Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնսերվատորիան հարուստ «բերք» ունի

Փետրվար 13,2015 14:00

Ուսանողները մրցանակներ են ստանում,
դասախոսների աշխատավարձերը բարձրացվել են

«Առավոտին» հասած տեղեկություններով, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսների մի մասը հունվար ամսվա աշխատավարձը ստանալիս հաճելի անակնկալի է եկել, ստանալով 50% բարձր, որոշները՝ նույնիսկ 100: Կոնսերվատորիայում նաեւ մեկ այլ հաճելի փաստ են գրանցել. տարին դեռ նոր է սկսել, բայց տեղական եւ արտերկրյա մրցույթներին մասնակցած բոլոր ուսանողներն էլ են հաղթանակներ ունեցել:

«50 տոկոսով բարձրացել է արվեստի վաստակավոր գործիչ եւ ՀՀ վաստակավոր արտիստ դասախոսների աշխատավարձը, իսկ 100%-ով՝ ժողովրդական արտիստի կոչում ունեցողներինը: Բարձրացել են նաեւ ադմինիստրացիայի որոշ աշխատակիցների՝ շուրջ 20 հոգու աշխատավարձերը 30-40%-ով: Այսպիսով, մոտ 100 դասախոս ու ադմինիստրացիայի աշխատող այլեւս կստանան բարձրացված աշխատավարձ: Դա արվել է մի քանի տարիների կոնսերվատորիայի բյուջեից խնայողությունների հաշվին: Կարծում եմ եւ գուցե խոստանում, որ ժամանակի ընթացքում կվերանայենք եւ առաջին իսկ հնարավորության դեպքում կբարձրացնենք նաեւ մնացածների աշխատավարձը»,- «Առավոտի» հետ զրույցում հաստատեց կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը (լուսանկարում):

Ռեկտորը հավելեց, որ ՀՀ ԿԳ նախարարության, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի անցկացրած «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի նպատակն էր բացահայտել ու խրախուսել ՀՀ բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն ու իրենց ակտիվ դրսեւորել բուհի ստեղծագործական աշխատանքներում: «Նման միջոցառումները ես նախեւառաջ կարեւորում եմ, որ դրանք նպաստում են ուսանողի առաջադիմության բարձրացմանը: Այս տարի մրցույթն անց է կացվել 7 անվանակարգում, որին գումարվել են Վեհափառ Հայրապետի կողմից սահմանված հատուկ մրցանակները: Մրցույթում հաղթող ճանաչված բոլոր ուսանողները ստանալու են դրամական պարգեւներ, ինչը կօգնի լուծել ուսման վարձի եւ կրթության հետ կապված խնդիրներ»,- հայտնեց պարոն Շահինյանը, նշելով, որ կոնսերվատորիայից հաղթող է ճանաչվել երկու ուսանող, իսկ Վեհափառ Հայրապետի կողմից սահմանված 3 հատուկ մրցանակներից մեկը բաժին է ընկել կոնսերվատորիային:
Ի դեպ, Սանկտ Պետերբուրգում կայացած Ռիմսկի-Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների 9-րդ միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին է արժանացել կոնսերվատորիայի դասախոս, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանի ուսանողը՝ Հովհաննես Ներսեսյանը: Երկրորդ մրցանակը շնորհվել է Ջուլիետա Ալեքսանյանին (դասախոս՝ Ալինա Փահլեւանյան): Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ այս տարի պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի սանը՝ Մանե Գալոյանը, ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած երիտասարդ մեներգիչների միջազգային մրցույթից վերադարձավ հաղթողի կարգավիճակով:

Անդրադարձ եղավ նաեւ կոնսերվատորիայի մասնակցությանը՝ Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներին: Շահեն Շահինյանը փաստեց, որ մեզանում անցկացվող մշակութային միջոցառումներին մշտապես մասնակից են հանրապետության պետական նվագախմբերը, երգչախմբերը, ճանաչված մենակատարները, որոնք ժամանակին ստացել են կոնսերվատորիական կրթություն կամ այսօր կոնսերվատորիայի դասախոսներ են եւ ուսանողներ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728