Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ մարդկանց կասկածում են Սեֆիլյանի երթը արցախյան կողմից կազմակերպելու մեջ»

Փետրվար 13,2015 16:30

Այս ահազանգը դեռ պետք է ճշտվի

Երեկ եւ նախօրեին «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը լրատվամիջոցների հետ հանդիպմանը մանրամասն պատմել է, թե ինչ է տեղի ունեցել հունվարի 31-ին Բերձորում, եւ ինչից հետո են Արցախի ոստիկանները սկսել մահակներով ծեծել դեպի Արցախ ավտոերթի անդամներին: Չնայած որ Արցախի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ Սեֆիլյանի թիմակիցները «պրովոկացիայի» են ենթարկել ոստիկաններին, Սեֆիլյանի պատմելով՝ իրենք նման բան չեն արել: Ծեծի դրդապատճառն, ըստ արցախյան կողմի, այն է, որ Սեֆիլյանի թիմակիցները արցախցիներին թուրք են անվանել. սա, իհարկե, կարող է ապացուցել միայն տեսաձայնագրությունը: Բայց եթե անգամ այդ ապացույցն էլ լինի, այնուամենայնիվ՝ բռնությունը չի արդարացնի:

Սեֆիլյանը նախօրեին civilnet.am լրատվական կայքին տված հարցազրույցում մանրամասն նկարագրելով հունվարի 31-ին Բերձորի դեպքերը՝ կարծես թե խուսափում է այն հարցի պատասխանից, որ իրենք թուրք են անվանել ոստիկաններին: Ակնկալվում էր, որ Սեֆիլյանը հստակ կասի՝ «ոչ, մենք որեւէ մեկին թուրք չենք ասել»: Այսպիսի արտահայտություն թեեւ չի հնչել, բայց Սեֆիլյանի՝ դեպքերի զարգացումների նկարագրության մեջ իրենց կողմից սադրանքի, «պրովոկացիայի» մասին որեւէ խոսք չկա:

«Առավոտի» հետ զրույցում Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավար Գեղամ Բաղդասարյանն անդրադառնալով հարցազրույցին եւ այն հանգամանքին, որ Սեֆիլյանը խուսափել է ոստիկաններին թուրք անվանելու մասին հարցից՝ ասաց. «Անկեղծորեն ասած՝ չեմ հավատում այդօրինակ ասեկոսեներին եւ դրանք համարում եմ անազնիվ։ Կողմերի կարճատեւ զրույցը նկարահանվում էր «դիմավորողների» կողմից, այնպես որ՝ եթե նման բան լիներ, անպայման կցուցադրվեր Արցախի հանրային հեռուստատեսությամբ կամ կտարածվեր համացանցով մեկ։ Չեմ կարծում, թե ձեռքի տակ ունեցել են, բայց չեն ցուցադրել, քանի որ չեն ցանկացել տարածել այդ «ահավոր» բանը։ Ավտոերթի նախօրեին նրա մասնակիցների հասցեին շատ ավելի ահավոր բաներ են ասել ամենատարբեր խողովակներով, այդ թվում՝ հանրային։ Այնպես որ՝ հասարակական-քաղաքական հիգիենայի խնդիր չկար էն գլխից»։

Բերձորի դեպքերի հետ կապված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է ծառայողական քննություն անցկացնել: Արդոք սա բավարա՞ր է իրականությունը բացահայտելու եւ իրական մեղավորներին գտնելու համար՝ մեր այս հարցին էլ պարոն Բաղդասարյանն ասաց, որ տարօրինակ է, երբ ոստիկանների ապօրինությունների ծառայողական քննության անցկացումը ԼՂՀ նախագահի կողմից հանձնարարվում է ոստիկանապետին. «Խորհրդային ժամանակներում երբ մարդ բողոքում էր, ասենք, բնակշահագործման գրասենյակի (ԲՇԳ-ի) պետից, ապա պատկան մարմինն այդ բողոքը վերահասցեագրում էր նույն ԲՇԳ-ի պետին։ Ու հարցը սպառվում էր։ Նույնօրինակ բան կատարվեց նաեւ այս պարագայում։ Կարծում եմ՝ առնվազն խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով պիտի կազմվեր, որի աշխատանքներին ներգրավվեր նաեւ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը»։

Բերձորում տեղի ունեցած բռնությունները քննադատվել են Արցախի տարբեր հասարակական-քաղաքական գործիչների կողմից: «Առավոտը» պարոն Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է Արցախում որոշակի ճնշումներ լինեն ընդդիմադիր գաղափարներ ունեցող գործիչների եւ հատկապես Բերձորի դեպքերը քննադատողների նկատմամբ: «Այլախոհների նկատմամբ այդ առիթով ճնշումների մասին տեղեկությունների չեմ տիրապետում։ Սակայն ունեմ մի ահազանգ առ այն, որ որոշ մարդկանց կասկածում են երթը արցախյան կողմից կազմակերպելու մեջ, եւ նրանց շուրջ վատ մթնոլորտ է ձեւավորվում։ Այժմ փորձում եմ ստուգել այդ ահազանգի հավաստիությունը։ Հուսամ՝ այն չի համապատասխանի իրականությանը»,- ասաց պարոն Բաղդասարյանը։
Երեկ Սեֆիլյանն ասել է, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ Սահակյանն ասել է, որ իրենք երկար տարիներ երազում էին մտնել Եվրասիական տնտեսական միություն: Այս առնչությամբ էլ արցախցի Գեղամ Բաղդասարյանը նշեց, որ բովանդակային առումով արտառոց ոչինչ չի տեսնում. «Այսինքն՝ ես ցնցված ու ապշահար չեմ լինի այդ կարգի նորությունից, եթե այն հաստատվի»: Նշենք, որ երեկ Aravot.am-ին Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը վստահեցրել է՝ «Որեւէ ձեւով որեւէ հարց չի քննարկվել ԵՏՄ-ի մասին»:

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն էլ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ծառայողական քննությունը բավարար չէ՝ դեպքերի հետ կապված, սա ակնհայտորեն հանցանքը ծածկելու ձեռագիր է հիշեցնում. «Տեղի է ունեցել հանցագործություն, այնինչ քրեական գործ հարուցված է միայն արցախցի ակտիվիստներին ծեծելու փաստով»:

Հիշեցնենք, որ ըստ ԼՂՀ ոստիկանության՝ «Բերձորի միջադեպի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր հունվարի 31-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի մոտակայքում անհայտ անձանց կողմից Մ. Ա.-ին, Ք. Ղ.-ին, Մ. Բ.-ին, Գ. Հ.-ին ծեծի ենթարկելու եւ Ք. Ղ.-ի ու Մ. Բ.-ի ավտոմեքենաների տարբեր մասերը վնասելու փաստերի կապակցությամբ»: Այս անձինք «Հիմնադիր խորհրդարանի» թիմակիցներն են:

Անդրադառնալով այն մտահոգությանը, որ Բերձորի բռնությունները քննադատող արցախցի հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ հնարավոր է ճնշումներ լինեն ԼՂՀ իշխանությունների կողմից, ապա Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահը կարծիք հայտնեց, որ ոչինչ բացառել պետք չէ:

«Ուղղակի դեպքերը քննադատողները մարդիկ են ու գործիչներ, որոնք սովորաբար բարձր քաղաքացիական դիրքորոշում են ցուցաբերում տարբեր հարցերում, եւ իշխանությունների դիրքորոշումն իրենց գործունեության նկատմամբ քիչ է հետաքրքրում: Այդ հարցը հատուկ ուսումնասիրության կարիք է զգում: Ընդդիմադիր հայացքների տեր մարդկանց նկատմամբ սովորաբար օգտագործվում են ճնշման այլ միջոցներ՝ ինչպես հարազատների, նեղ շրջապատի միջոցով ազդելը, հասարակական ճնշման այլ մեթոդներ: Սա սովորաբար կարող է ավարտվել անցանկալի անձանց աշխատանքից ազատելով, եկամուտի աղբյուրներից կտրելով, հաճախ այդ մեթոդները կիրառելով նաեւ անցանկալի անձի նեղ շրջապատի վրա»,- ասաց պարոն Խանումյանը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728