Լրահոս
Օրվա լրահոսը

Բացակայությունների համար մանդատից զրկելու նախադեպ եղել է միայն Վանո Սիրադեղյանը

Փետրվար 13,2015 11:36

Երեկ ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բարձրացրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը: Նրա խոսքերով՝ «2013-2014-ին ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին եւ Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»:

Եթե ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հարգելի չհամարեր որեւէ պատգամավորի բացակայություն, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի 99-րդ հոդվածի, այդ պատգամավորին մանդատից զրկելու հարցը պետք է ընդգրկվեր առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում եւ փակ գաղտնի քվեարկությամբ կայացվեր որոշում: Սակայն այս պարագայում Գագիկ Ծառուկյանի բացակայությունները Գալուստ Սահակյանի որոշմամբ համարվել են հարգելի:

Gagik_Carukyan

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ պատգամավորի լիազորությունների դադարեցման համար բավական է ԱԺ 1 նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելը: Սակայն դրանք հարգելի կամ անհարգելի է համարում ԱԺ նախագահը:

Parliamentmonitoring.am-ի տվյալներով՝ Գագիկ Ծառուկյանը 5-րդ գումարման ԱԺ-ի 6-րդ նստաշրջանի ընթացքում 133 քվեարկություններից ոչ մեկին ներկա չի եղել:

Սակայն 4-րդ գումարման ԱԺ-ում էլ Գագիկ Ծառուկյանը ամենաշատ բացակայող պատգամավորներից է եղել, ունեցել է 511 բացակայություն, այսինքն, նիստերի 97 տոկոսին չի մասնակցել՝ այս առումով զիջելով Հարություն Փամբուկյանին: Այդ ժամանակ ԲՀԿ-ն դեռ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերն էր, եւ այն ժամանակ էլ ԱԺ նիստերի դահլիճում Գագիկ Ծառուկյանն ունեցել է 0 ելույթ եւ հնչեցրել է 0 հարց, այսինքն, ակտիվություն չի ցուցաբերել:

5-րդ գումարման ԱԺ-ում, բացի Գագիկ Ծառուկյանից, քվեարկությունների կեսից ավելիից բացակայել են նաեւ Հրանտ Բագրատյանը, Ռուբեն Գեւորգյանը, Մուրադ Գուլոյանը, Կարո Կարապետյանը, Մելիք Մանուկյանը, Ռուստամ Գասպարյանը եւ այլք:

Նշենք, որ մինչ այսօր Հայաստանում անհարգելի բացակայությունների պատճառով պատգամավորի լիազորությունների դադարեցման միայն 1 նախադեպ է եղել: 2001-ի հոկտեմբերի 9-ին մանդատից այդ հիմքով զրկվել է Վանո Սիրադեղյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728