Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ խորհրդի նիստը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդի նիստում ծրագրային ելույթի ընթացքում հայտարարեց, որ թե շատերի սպասելիքների տիրույթում էր, որ այսօրվա խորհրդի նիստում մենք ազդարարելու ենք Սահմանադրական բարեփոխումների հաջորդ փուլի մեկնարկը: Այնուհետև շեշտեց. «Մեկ անգամ ևս պիտի անդրադառնամ, թե ինչի համար ենք մենք այդ ամենը նախաձեռնել: Բարեփոխումների հայեցակարգը վաղուց է պատրաստ և իմ սեղանին է: Դուք բոլորդ դրա մասին գիտեք: Ոչինչ ինձ չի խանգարել և չի խանգարում ստորագրել համապատասխան փաստաթուղթը և սկսել նոր Սահմանադրության նախագծի մշակման փուլը, ավելին՝ հաշվի առնելով, որ դրա համար առկա է սատարման ավելի քան անհրաժեշտ քաղաքական պաշար»:
Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը ունե՞ր այդ իրավունքը նման հայտարարություն անելու, այն դեպքում, երբ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ չկա քաղաքական կոնսոլիդացիա, ինչի մասին բազմիցս շեշտել է Վենետիկի հանձնաժողովը, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչ անհրաժեշտ է, որ նման կոնսոլիդացիա լինի, հերթական անգամ հանգիստ կկեղծեն: Նույն Վենետիկի հանձնաժողովը և նման հանձնաժողովներ բազմիցս ասել են, թե չի կարելի կեղծել ընտրությունները, քաղաքական դաշտը, տնտեսությունը չի կարելի մենաշնորհային պահել: Բայց քաղաքական դաշտը ևս մենաշնորհայնացրել են, որևէ խնդիր չկա, որ այս հերթական սահմանադրական գործընթացները չկեղծեն, եթե մենք ամբողջ հասարակությամբ պայքար չմղենք»:
Հիշեցնելով,որ Սերժ Սարգսյանը մարդու իրավունքներից ու քաղաքական կատեգորիաներից է խոսում, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեց, այդպիսի քաղաքական կատեգորիաներո՞վ ենք մենք անցնելու մինչև վերջ: Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մրցակից էր: Րաֆֆի Հովհաննիսյանի կրթությունն իր քաղաքական մտահորիզոնը, այդքան կեղծելը, նկատի չէ՞ր առնում, որ ասում էին՝ լավ, կեղծել ես, արի նոր խորհրդարանական ընտրություններ մշակի, քաղաքական դաշտը մաքրենք, ասաց՝ չէ, գնում եմ այնպես, ոնց որ գնում եմ, ապրիլի 9-ով մի բռնություն կիրառեցին, պայքարը կանգնեց: Այդ ժամանակ քաղաքական կատեգորիաների մասին չէ՞ր մտածում, Սահմանադրությունը խախտում ենք, որ նորմալ ընտրությունները անցկացնե՞նք: Կգրեն էլի, էն ժամանակ չգիտեմ ՀՀ-ում ինչքան մարդ մնացած կլինի, բայց կգրեն երկու միլիոն մարդ է մասնակցել ընտրություններին: Այդպես սահմանադրական փոփոխություններ էլ կանեն, անհրաժեշտ հանրային աջակցություն էլ կլինի»: Մեր այն դիտարկմանը՝ ժամանակին, երբ ՀՀ նախագահը հետաձգեց սահմանադրական բարեփոխումների իրականացումը, դա ոչ իշխանականները հաղթանակ համարեցին, այժմ իրենց պարտվա՞ծ են զգում և ի՞նչ քայլերի են դիմելու, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Ո՞վ է ասել հաղթանակ, հաղթանակ ինձ համար միայն մեկ բան կլինի, եթե լինեն արտահերթ ընտրություններ և ժողովուրդը իր քվեով անկաշկանդ նոր իշխանություն ձևավորի, մնացածը հանգրվանային առաջխաղացում է»: Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրենք կուսակցության ներսում և իրենց ընդդիմադիր գործընկերների հետ հետագա քայլերը կքննարկեն: Հարցին՝ ներքաղաքական սրացումներ սպասելի՞ են, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Առանձնապես սրացումներ պետք չեն. երկիրը տեղով մեկ ներքաղաքական և արտաքին սրացումների մեջ է: Նույնիսկ Սերժ Սարգսյանի այս ելույթը սրացման առկայության ընդունում է»:
Արմեն Մարտիրոսյանը խիստ մտահոգություն հայտնեց մեկ օր առաջ ՀՀ նախագահական նստավայրի դիմաց զոհված չորս զինվորների մայրերի նկատմամբ կատարված բռնության վերաբերյալ ու վրդովվեց. «Նրանք ոչ հեղափոխություն էին անելու, ոչ ահաբեկչական ակտ, դա ի՞նչ կապ ունի Սահմանադրության հետ, որ նման կերպ վարվեցին: Ի՞նչ պիտի անեին այդ երեք-չորս կինը, որոնք իրենց ամենաթանկ բանը տվել էին պետությանը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
շշշշշ… սուս, խոխերք… մեծերը կռվում են… չպիտի խառնվիլ…