«Իրատես de facto»-ի հյուրն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, քաղաքական վերլուծաբան ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ
– Ինչո՞վ եք բացատրում տարեսկզբից չդադարող ագրեսիայի ալիքը Հայաստանում՝ սպանություններ, ինքնասպանություններ, կախաղան, ինքնահրկիզում, առևանգում, ծեծուջարդ։ Նախկինում էլ եղել են նման դեպքեր, այլ երկրներում էլ լինում են, բայց Հայաստանում կարճ ժամանակի մեջ ամեն ինչ խտացավ ու առավել տեսանելի դարձավ։ Ի՞նչ է կատարվում։ Միստիկա՞, թե՞ բացատրություն չկա։
– Բացատրություն, իհարկե, կա։ Միստիկ համարվող երևույթներն ամենաշատ բացատրվողն են սովորաբար, բայց միստիկա չկա։ Մենք չունեցանք այն, ինչ համաշխարհային մշակույթի պատմության մեջ կոչվում է էքզիստենցիւսլ ռեսպեկտ՝ քո անձի, իբրև անհատի, իբրև քաղաքացու գիտակցում, քո պետության՝ իբրև ներպետական կառույցի գիտակցում, այլ ոչ թե իբրև աշխարհաքաղաքական խաչուղիներում մշտապես սպանվող, գնդակահարվող, կողոպտվող զոհի գիտակցում։
Քանի դեռ մենք այդ կարգավիճակում ենք, և տիրապետում է այդ սխեման ընդհանուր հայության ուղեղներում ու պետության կողմից անվերջ խրախուսվում է, չպետք է զարմանանք, որ ժողովրդին պարտադրվող զոհի կարգավիճակը պրոյեկտվում է անհատի վրա։ Պայքարող հայի կոնցեպցիան այլասերվում է։
Կարդացեք նաև
Պայքարող հային ներկայացնում են պետության թշնամի, հայրենիքի թշնամի, մարդ, որ փորձում է խախտել երկրի կայունությունը, մարդ, որը սխալ քայլեր է անում, մինչդեռ մարդը, որ դուրս է գալիս հայ ժողովրդին պարտադրված զոհի կերպարից, պայքարող տարրն է, որ կոչված է ստեղծելու նոր տիպ՝ մտածողության, երկրի, պետության, բայց նրան թույլ չեն տալիս։ Այդ ճնշումը հանգեցնում է ագրեսիայի՝ եթե դու պատմականորեն զոհ ես, կարգավիճակով զոհ ես, պետականորեն զոհ ես, հանրայնորեն զոհ ես, սոցիալական զոհ ես, մի օր ընդունում ես, որ իրոք զոհ ես։ Դա շատ լուրջ մշակութաբանական խնդիր է, որը պետք է ամենաբարձր մակարդակով քննարկվի։ Պետք է ընդունել հրեաների հոլոքոստի տարբերակը՝ զոհ եղել են մեր պապերը, մենք մեր պատմության իրավահաջորդն ենք, բայց զոհականության իրավահաջորդը չենք։ Տարբերակում պետք է դրվի։
– Ինչպե՞ս տարբերակել։
– Պետք է աշխատի պետական մեքենան, և այսօրվա հակառակ ուղղությամբ։
– Ինչո՞ւ պիտի պետական մեքենան աշխատի հակառակ ուղղությամբ, եթե այս իրավիճակը ձեռնտու է նաև իրեն՝ եթե դու զոհ ես, զոհ ես, եթե ունես զոհի կարգավիճակից դուրս գալու ինքնագիտակցություն, սկսում ես պայքարել քո իրավունքների համար։
– Ոչ մի պետական մեքենայի զոհի կարգավիճակը ձեռնտու չէ, ձեռնտու է իշխանական մեքենային։ Իշխանական մեքենան կուլտիվացնում է զոհի կերպարը մինչև այն պահը, երբ հասկանում է, որ երկրի առաջընթացի բոլոր մեխանիզմները փակուղու մեջ են։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում