսիվ էր դարձել: Հիվանդությանը գումարվել էր կոտրված սիրտը:

Առաջին իսկ օրը նա անխնա ծեծեց  հիվանդ քրոջը: Հետո կտրեց իրենց բակի ծառերը:

Հեռվից հեռու, որ մարդ էր տեսնում՝ քարն առնում ու շպրտում էր վրան:

Ինչ վերաբերվում է  Հերիքնազին՝ ապա նրան Աշոտը ընդհանրապես արգելել էր իր տան կողքով անցնել:

Բակի երեխաները, միայն, դեռ չէին նկատել այն փոփոխությունը, որ տեղի էր ունեցել Աշոտի հետ: Նրանք առաջվա պես գժվացնում ու ծիծաղում էին վրան: Բայց նա արդեն առաջվա անշառ խելառը չէր:

Օրը սկսվել էր սովորականի պես:

Ողբը չէր դադարում հարևան տանը:

Այս անգամ «իրեն խելոք չէր պահել» հարևանի երեխան, և Աշոտը «պատժել էր» նրան:

Կատարվածից հետո միայն գիժ Աշոտին փակեցին հոգեբուժարանում, որտեղ նա անցկացրեց մնացած կյանքը:

 

 Մարինե  ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728