Գագիկ Ծառուկյանը, յուրայիններով ու այս ընթացքում, ԲՀԿ «թրի տակով անցած» հասարակական, մերձքաղաքական կազմակերպությունների, նաեւ առանձին քաղգործիչների մասնակցությամբ, անցկացրեց նշված խորհրդաժողովը: Նախօրեին այդ խորհրդաժողովի կազմակերպման քարտուղարության անունից տարածված «տեղեկանքում» մեկ անգամ էլ կրկնվեցին «Բարգավաճի» առաջնորդի փետրվարի 5-ի ելույթի հիմնական թեզերը: Այդպիսով, կարելի է ասել, Գագիկ Ծառուկյանը վերահաստատեց իշխանության հետ «ուժի դիրքերից» խոսելու, որոշակի առումով նաեւ շանտաժի ենթարկելու իր որդեգրած մոտեցումը:
Այն հակիրճ կարելի է մոտավորապես այսպես վերաձեւակերպել. «Տեսեք, հա՜, մեր ուզածը արեք, թե չէ՝ ժողովրդական հուզումներ կկազմակերպենք»: Ի լրումն, ցուցադրական փորձ արվեց տպավորություն ստեղծելու, թե Գ.Ծառուկյանը դրսից, կոնկրետ՝ Ռուսաստանից, «տղա է բերում» կամ, ինչպես էլի որոշակի շրջանակներ տնավարի արտահայտվում են, «դաբռո» ունի, ու այդ կարգի այլ գավառամիտ բաներ:
Հասկանալի է, որ իշխանությունը, ի դեմս երկրի ղեկավարի, Հանրապետական կուսակցության, չէր կարող չանդրադառնալ նման բացահայտ մարտահրավերին: Ավելին՝ սխալ կլիներ թերեւս նախորդ անգամների նման անտեսելու տալ այդ խմորումներն ու արդեն բացեիբաց հնչեցվող սպառնալիքները:
Եվ երեկ իշխանությունը շատ ավելի պարզ ու բացորոշ արտահայտվեց՝ ընդունելով մարտահրավերը: Ու որ առանձնապես ուշադրություն է գրավում, նախագահ Սերժ Սարգսյանը բավական կոշտ բնորոշումներ ու գնահատականներ տվեց: Մի բան, որ խիստ հազվադեպ, եթե չասենք՝ եզակի երեւույթ է նրա գործունեության ընթացքում:
Իշխանությունն ամենից առաջ ցույց տվեց, որ չի հանդուրժի նախ՝ իր հետ ուժի դիրքերից ցանկացած խոսակցություն: Իշխանությունը նաեւ ցույց տվեց, որ ոչ միայն անընդունելի է համարում կամ չի հանդուրժում իր հետ վերջնագրերի «լեզվով» հարաբերվելու փորձերը, այլեւ կարող է ու պատրաստ է համարժեք արձագանքել, ավելին՝ պատասխան քայլեր անել:
Կարդացեք նաև
Ողջ հարցն այն է, թե իրավիճակի նման զարգացման առիթ տված ուժերն ու գործիչները, առաջին հերթին, հասկանալի է, Գ.Ծառուկյանն ու ԲՀԿ-ն, իրե՞նք որքանով են պատրաստ դեպքերի նման զարգացմանը: Դա թերեւս կերեւա այս օրերին:
Եվս մեկ՝ բավական նուրբ դրվագ, որը վերաբերում է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից վարչապետին տված հանձնարարությանը: Հարցը ոչ միայն բուն հանձնարարության բովանդակության մասին է (դա էական է, քանզի հարկերը վճարելու կամ դրանց վճարումից շարունակաբար խուսափելու պահը չի կարող անկարեւոր լինել), այլեւ քաղաքականությունից դուրս գտնվող հանգամանքների, քանզի Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը խնամիներ են: Ասում են՝ դա «քաղաքական կատեգորիա» չէ:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում
հարկերը վճարելու կամ դրանց վճարումից շարունակաբար խուսափելու քննարկման պահը արդյոք Գագիկ Ծառուկյանին, հետո գուցե նաեւ Հովիկ Աբրահամյանին չի՞ սպառնում արդյոք Հակոբ Հակոբյանի այս օրերի ճակատագիրը …