Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը Գագիկ Ծառուկյանի մտավոր ունակությունների մասին

Փետրվար 13,2015 13:15

Այսօր Aravot.am-ի այս հարցին` համաձայն չե՞ք Սերժ Սարգսյանի այն պնդումների հետ, որ ժողովուրդը միշտ ասել է՝ Գագիկ Ծառուկյանը հարկերից խուսափում է, որ նա մականունավոր է՝ «Նյութ» ակումբում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ժողովրդի խոսքի հետեւից գնա՞նք, թե ժողովուրդը նաեւ այլ ինչեր է ասում: Եթե մենք ժողովրդին ենք բերում այդ կտրվածքով, ուրեմն ժողովրդի ասածը բոլորի վրա տարածեք, թե ժողովուրդը ում մասին ինչ է ասում»:

Մեր հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք դիտարկումը, որ Գագիկ Ծառուկյանը սկի չի հասկացել, թե ինչի մասին է իր ելույթը, այբ-ն ու բեն-ը չգիտի՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Բոլորս էլ քաջ գիտենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց բոլոր ելույթները իրենց գրածը չեն: Ես ինչպես չեմ կասկածում, որ Գագիկ Ծառուկյանն է հասկանում ինչ է կարդում, այնպես էլ չեմ կասկածում, որ Սերժ Սարգսյանը կամ Րաֆֆի  Հովհաննիսյանը ինչ կարդում են՝ չեն հասկանում»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ Դուք պատկերացնո՞ւմ եք Գագիկ Ծառուկյանին՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորների հարցերին պատասխանելիս՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Դուք գիտեք ինչքան մարդկանց չեմ պատկերացրել ԵԽԽՎ-ում՝ ոչ միայն ադրբեջանցի պատգամավորների հարցերին պատասխանելիս, այլ ընդհանրապես այնտեղ լինելը»:

Սերժ Սարգսյանն անընդհատ Գագիկ Ծառուկյանի մտավոր ունակություններն էր ակնարկում: Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ «Ես բացարձակ չեմ ընդունում անձնական վիրավորանքների դաշտ մտնելը: Առավել եւս, յուրաքանչյուր անձ, թեկուզ բիզնեսում հաջողությունների է հասել, անկախ նրանից, ինքը օժանդակություն ունեցել է, արհեստական խթաններ ունեցել է, թե ոչ՝ առանց կազմակերպչական մեծ ունակությունների չէր կարող, որովհետեւ մենք բոլորս էլ գիտենք, որ շատ-շատերն են եղել, որ ավելի մեծ հնարավորություններ են ունեցել, բայց կազմակերպչական ունակություններ չունենալու պատճառով այդ հաջողություններին չեն հասել: Բացարձակ չեմ ընդունում անձնական վիրավորանքների դաշտ մտնելը: Ես երբեւիցե չեմ մտել եւ չեմ էլ ցանկանում, որ իմ գործընկերները կամ մրցակիցները քաղաքական երբեւիցե դա անեն»:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի, որպես գործող նախագահ Սերժ Սարգսյանը կարող է հրահանգել ստուգել Գագիկ Ծառուկյանի վճարած հարկերը. «Բայց ցանկացած պարագայում, եթե դու այդ ինֆորմացիաները նախկինում ունեցել ես, մամուլում դա հրապարակվել է, որեւէ գործողություն չես իրականացրել, հիմա ես անում, դա արդեն դառնում է քաղաքական հետապնդում, որովհետեւ արդարության, հավասարության սկզբունքը ամբողջովին խախտում ես»:

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի ասածն ամեն ինչ էր, բացի քաղաքականությունից. «Որովհետեւ եթե անցնում ես անձնական վիրավորանքներ, դա արդեն քաղաքականություն չի»:

Նա չբացառեց, որ Սերժ Սարգսյանի երեկվա կոշտ ելույթը կապված էր Գագիկ Ծառուկյանի՝ Մոսկվա կատարած այցի հետ:

Մտավախությանը, որ չե՞ք կարծում, որ այս ամենից հետո Քոչարյանը վերադառնա՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ հասարակությունը նմանատիպ հարց չունի, օրակարգում նման բան չկա: Հայտ կներկայացնի Քոչարյանը, նոր կմեկնաբանի:

Արմեն Մարտիրոսյանը նաեւ ասաց, որ իշխանությունները ջղաձգվում են մի դեպքում, երբ իշխանությունը կորցնելու վտանգ են տեսնում:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728