Այս իրավիճակը՝ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ավելի ձեռնտու չէ՞ եռյակին, հաշվի առնելով, որ եթե մարդիկ չէին հավատում, որ Գագիկ Ծառուկյանը պոկվել է իշխանությունից, հիմա կհավատան: Այսօր Aravot.am-ի այս հարցին «Նյութ» ակումբում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Տա Աստված, որ ձեռնտու լինի, եւ մենք դրական արդյունքով դուրս գանք»:
Մեր հարցին՝ իրավական առումով Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացն ինչքանո՞վ է օրինական՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե իրավական կատեգորիաներով ենք խոսում, ես կարծում եմ, այսօրվա ԱԺ-ն պետք է ցրվի, որովհետեւ ոչ միայն բացականերն են իրավական կատեգորիաներ, այլեւ գործարար լինելը, այլ անձանց բացակայությունները, կեղծված ընտրությունները: Դրանք բոլորը իրավական կատեգորիաներ են»:
Մեր հարցին, երբ հարգելի է համարել Գալուստ Սահակյանը Գագիկ Ծառուկյանի բացակայությունները, հիմա ի՞նչ գործընթացով պետք է նորից անհարգելի համարվի՝ նա պատասխանեց. «Դա խախտումով միայն կարող են անել, որովհետեւ իրավական ակտերի մասին օրենքը հստակ ասում է, որ վատթարացող որոշումները չեն կարող հետադարձ ուժ ունենալ»:
Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ եռյակի լիդերներն այս իրավիճակում քննարկում կանեն: Հարցին՝ հեռախոսազրույց չե՞ն ունեցել լիդերները Գագիկ Ծառուկյանի հետ՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ այս պահին չի կարող տեղեկություններ տալ. «Ես ընդամենը «Ժառանգության» նախնական կարծիքն եմ ասում, քննարկումների փուլ է դեռ»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ի՞նչը հունից հանեց Սերժ Սարգսյանին, որ նա այդպիսի ելույթ ունեցավ՝ պարոն Մարտիրոսյանը չպատասխանեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ