Նախօրեին նախագահական նստավայրի դիմաց բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերի ու ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպից զոհված զինծառայողի մայր Գոհար Սարգսյանը նոր մանրամասներ է պատմում:
«Ես մի փոքր ուշացումով միացա մեր ծնողներին, ուղղակի կանգնել էինք ու հերթական անգամ պահանջում էինք` նախագահին ուղարկած մեր դիմումի պատասխանը: Այդ ընթացքում չհասկացանք` ինչ կատարվեց ոստիկանների հետ, ասացին մեզ անցնենք դիմացի մայթ: Ասացի` մեզ այս մայթից չեն լսում, դիմացի մայթից ո՞նց են լսելու: Այդ ասածս եմ հիշում, ոստիկաններից մեկը հրահանգեց շղթա կազմել, ու սկսեցին առաջ գալ ու հրել: Այդ պահին հավաքեցի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի հեռախոսահամարը, որ պատմեմ կատարվածի մասին: Բայց ինձ այնպես հրեցին, որ չհասկացա` ինչպես հայտնվեցի գետնին: Տեսա ամուսնուս էլ են հրել, գցել գետնին, մինչ այդ նա ասել էր, որ իրեն վատ է զգում, ինֆարկտ տարած մարդ է: Այդ ընթացքում էլ ավելի է վատացել, բայց ոստիկանները դա էլ հաշվի չառան ու նրան այս մայթից տարան այն մայթ: Այս ամեն ինչը տեսնելով` իմ ինքնազգացողությունն էլ վատացավ, շտապ օգնություն կանչեցին»,- Aravot.am -ին պատմեց Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը:
Նա վստահեցրեց, որ նախագահական նստավայրի դիմաց իրենք ոչ մի վիրավորական արտահայտություն նախագահի կամ իշխանության որեւէ ներկայացուցչի հասցեին այդ օրը չեն ուղղել. «Խաղաղ կանգնած էինք»:
Գոհար Սարգսյանի խոսքով, այդ օրը կտրուկ գործողություններ անելու մտադրություն էլ չեն ունեցել: Այսօր նրանք պատրաստվում են իրենց գրավոր բողոքները կատարվածի մասին նամակով ուղարկել ՄԻՊ գրասենյակ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Կարդացեք նաև
«Իրենց թվում էր Արտակ Խաչատրյանին ծեծելով շրջանառության հարկի մասին օրենքից բողոքներին լռեցրին, մեզ էլ բռնության ենթարկելով կլռեցնե՞ն: Թող հույս չունենան»,- եզրափակեց Գոհար Սարգսյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ