Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են Գյումրու փողոցների հավաքարարները բունտ բարձրացնում. (Տեսանյութ)

Փետրվար 13,2015 16:00

Գյումրու փողոցները մաքրող հավաքարարներն անչափ դժգոհ են իրենց ստացած 56 հազար դրամ աշխատավարձից: Ըստ նրանց` ոչ միայն շաբաթ-կիրակի չունեն, այլեւ տոնական օրեր, չհաշված որ խաբում ու պարգեւավճարներ չեն տալիս: «Շատ անգամ ենք բողոք ներկայացրել, անցած տարվանից ասում են՝ կավելացնենք: Սկզբում 45 հազար դրամ էինք ստանում, հիմա՝ 77 հազար դրամ գրում են, բայց 56 հազար են տալիս: Ստրուկը մեզանից լավ է, հենց բողոքես, կասեն՝ շորերդ հանի ու հեռացի: Ո՞ւր գնանք, թափա՞ծ է աշխատանքը Գյումրիում, ինչո՞վ ապրենք: Ես 67 տարեկան կին եմ, եթե օրվա հաց ունենայի, բա կգայի՞, փողոց կավլեի՞: Հիվանդ քույր ունեմ, տունն էլ, որտեղ ապրում եմ, տան նման չի»,- ասաց նրանցից մեկը: Մյուսն էլ նշեց, որ ապրում է փլված հանրակացարանում՝ խղճուկ պայմաններում, եւ որ փողոցը իր տնից հազար անգամ տաք է: Տղամարդկանցից մեկն էլ, ցույց տալով իր ձեռքի բահը, դժգոհեց, թե սա տեխնիկա՞ է, ձեռքդ չառած՝ ջարդվում է: Քանի որ վերջիններս մատնացույց էին անում Արթիկ քաղաքը, որը Գյումրիի համեմատ թեեւ շատ փոքր է, փողոցները ասֆալտապատված են, մաքրելը հեշտ է, ու հավաքարարներն ավելի բարձր են ստանում՝ 70 հազար դրամ, մենք դիմեցինք Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանին՝ ճշտելու այս տեղեկությունը: Վերջինս փոխանցեց, որ Արթիկի քաղաքապետարանը կոմունալ բաժին չունի, այլ քաղաքի սանմաքրման աշխատանքները կազմակերպելու համար իրենք մրցույթ են հայտարարում, ու մրցույթը շահած կազմակերպությունն է վճարում հավաքարարներին:

Ըստ քաղաքապետի՝ իր տեղեկություններով, Արթիկի հավաքարարները, իրոք, ավելի բարձր են ստանում: Գյումրիի հավաքարարների բողոքը մենք փոխանցեցինք քաղաքի գլխավոր ֆինանսիստին՝ Լենա Ջիլավյանին: «58 հազար դրամ են ստանում սահմանված դրույքաչափի համաձայն՝ ելնելով աշխատանքի ծանրաբեռնվածությունից եւ ծավալից: Մենք այս պահին ունենք 155 հոգի սանմաքրման աշխատողներ: Բարձող բանվորի աշխատավարձը 108 հազար դրամ է, որովհետեւ ամենածանր աշխատանքը իրենցն է, հողը, աղբը եւ այլն բարձում են մեքենաները: Իսկ մաքրողների հաշվարկային աշխատավարձը 75 հազար դրամ է: Մենք կարող էինք ծավալները մի քիչ ավելի մեծացնել թվաքանակի հաշվին, ասենք՝ մի քիչ ավելի շատ տեղ զբաղեցներ իրենց մաքրելու տարածքը, եւ մի քիչ բարձր ստանային, բայց ո՞ւմ հանես աշխատանքից էս վիճակում:

Հնարավոր չէ, դրա համար բոլորինը մի դրույքաչափով է վարձատրվում, եւ ինձ թվում է՝ մեր քաղաքի համար նորմալ թիվ է»,- ասաց տիկին Ջիլավյանը: Ըստ նրա՝ իրենք շատ կուզենային, որ իրենց աշխատակիցների աշխատավարձը բարձր լիներ, բայց հնարավորություն չունեն: Քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետը պնդում է, որ հավաքարարների՝ պարգեւավճար չստանալու մասին բողոքներն անհիմն են, քանի որ անցած տարի երկու անգամ բարեխիղճ աշխատողներին գումար են հատկացրել, իսկ դեկտեմբերին կոմունալ բաժնի բոլոր աշխատակիցները ստացել են մեկ ամսվա չափով հավելավճար: Մեր այն հարցին՝ հնարավոր չէ՞ քիչ բարեգործություններ անել քաղաքային բյուջեի հաշվին, գրողներին, ռեժիսորներին օգնություն չհատկացնել ու աշխատակիցների աշխատավարձը բարձրացնել, տիկին Ջիլավյանը հավաստիացրեց, որ շատ հատկացումներ չեն էլ անում: «Ես կարող եմ ձեզ իմ գրավոր պատասխանները ցույց տալ, քանի գրություն են ուղղել մեզ, մենք մերժել ենք: Բացառիկ դեպքերում ենք անում, դե, գիտեք ինչ, քաղաք ենք՝ վերջիվերջո, բավականին մեծ քաղաք ենք, մենք էլ ունենք իրավունք, էս քաղաքում կա գրողների միություն, որն ընդհանրապես գոյատեւելու հնարավորություն չունի: Կարելի է, չէ՞, շատ քիչ գումարով նպաստել գրողների աշխատանքին: Մենք շռայլ չենք նման հարցերում»,- վստահեցնում է Լենա Ջիլավյանը:

Գյումրու գլխավոր ֆինանսիստը նաեւ փաստում է, որ անցած տարի նոր բահեր, սայլակներ, ավելներ են գնել, այնպես որ՝ հավաքարարները բողոքելու տեղ չունեն: Նա նաեւ դժգոհեց, որ պետության կողմից Գյումրուն հատկացվող 1 միլիարդ 800 միլիոն դոտացիայի գոնե 40 տոկոսը իրենք եկամտահարկի տեսքով հետ են տալիս պետությանը, որը կազմում է 500-700 միլիոն դրամ: «3 միլիարդով անհնար է այս հսկայական քաղաքը պահել: Տեսեք՝ մաքրողները բողոքում են աշխատավարձի համար, մեր խնդրանքն է, պահանջն է, հորդորն է՝ գոնե կառավարությունը մեր քաղաքից գնացող եկամտահարկը թողնի տեղական բյուջեին, որ կարողանանք մեր ծախսերը կատարել ու մի քիչ էլ աշխատավարձ բարձրացնել»,- հորդորում է Գյումրու գլխավոր ֆինանսիստը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728