Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տաղանդները 7-րդ անգամ Լոնդոն կգնան

Փետրվար 13,2015 14:30

St Johnþs Smith Square սրահում կայանալիք
համերգը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ փետրվարի 21-ին Լոնդոնի St Johnþs Smith Square սրահում կկայանա «Հայաստանի տաղանդներ» ծրագրի հերթական համերգը: «Առավոտի» հետ զրույցում «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը (լուսանկարում) հիշեցրեց, որ արդեն 7-րդ անգամ են ներկայանում լոնդոնյան հանդիսատեսին:

Հրավերը կրկին «Հայաստան» համահայկական հիմնադրամի լոնդոնյան մասնաճյուղի ատենապետ Արմինե Կարապետիի կողմից է, նախաձեռնությանը միացել է նաեւ Լոնդոնում ՀՀ դեսպանությունը:

2007 թվականին Մարիամ Շահինյանի ստեղծած «Հայաստանի պատանի տաղանդներ» նախագիծը, որը ներկայացրել է շնորհալի երաժիշտների ոչ միայն Երեւանից, այլեւ մարզերից, 5 տարի անց վերանվանվել է «Հայաստանի տաղանդների»: Վերջինիս միջոցով ոչ միայն հայաստացի, այլեւ արտերկրում հաստատված հայ աշխարհահռչակ երաժիշտներն են հանդես եկել: Մարիամ Շահինյանը պատմում է, որ անցյալ տարվա համերգին ներգրավված են եղել դաշնակահար Վահան Մարտիրոսյանը, Շվեյցարիայից մեցո սոպրանո Ջուլիետ Գալստյանը, Հայաստանից օպերային մեներգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը:

HAAF_Concert_Leaflet_2015_01

Ինչ վերաբերում է այս տարվա համերգին, որը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին, կազմակերպչի ձեւակերպմամբ, դարձյալ հետաքրքիր կլինի՝ ծրագրի եւ մասնակիցների առումով, կհնչեն հայ եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Համերգը ներկայացնելու են դաշնակահար Արմեն Աղաջանյանը, օպերային մեներգչուհի, սոպրանո Լիլիթ Սողոմոնյանը, օպերային թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը, շվեյցարաբնակ մեցցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը: Մեր երաժիշտները ելույթ են ունենալու ոչ միայն հայ, այլեւ տարբեր ազգությունների լոնդոնյան հանդիսատեսի առջեւ: Ի դեպ, 800 տեղանոց St Johnþs Smith Square դահլիճը միշտ լեփ-լեցուն է լինում: Արդեն 40-ից ավելի երաժիշտներ են ներկայացվել այս ծրագրի ներքո, սկսած 11-12 տարեկանից: Շատերը վերադառնալով հայրենիք՝ ունեցել են հաջողություններ, տարբեր մրցույթներում հաղթանակ են տարել եւ հանդես եկել աշխարհի լավագույն բեմերում»,- փաստում է մեր զրուցակիցը:

HAAF_Concert_Leaflet_2015_02

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը, «Ազգային պատկերասրահ», Վերադարձի փառատոները, «Պատանի տաղանդներ» ծրագրերը ունեն իրենց հստակ գաղափարախոսությունը, եւ դա կմնար իբրեւ գաղափարախոսություն, եթե դրանց պտուղները չքաղեինք, ու չհաջորդեին այլ ծրագրեր: Օրինակ, Վերադարձի փառատոնը վերադարձրեց մեր տաղանդավոր երաժիշտներին, եւ այդ փառատոնից հետո շատերն արդեն ներկայանում են տարբեր ծրագրերով»,- ասաց տիկին Շահինյանը: Նա տեղեկացրեց, որ արդեն ավանդական դարձած «Ազգային պատկերասրահն» այս տարի մայիսին էլ անակնկալներ կմատուցի, ինչ վերաբերում է ֆինանսական խնդիրների պատճառով 2014-ին չկայացած Վերադարձի փառատոնին, հիմնադրի խոսքով. «Միգուցե այս տարի կայանա, մեր գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը արձագանքի, որովհետեւ պրոյեկտը ներկայացված է: Ուզում ենք այն նույնպես նվիրել Ցեղասպանության հարյուրամյակին, դեռ սպասումների մեջ ենք: «Ազգային պատկերասրահ» փառատոնի մասին էլ ասեմ, որ մշակույթի նախարարությունը ֆինանսավորումը հաստատել է՝ մշակութային ծրագրերի աջակցության շարքում է»:

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահը դրական է համարում Հայաստանում փառատոների թվի աճը, քանի որ, նրա ձեւակերպմամբ, մրցակցության արդյունքում նաեւ որակ է ծնվում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728