Լրահոս
Օրվա լրահոսը

Սերը մարդու մեջ աստվածայինը տեսնելն է

Փետրվար 12,2015 22:24

«Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել: Եթե միմյանց սիրենք, Աստված բնակվում է մեր մեջ. եւ նրա սերը մեր մեջ կատարյալ է» (Ա Հովհ.4.12),-ասում է Ավետարանը: Ճշմարիտ սիրո, ինչպես նաև կողակցի հետ միության մասին մեզ հետ զրուցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Վահան սարկավագ Սահակյանը:

 «Այս է իմ պատվերը. որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ» (Հովհ.15.12),-ասում է Քրիստոս: Վահան սարկավագ, ո՞րն է այս սերը: 

-Այն սերը, որով Քրիստոս սիրեց մեզ, առաջին հերթին գործ եղավ, ուստի սիրել նրա նման, նշանակում է գործել նրա օրինակով: Իսկ Նա Իր անձը զոհեց հանուն Իր սիրելիի՝ Եկեղեցու: Եվ նմանվել Քրիստոսին` նշանակում է հենց ի վիճակի լինել տալու, քանի որ «երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը» (Գործք 20։35): Բանական, տրամաբանական ինչ-որ որոշումների կույտ չէ անձնազոհությունը, հաճախ նույնիսկ անտրամաբանական քայլեր են, որոնք ղեկավարվում են մի անտեսանելի ուժի կողմից, որ ստիպում է մարդուն, բայց ոչ իր կամքին հակառակ. մարդն իր ողջ էությամբ կամենում է տալ իրեն: Քրիստոսին նմանվելու ճանապարհը սա է. ուրիշ ճանապարհ դժվար է գտնել: Հովհաննես Ավետարանիչն ասում է. մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ «առաջինը Նա´ սիրեց մեզ» (Ա Հովհ. 4.19), ուրեմն՝ մենք էլ պարտավոր ենք միմյանց համար զոհելու մեր անձերը: Հենց սա է իրական սրբության պարզ ուղին. «Չկա ավելի մեջ սեր, քան այնոր մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15:13): Սիրո և սրբության այդ հերոսական սխրանքներին մենք այսօր էլ ենք հանդիպում. զինվորները սահմանի վրա զոհաբերվում են ոգու անբացատրելի ոստյունով, մեկն իր անձն է տալիս մյուսի անկենդան դին փրկելու համար անգամ:

Անձնազոհությունը, սակայն, անպայմանորեն մահ չի ենթադրում: Մեր առօրյայում ևս կարող ենք հաճախ հանդիպել աստվածային սիրո շողարձակումների: Սեր է, երբ ծնողներն ամբողջ մի կյանք են նվիրում իրենց զավակներին: Սեր է, երբ մեկը դոնոր է դառնում, երբ մարդիկ իրենց ունեցածից կարողանում են բաժին հանել չունևորի համար: Սեր է, երբ մեկը փողոցում փորձում է օգնել անծանոթ մեկին: Սրանք սիրո դրսևորումներ են, երբեմն ոչ գիտակցված, բայց, միշտ մեզ հետ, մեր կողքին: Պարզապես ոմանք կարողանում են տեսնել, ոմանք՝ ոչ: Հաճախ, սակայն, մենք չենք էլ գնահատում այն, ինչ անում կամ տեսնում ենք: Երբեմն նման քայլերը գովեստի արժանանալու փոխարեն բախվում են ծաղր ու ծանակի, տարօրինակ հայացքների:

ավոք, մենք այսօր հաճախ ականատես ենք սիրո՝ շատ ցածր, զգայական մակարդակի ընկալմանը:

-Համաձայն եմ. հիմա սեր երևույթը բավական հաճախ ստորացված վիճակում է, քանի որ իջեցվում է մինչև պարզ զգացմունքի մակարդակի, իսկ երբեմն դրանից էլ ավելի ցածր: Մինչդեռ սերը զգացմունքից վեր մի բան է: Ինչ-որ մեկի նկատմամբ կապվածությունը ևս դեռ սեր չէ: Սերը կարիքից ավելին է:

Իրականում չափազանց հեշտ է տարբեր բաներ շփոթել սիրո հետ: Պետք է կարողանալ ճանաչել սերը, և այս դեպքում պետք է ապավինել Աստծուն, որպեսզի Նա ճանաչեցնի: Ինձ համար, առաջին հերթին, սերն անձնավոր է՝ Աստված, ում կարող ես հանդիպել ինչ-որ մեկի մեջ: Սիրահարները դիմացինի մեջ հանդիպում են Աստծուն, նրա մեջ տեսնում աստվածայինը, ինչն էլ հասցնում է երանության: Կարելի է ասել, որ սերն աստվածատեսության, Աստծո հետ հանդիպման յուրահատուկ փորձառություն է:  Սիրելիիդ մեջ կարող ես նույնիսկ շատ թերություններ նկատել, սակայն դրանք այլևս անարժեք են:

Աստված բարի է, սերը բարի է, կյանքում ինչ որ բարի և աստվածահաճո է, այն կարող է տեղավորվել սիրո ծիրի ներսում:

 -Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի» (Ծննդ. 2.18), և կողակից ստեղծեց նրա համար: Կխնդրեի խոսել նաև կողակցի հետ միության մասին:

-Կարծում եմ` քրիստոնյա զույգի միավորման միակ և գերագույն նպատակը կարող է լինել փրկությունը, ասել է թե` միությունն Աստծո հետ, Արքայության հաստատումն այդ միության մեջ: Սիրո կապերով միացած զույգը միասնական փրկության ճանապարհն է բռնում, որտեղ սերն իրենց փրկության գրավականն է: Ընտանիքում ամեն ինչ պետք է արվի փրկությունն ապահովելու համար: Իսկ փրկությունն ապահովել, նույնն է թե Աստծուն միանալ, նույնն է թե սերը հավիտենապես բնակեցնել իրենց փոխադարձ հարաբերություններում:

Ձեր մաղթանքը, հորդորը երիտասարդներին:

– Ներսես Լամբրոնացին ասում է, որ մարդն ունի երկու կամք՝ արտաքին և ներքին: Արտաքին կամքի վրա կարելի է բռնանալ, կարելի է ստիպել, որ մարդն անի քո ուզածը, բայց կա մի ներքին կամք, որի վրա չի կարող բռնանալ նույնիսկ Աստված. այդ ներքին կամքը շարժվում է միայն սիրուց դրդված: Ուզում եմ մաղթել, որ երիտասարդները սովորեն ականջ դնել ներքին կամքի ձայնին, որ շարժվում է լոկ Սիրուց դրդված, ասել է թե` Աստծո կամքի համաձայն: Մեկ խոսքով՝ սիրեք Աստծուն, սիրեք իրար, սիրեք ինքներդ ձեզ:

Հարցազրույցը` Մարիամ Ավետիսյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728