Փետրվարի 13-ը Տեառնընդառաջի նախատոնական է եւ ժողովրդական սովորության համաձայն այսօր երեկոյան ժամերգությունից հետո ավանդական խարույկի շուրջ նորապսակները եւ առհասարակ բոլորը մասնակցելու են ավանդական կրակի վրայից թռչելու արարողությանը, իսկ Տեառնընդառաջը տոնվում է փետրվարի 14-ին: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այս տեղեկությունները հայտնեց ԱՀԹ Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը:
Քահանան պատմեց, որ Տեառնընդառաջի խորհուրդը կտակարանում հետեւյալ կերպ է ներկայացված. «Մանուկ Հիսուսը իր ծնողների հետ մուտք է գործում տաճար եւ իրեն դիմավորում է ժողովուրդը՝ ձեռքերին կերոններ, ճրագներ, մոմեր եւ «Տիրոջն ընդառաջ են ելնում»: Բազում դարեր եկեղեցու արեւելյան դուռը փակ էր, բայց երբ Հիսուսը՝ քառասունօրյա մանուկը, մուտք գործեց տաճար, այդ դռները բացվեցին: Եվ ահա այդտեղ Սիմեոն Ծերունին վերցնում է Մանուկ Հիսուսին եւ ասում է՝ ես բռնեցի փրկությունը եւ խնդրում է Տիրոջը արձակել իրեն այդ կյանքից, քանի որ իր մահվան ժամանակը եկել է:
Տիրոջն ընդառաջ դուրս գալով` հավատացյալ մարդը հաղորդակից է լինում սուրբ եւ անմահ պատարագին եւ ստանում մեծ օրհնություն, լիցքավորվում հոգով եւ մարմնով՝ Աստծուն եւ եկեղեցուն առավել մաքուր հոգով ծառայելու համար: Հետեւաբար Տեառնընդառաջ նշանակում է լուսավորվել, հզորանալ Տիրոջով»:
Ինչպես տեղեկացրեց քահանան՝ Տեառնըդառաջի ժամանակ կրակը խորհուրդ չունի, դա ընդամենը ազգային ավանդական սովորություն է. «Կրակը նաեւ Քրիստոսի խոսքն է, որ մաքրագործող եւ սրբագործող նշանակություն ունի եւ կրակը այս առումով քրիստոնեական լույսն է, որ կտեսնենք Տեառնընդառաջի նախատոնակի ժամերգության ընթացքում»:
Կարդացեք նաև
Կրակը մարդկային հարաբերությունների մեջ ջերմացնող հատկություն ունի. «Մենք կրակի վրայով ցատկելով ցույց ենք տալիս, որ կրակը ծառայում է մեզ եւ ոչ թե պաշտամունք է կրակի նկատմամբ»:
ԱՀԹ Արարատ երիտասարդաց միության անդամ Մարիա Բաղդասարյանն էլ ասուլիսին ներկայացրեց Բուն Բարեկենդանի տոնակատարության կարգը եւ թե ինչպես է այն այս տարի նշվելու. «Այս տարի փետրվարի 15-ին պատարագից հետո՝ Սուրբ Սարգիս եկեղեցուց թափորով շարժվելու ենք դեպի Կասկադ, որտեղ ազգային պարով, խաղով կտոնենք Բուն Բարեկենդանը, որը մեր ազգային տոնն է»:
Բարեկենդանը խորհրդանշում է Ադամի եւ Եվայի դրախտային պատկերը, պատմեց քահանան: Դա այն դրախտային պատկերն է, որ ենթադրում է երանություն, երջանկություն: Բուն Բարեկենդանը այն տոնն է, որը հայ քրիստոնյայի ուրախ լինելու խորհուրդն է իր մեջ պարունակում:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ