Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտակցենք չսայթաքելու կարեւորությունը

Փետրվար 13,2015 17:00

Միջազգային հանրությունը սկսել է
ընկալել Ալիեւի ռեժիմից հնարավոր վտանգները

Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Ռիչարդ Միլսը մոտ օրերս Հայաստան կժամանի: Միլսը համարվում է Միացյալ Նահանգների լավագույն դիվանագետներից մեկը, դիվանագետ, որը քաջատեղյակ է Հայաստանին առնչվող խնդիրներին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առաջին իսկ օրվանից:

ԱՄՆ-ը կարեւոր նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը՝ «Ամերիկայի Ձայնին» տված բացառիկ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը։ «Մեր առաջնահերթ նպատակն է ապահովել Հայաստանում տնտեսական աճ ու ներդրումների ավելացում։ Դա այն է, ինչի կարիքն այժմ Հայաստանն իրոք ունի, եւ մենք բավարարված չենք մեր երկկողմ համագործակցության ներկա մակարդակով, մենք ցանկանում ենք տեսնել ամերիկյան ներդրումների աճ Հայաստանի տնտեսության մեջ»,- ասել է Ռուբինը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակի մասին է վկայում նաեւ Ռիչարդ Միլսի նման փորձառու դիվանագետի նշանակումը որպես Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան։ «Նա մեր լավագույն դիվանագետներից մեկն է: Ես դա համոզված եմ ասում, որովհետեւ իր հետ աշխատելու առիթ եմ ունեցել Սովետական Միության փլուզումից ու Հայաստանի անկախացումից անմիջապես հետո: Այն ժամանակ ես Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման հարցի պատասխանատուն եմ եղել եւ հանձնեցի բոլոր պարտականությունները Ռիք Միլսին»,- ասել է Ռուբինը։ «Դեսպան Միլսը եղել է Պետդեպարտամենտի հայկական բաժնի առաջին ղեկավարը, եւ համոզված եմ, որ նա հայաստանցիների սրտերը կգրավի»,- նշել է Էրիկ Ռուբինը` հավելելով. «Նա ունի երկարատեւ եւ սերտ հարաբերություններ Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ, Հայաստանին վերաբերվում է անչափ հոգատարությամբ, չափազանց տաղանդավոր ու աշխատասեր անձնավորություն է»:

Էրիկ Ռուբինը շեշտում է, թե բավարարված չեն Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների ներկա վիճակով եւ ցանկանում են ավելի խոշոր ամերիկյան ներդրումներ տեսնել Հայաստանում: Սա խիստ կարեւոր ուղերձ է մի երկրի դեպքում, որը տնտեսապես կապել է իրեն գահավիժող տնտեսությամբ Ռուսաստանի հետ` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Նշանակում է՝ այսօր, առավել քան երբեւէ, պաշտոնական Վաշինգտոնը գիտակցում է այս տարածաշրջանի կարեւորությունը: «Մենք գիտակցում ենք, որ Ռուսաստանի տնտեսական դժվարությունները ազդում են տարածաշրջանի մյուս երկրների վրա, եւ միանշանակ համաձայն ենք, որ պետք է աշխատենք այդ պետությունների իշխանությունների հետ, որպեսզի օգնենք հաղթահարել տնտեսական դժվարությունները: Այդ պատժամիջոցների նպատակը տարածաշրջանի այլ երկրներին պատժելը չէ, այնպես որ՝ մենք անշուշտ ցանկանում ենք աշխատել նրանց հետ եւ աջակցել նրանց։ Կարծում եմ՝ մեր նոր դեսպանը՝ Ռիչարդ Միլսը, Երեւանում նաեւ այս հարցն է քննարկելու ժամանելուն պես»,- նկատում է Ռուբինը:

Միացյալ Նահանգները առաջնահերթություն է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` մատնանշելով, որ հակամարտության գոտում մահացածների եւ վիրավորների թիվը ամենաբարձրն է պատերազմի ավարտից հետո: «Դա նորմալ չէ, եւ մենք պատրաստ ենք սերտորեն աշխատել երկու առաջնորդների հետ: Մենք գիտակցում ենք, որ չկա մի կախարդական լուծում, մենք գիտակցում ենք, որ սա երկարատեւ ու ծանր հակամարտություն է, սակայն այն չպետք է ընթանա սխալ ուղղությամբ: Կարծում ենք, որ այս տարի կարող է առաջընթացի տարի լինել»,- նշել է Ռուբինը: Իսկ ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսն անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ նշել է, թե իր առաքելության նպատակն է ազատ եւ բարգավաճ Հայաստանը` հարեւանների հետ խաղաղության պայմաններում: Ռ. Միլսն առանձնացրել է երկու հիմնական հարց: «Առաջինը տարածաշրջանային խաղաղությունն է: Անցյալ տարվանից Լեռնային Ղարաբաղի սահմանագծին զոհերի եւ բռնությունների կտրուկ աճը շատ անհանգստացնող է, եւ դա որեւէ ժողովրդի շահերից չի բխում: Միացյալ Նահանգները գնահատում է Հայաստանի հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: ԱՄՆ-ը հավատարիմ է խաղաղության հասնելու համար կողմերին օգնելու եւ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունների միջոցով կարգավորման հասնելու հարցում»,- ասել է դեսպանը:

Թե՛ Ռուբինը, թե՛ Միլսն իրենց ուղերձներում հստակ շեշտել են, որ ԱՄՆ-ը աջակցում է հետխորհրդային երկրների ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը եւ անվտանգությանը: Սրանք նույնպես խիստ կարեւոր հայտարարություններ են` հաշվի առնելով Հայաստանի սահմաններին Ադրբեջանի կողմից վարվող բավական ագրեսիվ քաղաքականությունը վերջին ամիսներին:
Է. Ռուբինն իր վերջին հայտարարության մեջ ուշագրավ տեսակետ է հայտնել նաեւ Հայաստանում ժողովրդավարության մակարդակի առնչությամբ` դրական փաստ համարելով, որ Հայաստանն ունի իրական բազմակուսակցական խորհրդարան, որ մամուլում գոյություն ունի իրական բանավեճ, Հայաստանում առկա է հավաքների ազատություն, առկա է հասարակություն, որում մարդիկ կարող են արտահայտել իրենց հայացքները. «Մենք ցանկանում ենք սատարել այդ ամենը՝ աշխատելով իշխանությունների հետ: Իմ կարծիքով՝ այս ոլորտում Հայաստանն իրական ձեռքբերումներ է գրանցել վերջին տարիների ընթացքում»:

Հաշվի առնելով Հայաստանում վերջին բռնությունները՝ կարելի է ենթադրել, որ նման դրական հայտարարությունները կարող են ուղղակի վերանալ մոտ ապագայում: Եվ եթե նման տեմպերով մեր հասարակական-քաղաքական կյանքում բռնություններով հարցեր լուծողները արժանի պատիժ չստանան, ապա Հայաստանը շատ արագ իրեն կդնի Ադրբեջանի հետ նույն նժարին:

Մինչդեռ այսօր բավական բարենպաստ ուղերձներ են հնչում Հայաստանի վերաբերյալ թե ԵՄ-ից, թե ԱՄՆ-ից: Միջազգային հանրությունը, կարծես, ավելի հստակ է սկսել ընկալել Ալիեւի ռեժիմից հնարավոր վտանգները:

Հայկական կողմի համար բավական բարյացակամ հայտարարություն հնչեց օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից, որը հաջող որակեց ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումը: Ուորլիքը ողջունել էր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` լարվածությունը նվազեցնելու հանձնառությունը` այդ մասին գրառում անելով Twitter-ի իր էջում. «Լավ հանդիպում էր Հայաստանի արտգործնախարարի հետ Մյունխենի անվտանգության համաժողովում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը քննարկելու համար: Մենք ողջունում ենք նրա` լարվածությունը նվազեցնելու հանձնառությունը»:

Այս իրավիճակում Հայաստանում բոլորը պետք է գիտակցեն չսայթաքելու կարեւորությունը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728