Քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստը, որի քննարկման առարկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին ելույթի արձագանքը:
Նիստի ավարտից հետո ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ի պատասխան լրագրողների բոլոր հարցերի, ասաց, որ քիչ ուշ կտարածվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը, որից էլ ակնհայտ կդառնան բոլոր հարցերի պատասխանները:
Գագիկ Ծառուկյանը «զադնի» դրե՞լ է՝ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ԲՀԿ առաջնորդը հետքայլ չի արել եւ նրա ելույթում դա կերեւա:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ՝ Գագիկ Ծառուկյանին ու ԲՀԿ-ին մտահոգո՞ւմ են պատգամավոր Գագիկ Ծառուկյանի բացակայությունների հարցի վերհանումը, Տիգրան Ուրիխանյանը քմծիծաղով պատասխանեց. «Ո՞ր բացակայությունների, որոնք եւ նախկին, եւ ներկա Ազգային ժողովների նախագահները հարգելի՞ են համարել»:
Կարդացեք նաև
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ արդյոք վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախնական զրույցներ ունեցե՞լ է Գագիկ Ծառուկյանի հետ եւ ինչպե՞ս են ԲՀԿ-ում վերաբերվում այն փաստին, որ վարչապետին հանձնարարվեց ստուգել իր խնամու տնտեսական գործունեությունն ու հարկային պարտավորությունները: Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ բարեկամական հարաբերությունները քաղաքականության մեջ չեն կարող դեր ունենալ եւ չեն ունենում:
Տիգրան Ուրիխանյանը՝ ի պատասխան լրագրողների հարցերի՝ հստակեցրեց նաեւ, որ պարոն Ծառուկյանի մոսկովյան այցի եւ հանդիպումների ընթացքում քննարկվել են բացառապես հայ միգրանտներին վերաբերող եւ ԵՏՄ տիրույթում գործունեություն ծավալելու հետ կապված հարցեր:
Հիշեցնենք, որ մամուլում անդրադարձեր եղան, որ Սերժ Սարգսյանի երեկվա կոշտ ելույթը արդյունք էր Գագիկ Ծառուկյանի մոսկովյան հանդիպումների, որոնց ժամանակ իբր քննարկման հիմնական խնդիր է եղել Հայաստանում արտահերթ ընտրությունների հարցը:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ