ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ խորհրդի նիստում
Բարև ձեզ:
Մենք կուսակցության խորհրդի նիստ անցկացնելու մասին որոշումը կայացրել ենք երկուշաբթի տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում: Խորհրդի այսօրվա նիստն ամբողջությամբ նվիրվելու է ներքաղաքական հարցերի՝ քաղաքական դաշտում առկա զարգացումներին և այդ դաշտում մեր կուսակցության հետագա քայլերին: Ասեմ, որ մենք բավականին լայն քննարկում ենք ունեցել նշված խնդիրների շուրջ գործադիր մարմնի նիստում, արտահայտվել են գործադիր մարմնի անխտիր բոլոր անդամները: Դեռ երկուշաբթի ես երկու-երեք օր ժամանակ էի խնդրել իմ գործընկերներից հնչեցված բոլոր տեսակետներն ամփոփելու համար: Այդ ամփոփումները ներկայացրել եմ արդեն այսօր՝ քիչ առաջ տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում, որտեղ էլ որոշում է կայացվել դրանք հնչեցնել խորհրդի նիստում և լսել նաև խորհրդի անդամների կարծիքները: Սա չի նշանակում, որ գործադիր մարմնի անդամներն այսօր այստեղ ելույթ չեն ունենալու:
Ասեմ, որ մեր վերջին քննարկումներն էապես տարբերվել են բոլոր նախորդներից: Հանրապետական կուսակցությունը քաղաքական ինստիտուտ է, և մեր քննության դիտակետում միշտ եղել են քաղաքական հարցեր, մեր կողմից շրջանառության մեջ դրվող բոլոր նախաձեռնություններին, հայտարարություններին կամ ելույթներին մենք վերաբերվել ենք որպես քաղաքական երևույթների, հետևաբար և քննարկել ու քաղաքական արձագանքներ ենք տվել դրանց: Այդպես եղել է միշտ:
Կարդացեք նաև
Ժամանակի ընթացքում, սակայն, մենք նկատեցինք, որ այն, ինչ մենք անում ենք, միշտ չէ կամ քաղաքական դաշտում գործող բոլոր սուբյեկտների հետ կապված չէ, որ իմաստ ունի: Մենք հասկացանք, որ քաղաքական յուրաքանչյուր գործընթաց, ավելին, տրամաբանության հետ կապ ունեցող ցանկացած երևույթ միանգամից աղճատվում և խեղկատակության է վերածվում, երբ գործընթացի մյուս ծայրում կրկին հայտվում է տարրական տրամաբանության և իրականության զգացողության բացակայության գործելաոճը:
Մենք անկեղծորեն տրամադրվել էինք գործադիր մարմնի նիստում քննարկել Գագիկ Ծառուկյանի վերջին ելույթը և պաշտոնապես արձագանքել դրան. ճիշտ այնպես, ինչպես մշտապես արձագանքում ենք քաղաքական դաշտի բոլոր հայտնի դերակատարների հրապարակային խոսքերին ու հայտարարություններին, որոնք առնչվում են մեզ: Ցավով պիտի արձանագրեմ, որ քննարկման ընթացքում, սակայն, գրեթե անդրադարձ չեղավ այդ ելույթին: Առաջին հայացքից սա տարակուսանք կարող է առաջացնել, մինչդեռ բացատրությունն իրականում շատ պարզ է. քննարկելու իմաստը ո՞րն է: Ի՞նչը քննարկենք. քննարկենք ի՞նչ է ասվել, թե՞ քննարկենք՝ արդյո՞ք հասկացել է, թե ինչ է ընթերցում:
Ու նույնը՝ տարիներ շարունակ: Թիմակիցներն անընդհատ ջանք են թափում բացատրելու, թե որն է «այբը», որը՝ «բենը»: Ոմանք սեփական օրակարգն են գրում, դեմ տալիս՝ մտքում համոզված լինելով, որ «միևնույն է՝ չի հասկանալու ինչ է հնչեցնում»: Գործընկեր կուսակցություններն էլ օր ու գիշեր քննարկում են՝ հասկացա՞վ արդյոք ինչ է անում, թե՝ ինչպես միշտ: Մարդ չգիտի՝ նախ բացատրի, թե ինչ դեր է ինքը վերցրել և ինչ է ասել հրապարակավ, հետո՞ պատասխանի դրանց, թե՞ միանգամից ասի՝ ախր էս ամենը քո ի՞նչ խելքի բանն է, եղբա՛յր: Ախր քաղաքական դաշտը բազկամարտի ֆեդերացիա չէ՝ այստեղ այլ հատկանիշներ են հարկավոր:
Լավ, բա մինչև ե՞րբ պետք է շարունակենք այսպես: Պարզ է չէ՞, որ այս ամենը հասկանում են բոլորը, պարզ է չէ՞, որ այս ամենը հասկացողները ժամանակի ընթացքում սկսում են անիմաստ համարել քննության առնել հնչեցված մտքերը, որոնք գիտակցված չեն արտասանվում: Ամեն ինչ ավելի քան պարզ է: Ահա թե ինչու չհնչեցին և չեն հնչում դիտարկումներ ելույթի վերաբերյալ, որի մասին խոստացել էինք քաղաքական կարծիք ձևավորել:
Հարգելի՛ գործընկերներ,
Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ մենք ուղղակի պարտավոր ենք մի պահ կանգ առնել ու հասկանալ, թե ինչպես ենք քաղաքական դաշտը կրկին դարձնում զուտ քաղաքական գործիչների հարթակ, ինչպես ենք քաղաքականությունը մաքրում տգիտությունից ու գործընթացները վերադարձնում մտավոր դաշտ: Առանց դրա շատ դժվար կլինի կանգնել զարգացման բոլոր այն մարտահրավերներին դեմ հանդիման, որոնք այսօր գոյություն ունեն:
Անշուշտ, շատերի սպասելիքների տիրույթում էր, որ այսօրվա խորհրդի նիստում մենք ազդարարելու ենք Սահմանադրական բարեփոխումների հաջորդ փուլի մեկնարկը: Բայց մեկ անգամ ևս պիտի անդրադառնամ, թե ինչի համար ենք մենք այդ ամենը նախաձեռնել: Բարեփոխումների հայեցակարգը վաղուց է պատրաստ և իմ սեղանին է: Դուք բոլորդ դրա մասին գիտեք: Ոչինչ ինձ չի խանգարել և չի խանգարում ստորագրել համապատասխան փաստաթուղթը և սկսել նոր Սահմանադրության նախագծի մշակման փուլը, ավելին՝ հաշվի առնելով, որ դրա համար առկա է սատարման ավելի քան անհրաժեշտ քաղաքական պաշար: Բայց ես կայացրել եմ կառուցողական որոշում և մինչ օրս առկախել եմ գործընթացը՝ հայտարարելով, որ սահմանադրական բարեփոխումներն ամենևին էլ ինքնանպատակ չեն, և ինձ համար բավականին մեծ նշանակություն ունի հնարավոր լայն քաղաքական կոնսոլիդացիա՝ համախմբում, ունենալու և դրանով առաջ գնալու հարցը: Ես դա արել եմ նաև անձամբ Գագիկ Ծառուկյանի խնդրանքով, ինչը սակայն հետագայում նրան սպասարկողները սկսեցին կոչել հետքայլ:
Սահմանադրական բարեփոխումները մարդկանց և քաղաքական գործիչների ու նրանց ամբիցիաների մասին չեն ամենևին, դրանք մեր երկրի, մեր զավակների ավելի ապահով ու զարգացման ավելի ամուր նախադրյալներով ապագայի համար են: Նոր Սահմանադրությունը կոչված պիտի լինի երկիրն առավելապես հեռու պահելու ցնցումներից, ամրացնելու և բալանսավորելու՝ հավասարակշռելու պետական համակարգը, բարձրացնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների պաշտպանության մակարդակը, ավելացնելու կայացվող որոշումների վրա հասարակության ազդեցության հնարավորությունները, ավելի արդյունավետ դարձնելու իշխանություն-ընդդիմություն փոխգործակցությունը և այլն: Սահմանադրական բարեփոխումներն ի վերջո կոչված են հստակեցնելու պետական իշխանության մարմինների, բարձրաստիճան պաշտոնյաների լիազորությունների շրջանակը և, դրանով պայմանավորված, նրանց պատասխանատվության սահմանները:
Կարևորագույն այսպիսի խնդիրների մասին են բարեփոխումները, ոչ թե անձերի կամ, ինչպես մատի փաթաթան են դարձրել՝ իշխանության վերարտադրության համար: Դա աբսուրդ է, ուղղակի աբսուրդ՝ անհեթեթություն:
Եթե իշխանության վերարտադրություն ասելով հասկանում են, որ հաջորդ համապետական ընտրություններում ժողովրդի մեծամասնության քվեն ստացած ուժը կամ ուժերը կձևավորեն իշխանությունը և կնշանակեն երկրի բարձրագույն պաշտոնյաներին, ապա անհասկանալի է, թե ինչն է դրանում վատ և ինչու են այդպես շեշտված բացասական երանգ հաղորդում այդ տարողունակ բառին: Իսկ եթե դեռ կա մեկը, ով ուզում է, որ ամեն ինչ մնա նույնը՝ կարծելով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կգնան ընտրության և, հաշվի առնելով իրենց, իրենց երեխաների ապագան և անվտանգությունը, Հայաստանի տեղը արդի աշխարհում և մեր առջև ծառացած մարտահրավերները, սոցիալ-տնտեսական առանց այն էլ բարդ խնդիրների վրա արտաքին միջավայրից եկող ահագնացող ճնշումները, անպայման կընտրեն մեկին, ով տարիներ ի վեր իշխանության մեջ լինելով հանկարծ սկսել է իրեն այլընտրանք հորջորջել, ով իրականում դատարկ տեղն իրեն փրկիչ է կարծում, ապա նա ոչ միայն ոչինչ չի հասկանում պետությունից, հասարակությունից, սոցիոլոգիայից ու քաղաքականությունից, այլև լրջորեն շփոթում է կյանքը կրկեսի հետ:
Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք:
Մինչդեռ իրականում սահմանադրական բարեփոխումներն ուղիղ հակառակի մասին են: Դրանք են, որ ի տարբերություն ներկա իրականության, պետք է ամրագրեն երկրում իշխանության անցնցում փոփոխության իրավական նախադրյալները: Դրանք են, որ կարող են հնարավորություն ստեղծել բոլոր առողջ քաղաքական ուժերի համար մշտապես ուղղակի մասնակիցը լինել իշխանության ձևավորման գործընթացներին: Նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում կան հայրենասեր, գրագետ ու աշխատող մարդիկ, մարդիկ, ում հետ կարող ենք ճանապարհ անցնել, ովքեր իսկապես կարող են խնդիրներ լուծել, ոլորտներ առաջ տանել և մեջք մեջքի կանգնել մեր երկրի դեմ ծառացած մարտահրավերներին դիմակայելիս: Ահա այսպիսի կոնսոլիդացիա, այսպիսի համախմբում է հարկավոր մեր երկրին, որ խնդիրները լուծենք, ոչ թե նոր խնդիրներ հարուցենք:
Բայց ունենք այն, ինչ ունենք: Քաղաքական լուրջ գործընթացների, քաղաքական լայն կոնսոլիդացիայի՝ համախմբման մասին դժվար է խոսել, երբ կարևորում ես քաղաքական ուժը, որտեղ կան լուրջ մարդիկ, բայց որը ղեկավարում է քաղաքականության և տարրական տրամաբանության հետ կապ չունեցող մարդ: Նման իրավիճակում իսկապես դժվար է խոսել ու որոշումներ ընդունել քաղաքական հիմնարար գործընթացների մասին: Այս պահին, շատ ավելի կարևոր է հենց հիմա զբաղվել քաղաքական դաշտի մաքրմամբ, քաղաքական դաշտում քաղաքական գործիչների համար տեղ բացելով, որ հնարավոր լինի քաղաքակա՛ն լուծումներ գտնել, քաղաքակա՛ն որոշումներ կայացնել:
Մենք պիտի քաղաքական դաշտը իսպառ մաքրենք ֆեոդալական տրամաբանությունից: Կիսաքայլերով կամ մանկամտությունն ու անընկալունակությունն անվերջ ներելով ժամանակի ընթացքում մենք շատ մեծ վնաս կհասցնենք մեր երկրին, մեր տնտեսությանը և մեր ժողովրդին: Ժամանակն է ամբարտավանին ցույց տալու իր տեղը, տգետին՝ իր տեղը, իսկ մոլորյալին՝ իրենը: Եվ ժամանակն է հստակություն մտցնելու դաշտում: Կուտակված քաղաքական խնդիրներն ուղղակի պիտի լուծել, և այդ գործընթացը մենք կսկսենք հենց այսօրվանից:
Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Ու դա բնական է: Քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատն ինքնաբերաբար դառնում է որևէ զարգացման ուղղակի արգելակ: Մի բան, ինչն ակնհայտորեն երևում է արդեն վաղուց: Ցանկացած լուսավոր անհատ կամ ցանկացած լուսավոր գաղափար մեր երկրում հրապարակ իջնելուց միանգամից մոլեգնում է խավարի ուժը. աղաղակ, պիտակավորում, անվանարկում, «ես այսօր այստեղ եմ և ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ» մակարդակից վեր յուրաքանչյուր մտքի բռնաբարում: Ծանո՞թ պատկերներ են, չէ՞: Իհա՛րկե ծանոթ են: Ու չասեք, թե սա միայն իշխանական գործիչների դեմ է օգտագործվում: Բոլորն ամեն ինչ շատ լավ հասկանում են:
Այո, ողբերգություն է, ինչ-որ տեղ նաև զավեշտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի: Վստահաբար նրա շրջապատի գրագետ մարդիկ նույնպես հոգու խորքում հասկանում են, որ այս տեսակի՝ պատերազմող երկրի քաղաքական էլիտայի մաս հանդիսանալը իրական վտանգ է: Պատկերացնու՞մ եք մի իրավիճակ, երբ Ծառուկյանը ԵԽ խորհրդարանական վեհաժողովում տեքստ է կարդում, որին հաջորդում են պատգամավորների, այդ թվում նաև թուրք և ադրբեջանցի պատգամավորների, հարցերը: Այո՛, պատկերացնելը շատ բարդ է և սոսկալի, իհարկե: Նրա արտերկրյա մի քանի հայտնի այցերի ընթացքում թողած ամոթալի տպավորության մասին մեր գործընկերների սարկազմային պատմությունները դեռ մինչ օրս մենք չենք մարսել:
Ու կրկի՛ն պետք է ասեմ, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք:
Սիրելի՛ հանրապետականներ,
Ստեղծված իրավիճակում ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը: Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը: Անձնական ինչ-որ շահ չեմ ունեցել. փորձել եմ ինձնով փակել ակնհայտ խնդիրը՝ այն շատ-շատերի խնդիրը չդարձնելու համար: Դա նախ և առաջ արել եմ որպես երկրի Նախագահ, որպես իշխող քաղաքական ուժի ղեկավար: Երկրի երկրորդ քաղաքական ուժի ֆորմալ ղեկավարի քայլերը չէին կարող կարևոր չլինել ինձ համար՝ հատկապես երկրում քաղաքական կայունությունը պահպանելու և մեր հասարակությանը ամենատարբեր արկածախնդրությունների մեջ ներքաշելու հեռանկարից հեռու պահելու համար: Միշտ փորձել եմ համբերատար լինել, ներողամիտ լինել, դանդաղ բացատրել, հանգիստ ուղղություն ցույց տալ: Երբեմն ընկալել է, երբեմն հնարավոր չի եղել իրողությունները պարզունակության աստիճանի հասցրած ներկայացնել, և ինչ-որ բան չի ստացվել: Սխալվել եմ: Փորձել եմ պաշտպանել շատերին, բայց չեմ նկատել, որ դրանով վնասում եմ ամբողջ քաղաքական դաշտը, քանի որ նման քաղաքական երևույթի առկայությունն ինքնին աղճատում է ողջ դաշտը:
Հարգելի ներկանե՛ր, բոլորդ իմ հավատարիմ թիմակիցներն եք: Մենք երկար ճանապարհ ենք անցել: Բայց ես շատ լավ գիտեմ, թե դուք մտովի որքան ժամանակ է ինձ մեղադրում եք նման քաղաքական կամ ավելի շուտ վայ-քաղաքական սուբյեկտ հովանավորելու, ավելին՝ աճեցնելու համար: Այո՛, դա սխալ էր, դա իմ սխալն է եղել, իմ ու մի քանի այլոց, ովքեր թեև դա անում էին ոչ թե «հանուն», այլ «ընդդեմ» նպատակներով, բայց նրանց մեղքն էլ ես իմն եմ համարում:
Սխալը պետք է ուղղել: Արագ, մինչև վերջ և հստակ: Այլևս որևէ մեկը կանգնելու կամ հապաղելու իրավունք չունի:
Իսկ հիմա, հարգելի ներկաներ, մեր քայլերի մասին:
- Այսօր իմ հրամանագրով Գագիկ Ծառուկյանը կազատվի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից: Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա:
- 2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը:
- Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին:
- Շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը: Վաղը ես հրավիրելու եմ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ մեր իրավապահների հետ համապատասխան անդրադարձ կլինի, թե ինչպես վարվել նման լուրերի հետ:
Վերջում ասեմ, որ խոսքս ամբողջությամբ Գագիկ Ծառուկյան քաղաքական կամ կեղծ-քաղաքական երևույթի մասին էր: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և գործարար, ես նրա հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում, եթե, իհարկե, հիմնավորապես հերքվեն օրենքի հետ խնդիրներ ունենալու մասին բոլոր լուրերը:
Այսքանը:
«Կռիշը» խոսեց…էս «գուլագի» գործ ա բացվում…կենացները գնալով քաղցրանում են…
Նախահարձակ է լինում …. Մեկ նկատառում, երբ ինչ որ մեկը խոսում է գրագիտությունից կամ կրթվածությունից արժի որ հայացք գցի իր մակարդակին կամ կրթվածությանը: Մի բանի հետ համաձայն եմ՝ չարիքներից պետք է ազատվել…… Չմոռանանք առաջին չարիքը- ՀՀԿ կուսակցությունն է
Եթե Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհուրդը ղեկավար չունի, նշանակում է այն չի գործում: Ինչպես՞ կարող էր Գագիկ Ծառուկյանը ներկա լինել չգործող կառույցի աշխատանքներին: Մեծագույն ողբերգությունը իրենց ՀՀԿ կոչող, որևե գաղափարախոսություն չունեցող մարդկանց կողմից երկիրը ղեկավարելն է։ Գագիկ Ծառուկյան երևույթը, որի հասցեին արված Սերժ Սարգսյանի ասածների հետ, ցավոք սրտի, անհնար է չհամաձայնվել, այդ կառավարման արդյունքն է: Սերժ Սարգսյանի կողմից Գագիկ Ծառուկյանի կողմից հարկերից խուսափելու և քրեական հանցանքներ կատարելու լուրերի իսկությունը ստուգելու մասին հայտարարությանը կարելի էր սպասել։ Այստեղ միայն մի պարզ հարց է ծագում, եթե մենք ապրում ենք օրինավոր երկրում, ապա ուր էիք մինչև այժմ։
փաստորեն Սերժ Սարգսյանը խոստովսնում է, որ Հայաստանում օրենք չկա։ Օրենքը բացառապես աշխատում է իր ցանկությամբ։ Տարիններ ի վեր շարունակում են օդում կախված մնալ «չստուգված» լուրերը նաև Լֆիկ Սամոյի, Չոռնի Գագոյի, Մուկի, Գագիկ Խաչատրյանի, Լիսկայի, Սաշիկի, Նեմեց Ռուբոյի և այլն մասին լուրերը։ P. S. Դոդի մասին ամեն ինչ ճիշտ էր ասված։
Հայաստան երկրի <> ս. սարգսյան, եթե խոսում եք ՀՀ. Կուսակցության, ընտրությունների միջոցով խորհրդարանում մեծամասնություն կազմելու , կամ ձեզ ընտրություններով նախգահի կարգելու մասին, ապա մի անգամ եվս հիշեք, թե ինչպիսի՞ խարդախություններով, կաշառքով ու դավադրություններով են, Ձեր ու “Մկան” ջանքերով կազմակերպվել, այդ կեղծ ընտրությունները` “պետական հանցագործություններն” 2012թ նախագահական ընտրությունում, Եթե Դուք իրո՞ք արդար վաստակել էիք այդ պաշտոնում աշխատելու մարդկանց քվեները, ապա Ինչու՞ խոչընդհոտեցիք մեր “ընդիմադիրներին” ու հասարակական կազմակերպություններին ներկայացնելու , ընտրությունների մասնակիցների ՑՈՒՑԱԿՆԵՐԸ… Ասեմ, որովհետեվ այդտեղ մեծամասնություն էին կազմում վաղուց կյանքից հեռացած, ստիպված արտասահման փախածների անուն ազգանունները… Եվ քանի դեռ չեք թարգել կարդալու ձեզ մատուցված, ժողովրդից կտրված, իրականության հետ կապ Չունեցող, շարունակական դարձած ԴԵՄԱԳՈԳ ճառերն, այդպես միշտ ԱՌՀԱՄԱՐՎԱԾ կմնաք Հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության կողմից… Եվ եթե Դուք մի քիչ ԱՄՈԹ, ԻՆՔՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԵՐԿՐՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԻՔ…ապա ՀԱԿԱՌԱԿ Հայաստանում ապրող ժողովրդի շահերի, Ձեր զավթած պաշտոնի չարաշահմամբ, երկրի Քաղաքա-Տնտեսա-Բարոյական կյանքում , այսքան ավերածություններ, (degenerate) այլասեռվածություններ, այլանդակություններ ու խարդախություններ Չէիք ներդնի :
Վերջապես: Պ. Նախագահ, եթե Դուք այսպիսի համարձակ քայլեր անեք, հավատացեք, վաղն ամբողջ ժողովուրդը կանգնելու է Ձեր կողքը: Ամեն մեկին հատ-հատ ցույց տվեք իրենց իսկական տեղը, քանի դեռ չեն կործանել մեր Հայրենիքը: Շոբլիկների խրախճանքն, ի վերջո, պետք է ավարտվի,էս արհեստականորեն ստեղծված քաոսին պետք է վերջ տրվի:
Պարոն Հայկ, բա որ Ծառուկյանը «մուծված նալոգների» ստացականները «հրապարակի»…ձեր նախագահը «դասական» Կոզա Նոստրաի ղեկավար է խաղում… իրա դեմ «խաղ չկա…»
Ով է մակարդակից խոսում,ով է պետությունից խոսում
Գող ավազակների ու տգետ քրեականների հովանավորը` մեօրյա Թալեաթը…
Երկրի գլխավոր չարիքը հհկ թափթփուկն է ու պիտի հեռացվի ասպարեզից…
Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայիս քաղաքական դրքորոշումը ճիր է: Ամեն մի մանկապիղծ չպետք է խոսա քաղաքականության մասին երկու կոպեկ կորզելուց հետո: Գագիկ ծառուկյանների նմաններին պետք է հետ բերել հարկային դաշտ, պետք է իր հանցանքների համար պատասխան տա օրենքի համար: ՈՒ յուրաքանչյուրը անկախ կուսակցության պատկանելիության պետք է պատասխան տա իր արածների համար: Եթե գործի նման մեղանիզմ երկիրը կշահի, իսկ եթե ըստ կուսակցությունների որոշվի արարքները ու դրան գնահատական տրվի ուրեմն ես երկիրը երբեք ոտքի չի կանգնի:
Այն, որ տևական ժամանակ է, ինչ ՀՀ-ում ուժի օրենքն է գործում, դա փաստ է, փաստ է նաև այն, որ վաղուց պետք է առաջացած բազմաթիվ հարցերի պատասխան տրվեր: Եթե այս ամենը դեմարշ չէ, այլ իրավիճակից բխող քաղաքական գործընթաց, ապա պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան տրվի, որի արդյունքում պետք է որ բազմաթիվ մարդիկ ընդունեն իրենց մեղքի բաժինը, ինչպես դա արեց Նախագահը: Այսպես՝ Տավուշի մարզում ԲՀԿ-ի գործունեության ակտիվացման ամենաականավոր դեմքերից ամենաականավորը նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանն էր, ում թեթև ձեռքով Իջևանի քաղաքապետարանը հանձնվեց ԲՀԿ-ին, օգտագործելով ՀՀԿ-ի ու գործադիրի ողջ ուժը, որի համար, ի դեպ, ոչ ոք պատասխան չտվեց, քաղաքական առումով իհարկե, դրանից հետո ԱԺ ընտրությունների ժամանակ, մեծամասնականի պահով ՀՀԿ-ի ողջ ուժն օգտագործվեց ՕԵԿ թեկնածուի համար, իսկ համամասնականում փաստացի մարզի ողջ տարածքում ԲՀԿ-ից պարտություն կրեց կամ հազիվ հավասար ձայն հավաքեց ու կրկին ոչ ոք պատասխան չտվեց: Հարց է առաջանում, ում թեթև ձեռքով է ՀՀԿ Տավուշի մարզային կառույցը կրկեսի վերածվում և որն է դրա բուն նպատակը: Ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորի ՀՀԿ-ն, մոտակա համապետական ընտրությունների ժամանակ, երբ ոչ մի անգամ իր թեկնածուի համար համախմբված չի աշխատել, երբ մարզային և տարածքային կազմակերպությունների ղեկավարների թեթև ձեռքով այլ կուսակցության անդամ ծնողների նկատմամբ ՛՛համաներում՛՛ կիրառելու նպատակով, նրանց երեխաներն ՀՀԿ են ընդունել /Իջևանում օրինակները բազմաթիվ են/: Այժմ Տավուշում մարզպետ է նշանակվել քաղաքական առումով անմեղսունակ մի մորդ, ով արդեն մեկ տարի է ինչ ղեկավարում է մարզը, սակայն այդպես էլ չի կարողանում ընկալել գոնե իր համար կարևոր խնդիրները: Եթե այս նոր մոտեցումները չհասնեն մարզեր, գոնե Տավուշ, հավաստիացնում եմ, որ ամեն ինչ այլ ընթացք է ստանալու, իսկ տավուշեցու համար առավել վատ բան, քան լքել Հայրենիքը, չկա:
էս ամենը, պարզապես քանի որ խեղճ մարդը չէ՞ր կարող շնորհքով փողկապ կապել…
Հաղթանակ տարած երկիրը պետք է տնտեսական վերելք կատարեր – այն, որ դա չի կատարվել, նաև՝ մենք, հանձինս արտագաղթին, նոր տիպի եղեռնի ենք ենթարկվում, փաստ է։ Հասարակությունը մեղավորներին լավ գիտի։ Դրսի պատվերով են մեր իշխանավորներն երկրին այս վիճակի բերել, թէ անհագ ընչաքաղցության հիման վրա, հիմա արդեն կարևոր չէ – երկիրն արմատական փոփոխությունների կարիք ունի և դրան այլընտրանք չկա ․․․․․
Տարիներ առաջ իրար իդիոտ էին ասում ու հիմա հանուն երկրի բարօրության համագործակցում են Սերժիկն ու Մանուկյան Վազգենը: Ի՞նչ նպատակով է այս թատրոնը Ցեղասպանության 100-րդ տարելիցից 2 ամիս առաջ բեմադրվում:
Հայր Աստված, քո աչքից ծածուկ ոչինչ չկա: Դու տեսնում ես, թե գազանը ինչպես է ղեկավարում տգետ մարդկանց չորացած ուղեղները, որոնք իրենք են նախընտրել իրենց վիճակները: Դու՝ միակդ Սուրբ և Արդար Աստված, ասել ես, որ դժվար դատերը Քեզ հանձնեն… Աղերսում եմ, Կենդանի Աստված, Հավիտենության Թագավոր, Քո ամենակարող զորությունով Քո Արդար դատը տես, ազատիր ժողովրդին գազանի երախից և այս պատերազմը դու պատերազմիր Քո Հիսուս Որդիով:Տուր գազանին իր արժանին և թող Քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա:
Հայր Աստված, տերերի Տեր և թագավորների Թագավոր, միակդ Սուրբ և Արդար, որով է ամենայն ինչ և առանց Նրա ոչինչ չկա,թախանձագին խնդրում եմ. քո խոսքին համամատ որ ասեցիր. Դժվար դատերը ինձ հանձնեք, Քեզ եմ հանձնում այս դժվար դատը, այս պատերազմը դու պատերազմիր Քո Հիսուս Որդիով, Թող Քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես երկրի վրա: Դու տեսնում ես, Դու լսում ես, Դու կպատասխանես: Թող Քո Կամքը լինի: Ընդունիր աղերսանքս որպես հայ ժողովրդի թախանձագին խնդրանք որն այլևս ուժ չունի դիմակայելու, իսկ Քո օգնությամբ թող փառավորվի էլ ավելի Քո Սուրբ Երրորդությունը.Հայր, Որդի և Սուրբ Հոգի: Ամեն