ՀՀԿ Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը միանգամից հայտարարեց, որ հարցերի չի պատրաստվում պատասխանել, այլ ունենալու է ելույթ-կարծիք, որը համընկնում է իր կուսակցական գործընկերների կարծիքի հետ եւ որը կստեղծի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի, եւ խորհրդի նիստերի պատկերը:
«Մենք խորին համոզմունք ունենք, որ քաղաքականությամբ պետք է բացառապես զբաղվեն քաղաքական գործիչները եւ անթույլատրելի է քաղաքականության մեջ եզրագծից դուրս գալը, կոռեկտությունից դուրս հայտարարություններ անելը, քաղաքականությունը վերածել թայֆաբազության, քաղաքականությունը վերածել շուկայի, եւ շատ վտանգավոր է, որ քաղաքականությամբ զբաղվում են գործիչներ, ովքեր կորցրել են չափի զգացողությունը»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը, ավելացնելով, որ արդեն երկու շաբաթ է, բոլորը սպասում էին իրենց կուսակցության գնահատականին,- հայտնի հռետորն ասում էր, որ գնդակը իշխանության դաշտում է, հիմա իշխանությունը գնդակը տշել է, թող հասնեն գնդակին»:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իրենք իրենց կարծիքը հստակ ասել են՝ տգիտությունը, կիսագրագիտությունը, զոռբայությունը, միլիարդներով հարցեր լուծելը, պոպուլիզմը, դեմագոգիան տեղ չունեն քաղաքականության մեջ: «Սա պետություն է, սա հայրենիք է, որտեղ ամեն ինչ պետք է լինի փոխադարձ հարգանքի հիման վրա: Եւ քաղաքականության մեջ չպետք է ունենան տեղ այն մարդիկ, ովքեր քաղաքականությունը շփոթում են բիզնեսի հետ կամ այլ խաղերի հետ: Բազում անգամներ Հանրապետականները հնչեցրել են բացառապես քաղաքական գնահատականներ, բայց մենք տեսել ենք, որ քաղաքական գնահատականներին ոչ թե պատասխանել են քաղաքական գնահատականներով, այլ պատասխանել են անձնական վիրավորանքներով: Եկել է ժամանակը, երբ որ ասել ռուսին՝ Все точки надо поставить над и: Եկել է իրերն իրենց անուններով կոչելու ժամանակը, եկել է սթափության ժամանակը»,- ասաց պարոն Շարմազանովը՝ ավելացնելով, որ շատերը կասեն՝ հանդուրժող եղեք, սակայն իրենք անհանդուրժող են բոլոր այն երեւույթների դեմ, որոնք դեմ եմ քաղաքակրթության կանոններին:
« Մենք քրիստոնյան ենք, բայց «Սուրբ գրքում» հստակ գրված է՝ «Խոզերի առջեւ մարգարիտներ չեն փռում»: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բացառապես քաղաքակիրթ, քաղաքական ընտրապայքարի եւ մրցապայքարի կողմնակից է: Մենք պատրաստ ենք լսելու սուր քննադատություն, մենք պատրաստ ենք լսելու շատ սուր քննադատություն, բայց մենք պատրաստ չենք լսելու անձնական վիրավորանքներ: Մենք գտնում ենք, որ Հայաստանը բոլորիս հայրենիքն է, եւ Հայաստանի շահերից է բխում, որպեսզի սկսենք մաքուր էջից, եւ բոլոր ապաքաղաքական էլեմենտները դուրս մղվեն քաղաքական դաշտից: Հանրապետականը իննսուն թվականին ստեղծվել է ոչ թե նրա համար, որ քաղաքական ավանտյուրիստները իրենց կեղծ մարգարեների տեղ դնեն, որ քաղաքական ավանտյուրիստները իրենց կեղծ փրկիչների տեղ դնեն: Սա պետություն է, որն ունի բազում մարտահրավերներ, եւ մեր պետության համար, նաեւ ձեր համար մեծ շռայլություն է, որ քաղաքականության մեջ գործում է ոչ թե քաղաքականության կանոն, այլ թայֆաբազություն, զոռբայությունը, անգրագիտությունը, տգիտությունը: Յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով»- ասաց պարոն Շարմազանովը: Նա նշեց, որ ՀՀԿ-ի այս քայլը ուղղված չէ որեւէ անձի դեմ, այն ուղղված է երեւույթի դեմ: «Մենք էլ ունենք մեր մեղքի բաժինը եւ դրանից ելնելով առաջ ենք շարժվում»,- եզրափակեց իր խոսքը ՀՀԿ մամուլի խոսնակը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ