Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեն Գիլոյան. «Նախորդները դարտսի միջազգային ֆեդերացիայում Հայաստանը շատ են վարկաբեկել»

Փետրվար 13,2015 13:30

Մարզական լրագրող Կարեն Գիլոյանը 2002 թվականին հիմնադրել է Հայաստանի դարտսի ֆեդերացիան, որի նախագահն է մինչեւ այսօր: Այդ ընթացքում ֆեդերացիան բավականին ջանքեր է գործադրել հանրամատչելի մարզաձեւը հանրապետությունում մասսայականացնելու ուղղությամբ: Ավելի ուշ «Առավոտ» օրաթերթը եւ ՀԱՕԿ-ը մարզաձեւն ընդգրկեցին ԶԼՄ-ների միջեւ անցկացվող սպարտակիադայի ծրագիր, ինչն իր հերթին դարտսի ընդգրկման ոլորտը մեծացնելու լրացուցիչ խթան է: Սակայն մարզաձեւը միջազգային ասպարեզ դուրս չի գալիս: Ինչո՞ւ: Խնդրի շուրջ զրուցել ենք Կարեն Գիլոյանի հետ:

– Պարոն Գիլոյան: Անցած 13 տարիների ընթացքում դարտս մարզաձեւը Հայաստանում կայացե՞լ է:

– Կարծում եմ` այո, թեեւ այսօր հատկապես մասսայականության առումով կարող էր ավելի լավ վիճակում լինել: Դարտսը վարպետության տեսանկյունից շատ լուրջ լինելով, նաեւ ժամանցային մարզաձեւ է, մատչելի երկու սեռերին, բոլոր տարիքային խմբերին: Այլ երկրներում դարտսը սիրված է նաեւ այն պատճառով, որ շատ ու շատ ակումբներում, ժամանցային ու սպասարկման վայրերում տեղադրված են թիրախներ եւ այցելուները մտնելիս, դուրս գալիս կամ այնտեղ լինելու ընթացքում փորձում են իրենց դիպուկությունը: Մեզ մոտ նման բան, որպես կանոն, չկա, չնայած խանութներում ու տոնավաճառներում թիրախ էլ է վաճառվում, նետիկներ էլ: Այստեղ լավագույն դեպքում սակավաթիվ ընտանիքներ կլինեն, որոնց տան պատից դարտսի թիրախ է կախված:

– Վարպետության առումով վիճակն ինչպե՞ս է:

– Մենք Հայաստանի առաջնություն, ամեն տարի մի քանի մրցում ենք կազմակերպում, բայց, ցավոք սրտի, դրանից այն կողմ անցնել` միջազգային ասպարեզ դուրս գալ, չենք կարողանում:

– Ինչո՞ւ: Միջազգային ֆեդերացիայի հետ չե՞ք համագործակցում:

– Այստեղ մի տխուր պատմություն կա: Մինչեւ 2002 թվականին մեր ֆեդերացիան գրանցելը, այստեղ ակումբի նման ինչ-որ բան է եղել, որը միջազգային ֆեդերացիայի հետ աշխատելու տարբերակներ ունեցել է: Բայց վատ հայերը Հայաստանն այնպես են վարկաբեկել, որ միջազգային ֆեդերացիան մինչեւ հիմա չի ցանկանում որեւէ կոնտակտի մեջ մտնել մեզ հետ: Նախորդները մրցաշար մասնակից գործուղելու փոխարեն վիզաներ են ձեւակերպել ու տուրիստներ տարել` օգտագործելով փող աշխատելու հայտնի տարբերակները: Հետո մեր ազգային անվտանգությունը դա բացահայտել է, միջազգային ֆեդերացիային էլ գրել, թե ինչ է կատարվում: Նրանք էլ նեղացել ու հիմա մեզ հետ ոչ մի կերպ կապի մեջ չեն մտնում: Քանի անգամ գրել եմ, բացատրել, որ այն ժամանակ ֆեդերացիա չի եղել, մենք նոր ենք ստեղծել, որ տեղյակ չենք, թե նախկինում ում հետ են աշխատել: Գրել եմ, որ ես Հանրային հեռուստատեսության մարզական մեկնաբան եմ, խնդրեմ` մտեք համացանց, կարդացեք, ծանոթացեք: Ես նման բաներով, բնականաբար, ոչ զբաղվել եմ, ոչ էլ զբաղվելու միտք ունեմ: Ուղղակի, մարզաձեւը սիրում եմ եւ նպատակս դարտսը զարգացնելն է: Ու ոչ մի կոնտակտ: Իսկ երբ աճ չկա, մեր աշխատանքն ինչի՞ է նման: Ավելի շատ` ժամանցի: Դարտսը, կրկնում եմ, շատ լուրջ մարզաձեւ է: Աշխարհի առաջնություններ ու լուրջ մրցաշարեր են կազմակերպվում, որոնց մարդիկ շատ լուրջ պատրաստվում են: Անգամ խոսվում է դարտսը օլիմպիական մարզաձեւ դարձնելու մասին: Այս ֆոնի վրա մեր վիճակն ինչի՞ է նման: Հայաստանի չեմպիոն ենք որոշում: Իսկ հետո՞: Ոչինչ: Եթե քո ազգային ֆեդերացիան միջազգային ֆեդերացիայի անդամ չէ, միջազգային ոչ մի մրցման մասնակցել չես կարող: Ոչ մրցումների գրաֆիկ են ուղարկում, ոչ հրավեր:

– Փաստորեն, ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք չկա՞:

– Այս տարի մի վերջին անգամ գրելու եմ: Որ կանք, գործում ենք, որ իրենցից ոչինչ չենք ուզում: Ավելին, պատրաստ ենք մեր ուժերով գնալ եւ մրցումների մասնակցել:
– Նպատակահարմար չի՞ լինի` գրեք նաեւ, որ միջազգային ֆեդերացիան իր այդ վերաբերմունքով ըստ էության խոչընդոտում է իրենց իսկ մարզաձեւի արմատավորմանն ու զարգացմանը մի ամբողջ երկրում:

– Ինչ բովանդակության նամակ ասես, ուղարկել եմ: Մի վերջին անգամ էլ կփորձեմ: Եթե ամեն բան մնաց նույնը, հավանաբար, կհրաժարվեմ ֆեդերացիան ղեկավարելուց: Գուցե մեկ ուրիշը գա ու նրան հաջողվի: Ես դրա համար միայն ուրախ կլինեմ:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում` Կարեն Գիլոյանը եւ դարտսի Հայաստանի չեմպիոն,
մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը (աջից):

«Առավոտ» օրաթերթ
12.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728