Այս լուսանկարը նկարել եմ 2013թ. փետրվարին՝ Սոս Սարգսյանի՝ Տերյանի փողոցում գտնվող տանը: Վարպետը վատառողջ էր, երբ հյուրընկալվեցինք նրան՝ Վանուշ Շերմազանյանի ու Արմեն Դավթյանի հետ: Սոս Սարգսյանն ուզում էր Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրվա առիթով հարցազրույց տալ: Մաթեւոսյանական թեմայով հարցազրույցից նա բխեցրեց, որ հայ մարդը պետք է տեր լինի երկրի, երեխայի, կնոջ, անտառի:
Վարպետը մյուս վարպետին՝ Հրանտ Մաթեւոսյանին որակեց որպես «ֆոլքների կողքին դնելու տղա», որին հայերս ականջալուր չենք լինում: Հարցազրույցը ժամանակ առ ժամանակ ընդհատելով՝ Սոս Սարգսյանը որոշ դրվագներ էր պատմում իր կյանքից, մամուլի՝ իր մասին հրապարակումներից, ուրախ ու ոչ այնքան ուրախ առիթներից, իսկ կողքին նստած էր տիկինը՝ Նելլի Սարգսյանը: Երբ հարցրինք՝ օգնո՞ւմ է իրեն տիկին Նելլին՝ իբրեւ նեցուկ եւ գաղափարակից, վարպետը ժպտալով կատակեց. «Ես հիմա այն տարիքում ու այն վիճակում չեմ, որ մի բան այն չասեմ»: Քիչ անց էլ հավելեց. «Իսկ եթե ուզում եք ճիշտն իմանալ, ինքը իսկապես գովելու է՝ եւ մաքրասեր է, եւ հավատարիմ, եւ հոգատար»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.02.2015