Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյանը Սերժ Սարգսյանի՝ Գագիկ Ծառուկյանին քննադատելու առիթով հիշեց Հիտլերին

Փետրվար 12,2015 23:19

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ խորհրդի նիստը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդի նիստում հնչեցրած խոսքում սուր քննադատության է  ենթարկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Մասնավորապես նա հայտարարել է. «Այո, ողբերգություն է, ինչ-որ տեղ նաև զավեշտ, որ Գագիկ Ծա­ռուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի: Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Թիմա­կիցներն անընդհատ ջանք են թափում բացատրելու, թե որն է «այբը», որը՝ «բենը»: Ոմանք սեփական օրակարգն են գրում, դեմ տալիս՝ մտքում համոզված լինելով, որ «միևնույն է՝ չի հասկանալու ինչ է հնչեցնում»… ախր էս ամենը քո ի՞նչ խելքի բանն է, եղբա՛յր: Ախր քաղաքական դաշտը բազկամարտի ֆեդերա­ցիա չէ՝ այստեղ այլ հատկանիշներ են հարկավոր»:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը իր խոսքում նշել էր Գագիկ Ծառուկյանի մտավոր ցածր ունակությունների մասին ու հրամանագիր ստորագրել՝ նրան ազատելով Ազգային անվտան­գության խորհրդի անդամի կար­գավիճակից  ու հորդորել վարչապետին հանձնարարել համապատասխան մարմիններին ստուգել Ծառուկյանի չվճարած հարկերի, ոչ օրինական ճանապարհով կուտակած միլիարդների մասին լուրերի իսկությունը:

Aravot.am-ը ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց ի՞նչ գնահատական կտա երկրի նախագահի՝ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած դիտարկումներին: Պարոն Ուրիխանյանը նախ չցանկացավ խոսել, նկատեցինք, թե այս անգամ առանձնահատուկ դեպք է, ի պատասխան պարոն Ուրիխանյանն ասաց. «Սերժ Սարգսյանը միշտ էլ նման բաներ ասում է: Տասնմեկերորդ ժամն է, ես գտնվում եմ հիվանդանոցում՝ ընտանիքիս անդամին տեսակցության, ուստի հայտնում եմ խիստ անձնական և առաջին պոռթկումս»: Այնուհետև ասաց. «Հիտլերն էլ էր կիրթ ու ինտելեկտով օժտված անձնավորություն, կոտորեց քառասուն միլիոն մարդ, իսկ մեր երկրում աղքատությունը հասնում է քառասուն տոկոսի, մարդիկ հաց ու դեղ չունենալուց են կոտորվում. կարեկցելու, մարդու վիճակը ընկալելու պատասխանատվությունը ստանձնելու ու այն կրելու համար սիրտ ու հոգի է պետք, իսկ մնացածը երկրորդական է դառնում»: Ուրիխանյանը հորդորեց «Մնացածի մասին թող գիշերն անցնի, հետո»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ այս ելույթը համարել պատերազմ ԲՀԿ-ի՞ն, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Այո, մոտավորապես այդպես: Րաֆֆի Հովհաննիսյանն է՞լ էր չարիք, դրա համար ընտրությունները կեղծեցին մինչև վերջ, «Ժառանգությունը», մնացած քաղաքական ուժե՞րն էլ էին չարիք, դրա՞ համար կեղծում են բոլոր ընտրությունները՝ չորս հարյուրից հինգ հարյուր հազար ձայն կեղծելով: Բոլորը չարիք են միայն իրե՞նք են հրաշք: Ու ժողովուրդը այդ հրաշքից հարյուր հազարներով փախչում է: Արև են, էնպես են վառում, որ բոլորը փախչեն»: Կապված Գագիկ Ծառուկյանի՝ հարկերի չվճարման և անօրինական միլիարդների մասին ՀՀ նախագահի դիտարկումներին ի պատասխան Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց Ռոզա Ծառուկյանի խոսքերը. «Մուծեմ, որ գնան մեր գումարները ծախսեն կազինոներու՞մ»: Հետո էլ հավելեց. «Մինչ հիմա չէի՞ն տեսնում, որ չէր մուծվում: Հիմա ուղղակի պայքարի տրամաբանությունն է փոխվել: Եթե Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարկային տեռոր իրականացվի, սա մաքուր քաղաքական հետապնդում կլինի: Եթե նման բան եղել է, իրենք իմացել են ու ընթացք չեն տվել, չեն կանխարգելել, ապա մեղսակից են դարձել: Հակառակ դեպքում ընդամենը կոմպրոմատ են հավաքել և դրա որևէ գործադրում լինելու է քաղաքական հետապնդում, արդարության, հավասարության բոլոր սկզբունքների խախտում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Gayane (ԵՊՀ) says:

    Էս երկրի միակ չարիքը և ժանտախտի բացիլը հհկ ախոռն է, իր ախոռապետով…

  2. Լիլիթ Հարությունյան says:

    Հարկային պարտավորությունները կատարում են, որ պետությունը կարողանա ապահովել իր քաղաքացիների արժանապատիվ ապրելու իրավունքը: Հայ ազգն իր հոգեբանությամբ մուրացիկ ու ուզվոր չէ: Այսօր ՀՊԱՐՏ ՀԱՅ ՄԱՐԴՈՒՑ, ցավոք, ոչինչ չի մնացել: Այս իրավիճակի համար մեղավոր են նաև բոլոր այն գործարարները, ովքեր թաքցնում են իրենց իրական եկամուտներն ու խուսափում հարկային պարտավորություններից, քանզի Հայաստանի Հանրապետության բյուջեն ձևավորվում է հարկերից: Բարեգործություն չեն անում ազգին աղքատացնելու ու նրան, որպես ողորմություն, ժամկետանց սնունդ կամ մի քանի կոպեկ տալու, ինչպես նաև այդ, այսպես կոչված, բարեգործությունը օրնիբուն թմբկահարելու հաշվին :

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728