Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» Գյումրու գրասենյակի պատասխանատու Վահագն Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ թե՛ նախագահի, եւ թե՛ բոլոր ՀՀԿ-ականների ելույթները զգացմունքային էին: Ըստ նրա, զգալի էր, որ նրանք սթրեսի մեջ են:
«Եթե հայտարարում ես մի բան, որը քո համար նորություն չէ, բայց հիմա նոր ես որոշել ստուգումներ անել տարիների չարաշահումները բացահայտելու համար, ուրեմն դու հանցագործություն թաքցնողն ես: Երկրի նախագահին վայել չէ մականուններով խոսել ու դիմացինի ինտելեկտուալ կարողությունները վերլուծել: Նախ` նա պիտի իր շուրջբոլորը նայի, իր կուսակցության անդամները ինտելեկտով փայլող անձնավորություննե՞ր են, քանի՞ տոկոսն են գրագետ, եթե գրագետ են, ինչո՞ւ են այս վիճակին հասցրել…Նախագահն էնպես էր խոսում, կարծես ինքը ինտելեկտուալ ակումբ է գլխավորում: Լավ կանի, նա իրեն շրջապատող մանկամիտներին էլ տեսնի: Նույն չարաշահումների պահով էլ, նախագահը, որ շուրջբոլորը նայի, շատ ավելի հետաքրքիր, հետաքննության արժանի փաստեր կհայտնաբերի: Թող իրենց մասին խոսեն, նոր մատնացույց անեն ուրիշներին: Ինձ համար նաեւ անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է երկրի նախագահն արգելել Դոդի Գագո անվան օգտագործումը, էդ ինչպե՞ս է ստացվում, շրջում է ամբողջ Հայաստանով ու բերաններն է փակո՞ւմ …», – հարցնում է մեր զրուցակիցը:
Վերջինս չի բացառում, որ հաջորդ քայլը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելը կլինի: Ըստ նրա, թեեւ դա Ազգային ժողովի լիազորությունն է, սակայն ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում եւ չի բացառվում, որ հենց նման քայլի գնան: Վահագն Հովհաննիսյանի ասելով, այն մարդիկ, որոնք չեն ենթարկվում նախագահի հրահանգներին, փորձում է պատժել տարբեր ձեւերով: Մեր դիտարկմանը, թե ստացվում է քաղաքական բոլոր ուժերից Սերժ Սարգսյանն ամենավտանգավորը համարում է Գագիկ Ծառուկյանի՞ն, մեր զրուցակիցն ասաց. «Նրանք ժամանակին եղել են յուրայիններ, իսկ յուրայինները երբ ընդդիմանում են, նրանց նկատմամբ ավելի խանդով են վերաբերվում»:
Ըստ Վահագն Հովհաննիսյանի, նախագահի հոխորտալն ու սթրեսային վիճակը ցույց է տալիս մեր երկրի համակարգի անկայունությունն ու անկատարելիությունը, ելույթ ունեցողների՝ ժողովրդավարության մասին պատկերացում չունենալը:
Կարդացեք նաև
Մեր զրուցակցի կարծիքով, եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր մարտավարությունը չփոխի, ապա լուրջ քաղաքական գործընթացներ կսկսվեն մեր երկրում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ