Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքերին արդարացնողները թող նրանց հետ կիսեն իրենց մայրերին, կանանց, երեխաներին»

Փետրվար 13,2015 13:00

Ըստ Սերգեյ Շաքարյանցի՝ պետք չէ քննադատել հռչակագիրը

Հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը, որը միաձայն ընդունվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ժամանակ: Վերոնշյալ փաստաթուղթն ընթերցեց նախագահ Սերժ Սարգսյանը: Հայտարարվեց, որ հռչակագրի մայր օրինակը ի պահ է հանձնվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, մեկ օրինակը, ինչպես նշեց Սերժ Սարգսյանը՝ կուղարկվի Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, եւ եւս մեկը՝ կհանձնվի Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ:

Հռչակագրի ընդունմանը հաջորդեցին քննարկումները հասարակական, քաղաքական, մշակութային եւ այլ շրջանակներում, ինչը ենթադրում է, որ եղան նաեւ քննադատություններ, մասնավորապես այն կապակցությամբ, որ հռչակագրի տեքստը թերի է: Այս առիթով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ իր տեսակետն արտահայտեց՝ քննադատելով, թե գավառամտություն է եւ ամբողջ հայության միասնականության գաղափարը չի ներկայացնում:

Հայոց ցեղասպանության հռչակագիրը հաջողված փաստաթո՞ւղթ է, թե՞ ոչ՝ պատասխանելով «Առավոտի» այս հարցին, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն ասաց, որ ինքը չի հասկանում այն մարդկանց, որոնք քննադատում են մի փաստաթուղթ, իմանալով, որ Հայաստանում այն հիշվում է իբրեւ տխուր արտահայտությամբ, պատմության սխալ կատեգորիայով. «Մենք բոլորս ենք հասկանում, որ այդ ոճրագործության հարյուրամյակն ինչ-որ կերպ պետք է լիներ հասու եւ հասկանալի արտաքին աշխարհի համար: Հասկանում ենք, որ ինչ-որ մի բան անպայման պետք է լիներ: Իսկ հասարակությունը միակարծիք է, թե ոչ, դա այլ հարց է, հասարակությունը կարող է տարբեր մտքեր ունենալ, թե ինչու է դա տեղի ունեցել: Ողջ հայ ժողովուրդը չի կասկածում, որ եղել է ոճրագործությունը, որը պետք է դատապարտվի: Կիսել այն մարդկանց կարծիքը, թե այդ փաստաթղթում այս կամ այն նախադասությունը պետք էր, թե ոչ, համաձայն չեմ, գուցե ուրիշ ավելի ծանրակշիռ փաստաթուղթ էր պետք ու դա կապ չունի, թե տարբեր քաղաքական, հասարակական ուժեր որ կողմ են կողմնորոշված: Ես զարմանում եմ, որ մեր հասարակությունում հայտնվում են թուրքասերներ, նման մարդկանց ես կարտաքսեի Թուրքիա, ով սիրում է թուրքին, թող սիրի, գնա ապրի թուրքի հետ: Բարեբախտաբար, մենք չենք մոռացել, որ Թուրքիայի 60 տոկոսը դա Հայաստան է, հետեւաբար գնացեք այնտեղ ապրեք, բայց մի ոտնահարեք հասարակության մյուս մասի իրավունքը՝ ատել թուրքերին ու հիշել կատարվածը՝ ցեղասպանությունը»:

Սերգեյ Շաքարյանցը նաեւ գտնում է, որ թուրքերին արդարացնող բացատրություններ պետք չէ փնտրել: Իսկ այն մարդիկ, որոնք այն կարծիքին են, թե մեր ազգն էլ իր մեղավորությունն ունի, առաջարկում է թուրքի հետ գնալ ամեն ինչ կիսել. «Թող կիսեն իրենց մայրերին, կանանց ու երեխաներին: Թուրքը լավը լինելու դեպքում, շրջակա ազգերը չէին լարի թուրքին….Պետք չէ նսեմացնել հայ ազգի վիշտը: Թշնամին պետք է իր տեղն ունենա…»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728