Ճաշատեսակների եւ խմիչքների զուգակցումը` ըստ միջազգային նորմերի, ունեն մատուցման որոշակի կանոններ, բայց ամեն դեպքում պետք չէ մոռանալ, որ ընտրությունը կախված է նաեւ ազգային սովորույթներից։
Երբ պատրաստում եք ձուկ եւ խեցգետին, ծովախեցգետին (օմար), ապա հիշեք, որ դրանց հետ սովորաբար մատուցվում է սպիտակ, կիսաչոր գինի։
Ոստրեների հետ հրամցվում է չոր մուսկատ կամ չոր շամպայն, պանրի հետ՝ պորտվեյն։
Շատերը սիրում են մսային ուտեստներ, որոնց հետ մատուցվում է կարմիր, իսկ հավի մսի հետ՝ վարդագույն գինի։ Յուղոտ, աղի եւ համեմունքներով ճաշատեսակների հետ խորհուրդ է տրվում մատուցել օղի, վիսկի: Բանջարեղենների հետ (սունկ, դդմիկ, կաղամբ)՝ կարմիր գինի, իսկ քաղցր ճաշատեսակների հետ (պուդիեգ, դոնդող) մասնագետները խորհուրդ են տալիս մուսկատ մատուցել։
Պետք է չոր շամպայնի սիրահարները հիշեն, որ իրենց սիրելի խմիչքը համադրվում է պաղպաղակի հետ, իսկ սուրճի եւ թեյի սիրահարներին հիշեցնենք, որ դրանց հետ մատուցվում է կոնյակ, լիկյոր, օղի: Գարեջուրը պետք է մատուցել աղի ձկան, աղի մսաճաշատեսակների, պանրերի հետ, բայց ոչ մի դեպքում գարեջուրր եւ օղին իրար հետ չեն մատուցում։
Խորհուրդ չի տրվում գինիները մատուցել ցիտրուսային մրգերի, ապխտած ու աղի մսի եւ ձկան հետ, կարելի է միայն բանջարեղենային ճաշատեսակների, ինչպես նաեւ ձվի եւ շոկոլադի հետ: Փոխարենը խորհուրդ է տրվում չոր գինին մատուցել քաղցրեղենից առաջ, թույլ գինին` թունդից առաջ, վատորակ գինին մատուցել լավորակից առաջ։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
12.02.2015