Քանի լեզու գիտես, այդքան մարդ ես:
Ժողովրդական ասացվածք
Դա ավելին է, քան հանցագործությունը, դա սխալ է:
Բուլե դը լա Մերտ
Եվ իրոք, ի՞նչ օտար լեզու սովորել:
Կարդացեք նաև
ՍՍՀՄ տարիներին պարզ էր՝ ռուսերեն, որը նույնիսկ օտար լեզու չեր համարվում: Այսպես, լեզուների ուսուցիչներ պատրաստող ինստիտուտը կոչվում էր ռուսաց եւ օտար լեզուների ինստիտուտ: Նա օտար չէր ուրեմն, այլ՝ հարազատ: Եվ հայաստանցի բազում երեխաներ ռուսական դպրոց հաճախելով սովորում էին ոչ թե ռուսաց լեզու, այլ՝ ՐՏՊվՈÿ ՐպփՖ, «հարազատ, հայրենի լեզու»՝ այդպես էր կոչվում ռուսերենի դասագիրքը:
Եվ Սովետում ռուսաց լեզվից փախչել հնարավոր չէր:
Ընդհանրապես փոքրաքանակ ազգերը միշտ մի լեզու ավել պիտի իմանան, քան մեծաքանակները: Այսպես, ՍՍՀՄ-ում ռուսը կարող էր իմանալ եւ գիտեր միայն ռուսերեն, եւ դա նրան բավարար էր լիակատար երջանկության համար: ՍՍՀՄ, այսպես կոչված՝ «ազգային հանրապետությունների» ժողովուրդները՝ հայերը, վրացիները, էստոնացիները եւ մյուսները, պիտի իմանային եւ մեծ մասամբ գիտեին իրենց լեզուն եւ ռուսերեն: Սրանց միջի փոքրամասնությունները՝ ասենք՝ հայերը եւ ադրբեջանցիները Վրաստանում, տիրապետում էին արդեն երեք լեզվի՝ մայրենի, վրացերեն եւ ռուսերեն:
Ընդհանրապես, եթե լեզվաբան կամ գիտնական չես, շատ լեզուներ սովորելը համարյա անիմաստ զբաղմունք է: Վերին աստիճանի աշխատատար պրոցես, անընդհատ ինչ-որ անտրամաբանական կապեր հիշել՝ չէ՞ որ ոչ մի հիմք կամ բացատրություն չկա, թե ինչու պիտի հացը մի լեզվում կոչվի խլեբ, մյուսում՝ բրեդ: Բայց եւ անհրաժեշտ է: Աշխարհը հեղեղված է ինֆորմացիայով: Պետք է կարդալ գրականություն, սովորել գիտություններ, հաղորդակցվել այլ երկրների մարդկանց հետ… Պիտի լինի ազգամիջյան հաղորդակցության լեզու: Եվ ՍՍՀՄ-ում այդ դերը կատարում էր ռուսերենը: Կար երկաթե վարագույր, եւ ամեն արտասահմանյան բան, ինչ անհրաժեշտ էին գտնում վերեւներում, թարգմանվում էր ռուսերեն:
Բայց ՍՍՀՄ գնացքը գնաց: Աշխարհը գլոբալացվում է, նոր ինֆորմացիան գնալով շատանում է՝ թարգմանելու ժամանակ չի մնում: Այդ ողջ ինֆորմացիան, կամ համարյա ողջ ինֆորմացիան, ստեղծվում է անգլերեն: Իսկ ինչ էլ ստեղծվում է այլ լեզուներով, անմիջապես թարգմանվում է անգլերեն: Այդպես է պատահել պատմականորեն, ուզենք թե չուզենք: Մեծ ու հզոր ազգերը թարգմանում են ինչ կարողանում եւ հասցնում են, ավելի փոքր ազգերը դրա հնարավորությունը չունեն: Եվրոպայի հյուսիսում՝ Ֆինլանդիայից մինչեւ Հոլանդիա, անգլերեն գիտեն բոլորը, ինչպես մեզ մոտ ՍՍՀՄ-ում՝ ռուսերեն: Համարյա բոլորը գիտեն անգլերեն նաեւ շատ այլ երկրներում: Աշխարհը, ուզես թե չուզես, անցնում է ազգամիջյան հաղորդակցության մեկ լեզվի, եւ դա անգլերենն է: Անգլերենը Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության, Նիգերիայի եւ շատ այլ երկրների պետական լեզուն կամ լեզուներից մեկն է: Ուզես թե չուզես, այդպես է: Նույնիսկ Չինաստանում, իր ահռելի բնակչությամբ, ամբողջ թափով ուսուցանվում է անգլերեն, որովհետեւ անգլերենն անհրաժեշտ է զարգացման համար, միայն չինարենով առաջ չես գնա:
Հիմա, քանի՞ լեզու մեզանում պետք է ուսուցանվի դպրոցում: Մարդկության փորձը եւ, մանավանդ, մեր դպրոցներում օտար լեզուների ուսուցման փորձը ցույց են տալիս, որ մարդկանց մեծ քանակություններին երեք լեզու սովորեցնելը շատ դժվար է, ավելին, մեր հնարավորություններից դուրս է: Եվ մի՞թե այն եռանդը, որ կարելի է ծախսել այլեւայլ գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերելու վրա, պետք է հատկացնել մի երրորդ լեզվի ուսուցմանը: Աշխարհը գիտե դա, եւ անցնում է երկլեզվության: Շատ լեզուներ իմանալը թողնենք բացառություններին, իսկ երկու լեզուն պիտի լինի բոլորի, կամ համարյա բոլորի սեփականությունը: Ակնհայտ է, որ պետք է սովորել, նախ եւ առաջ՝ հայերեն, հետո՝ անգլերեն: Բայց գործում է ՍՍՀՄ իներցիան՝ մեզանում երկրորդ լեզուն դեռեւս ռուսերենն է: Դա սխալ է:
Հիմա ռուսերենն աշխարհում անգլերենի համեմատությամբ գտնվում է այն վիճակում, ինչ ՍՍՀՄ ազգային հանրապետությունների լեզուները ժամանակին ռուսերենի նկատմամբ: Իրենք՝ ռուսները գիտեն, որ պետք է սովորել անգլերեն, եւ սովորում են: Իսկ մենք, երբ հիմնական ուշադրությունը դարձնում ենք ռուսերենին, թույլ ենք տալիս տեխնիկական սխալ՝ ասենք, այնպես, ինչպես եթե Սովետական Ղարաբաղում շեշտը դնեին ոչ թե երկրի մեծ լեզվի՝ ռուսերենի, այլ տեղական մեծ լեզվի՝ ադրբեջաներենի վրա: Այդպես չի եղել եւ այդպես չի կարելի: Ոչ ոք, գոնե դեռեւս, կարծես մեզ չի պարտադրում ռուսերենը դարձնել երկրորդ լեզու, բացի իներցիայից, ապագան տեսնելու անկարողությունից եւ կայսերապաշտական հուշերից: Դա խանգարում է ինֆորմացիայի ստացմանը, այլ կերպ ասած՝ դանդաղեցնում առաջընթացը, իսկ մրցակցության ներկա պայմանները հաշվի առնելով՝ զրկում է հաջողության հույսից: Յուրացնել համաշխարհային ինֆորմացիան ոչ բնագրով, եւ ոչ թե մայրենի լեզվով, այլ երրորդ լեզվի թարգմանված՝ սխալ է:
Այս դեպքում սխալը մեր երկրի առաջընթացի համար կարող է ավելին լինել, քան սխալը: Կարելի է սովորել ռուսերեն որպես երրորդ լեզու՝ թող սովորեն՝ ով եւ ինչքան ուզում է: Հետո՝ ֆրանսերեն, սուահիլի, վիետնամերեն… Բայց երկրորդ լեզուն ճիշտ կլինի, եթե լինի անգլերեն: Եվ դա լինելու է, ուզենք թե չուզենք: Միայն այստեղ էլ, քաղաքական, բայց ոչ տրամաբանական, ոչ պրագմատիկ մոտեցման պատճառով, հետ ենք մնում անգլիախոսությունը ներդնող մեր հարեւաններից:
Բայց ողբերգականն այն է, որ մեզանում հիմա անցումային վիճակ է: Կրթության որակի անկման հետեւանքով ընկել է ռուսերենի իմացության մակարդակը, իսկ անգլերենինը դեռ բավարար չի բարձրացել: Այսինքն, ամենավատ իրադրությունն է, որը հաղթահարելու համար պետք է նպատակասլաց աշխատել:
ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.02.2015
Էս ինչ անգլերենի գովք էր…..Ձեր գրվածքները կարծես թե հավանում էի….բայց էս մեկը ջղայնացրեց…եղբայր, ով ինչ լեզու ուզում է, թող սովորի…ով է ում ձեռքը բռնել…բայց չի կարելի դա դարձնել պետական քաղաքականություն….եթե այսօր պարտադրորեն պիտի դառնանք երկլեզու, ապա վաղը կդառնանք միալեզու՝ այսինքն անգլախոս…իսկ ես դա չեմ ուզում..եթե պիտի մեռնեն աշխարհի լեզուները ու մնա մեկը՝ իսկ ես դա չէի ուզի, ապա թող մեռնեն բոլորը ու մնա հայերենը..բայց ես իմ քայլերով չեմ նպաստի դրան….այ քեզ բան..շատ թույլ, շատ վտանգավոր հոդված էր….
Թարգմանչաց տոն երեւի թե միայն հայերն ունեն..բա ուր են ձեր թարգմանիչները…թող հայերը թարգմանեն ուրիշի ստեղծած լավը ու չմոռանան մի բան էլ իրենք ստեղծեն եւ ուրիշները թարգմանեն հայերի ստեղծածը…..
Քանի լեզու գիտես, այդքան մարդ ես: Նման սխալ կերպով ընկալվող ու կիրառվող ասացվածք չգիտեմ: