Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող անձինք ևս կզբաղվեն կարատեով

Փետրվար 12,2015 20:35

Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիան սկսում է «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» նախագիծը, որի նպատակն է հնարավորություն տալ հաշմանդամություն ունեցող անձանց ևս զբաղվելու մարտարվեստով և մասնակցելու հանրապետական ու միջազգային մրցումների: Նախագծի շրջանակներում կլինի յուրահատուկ ֆլեշմոբ, որին կմիանան նաև հայտնի մարդիկ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիայի գլխավոր մարզիչ Սևակ Հակոբյանը՝ ընդգծելով, որ այս նախագիծը հնարավորություն կտա կոտրել մեր հասարակության մեջ առկա այն կարծրատիպերը, թե սահմանափակ շարժունակությամբ մարդիկ չեն կարող ակտիվ ապրելակերպ վարել, սպորտով զբաղվել և ինքնադրսևորվել. «Սպորտով հնարավոր է զբաղվել նույնիսկ սակավ շարժունակության դեպքում,- վստահեցնում է Ս. Հակոբյանը,- փորձը ցույց է տալիս, որ ոչ մի խնդիր չի առաջանում. մարդիկ սայլակի վրա էլ են կարողանում հարձակվել և պաշտպանվել»:

Նախագծի մեկնարկը նախատեսված է փետրվարի 20-ին. «Թիմի ձևավորումից հետո ամեն ինչ պետք է հարմարեցվի նրանց, նաև բնակավայրին մոտ լինելը: Արդեն լուծել ենք նրանց հագուստների և պայուսակների հարցը, հիմա սպասում ենք տրանսպորտային հարցերի կարգավորմանը»,- ասաց Ս. Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ ակցիան մեկ շաբաթ առաջ է մեկնարկել, և իրենք արդեն մոտ երկու տասնյակ զանգ են ստացել, իսկ թե մինչև ակցիայի ավարտը քանի մարդ կմիանա իրենց, Ս. Հակոբյանը դժվարանում է պատասխանել:

Նախագծին միացել է նաև «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը, որը խորհրդատվություն կտրամադրի միջավայրը հաշմանդամություն ունեցող անձանց համար ավելի հարմարավետ և հասանելի դարձնելու համար:

«Մեզանում ամենամեծ խնդիրը մտածելակերպն է: Կարծրատիպերն են, որ խանգարում են ավելի արագ առաջ գնալ,- ասում է «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը,- առաջին հայացքից թվում է, թե ինչ կապ կարող են ունենալ կարատեն և հաշմանդամություն ունեցող մարդը, սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ շատ ուղղակի կապ ունեն: Մենք անցկացնում ենք գեղեցկության մրցույթներ, հաշմանդամություն ունեցող հարյուրավոր մարդիկ աշխատում են տարբեր կազմակերպություններում և այլն: Ծնողները չեն կարող հավերժ իրենց երեխաների հետ լինել, և կյանքը ցույց է տալիս, որ հաջողության են հասնում այն երեխաները, որոնք ակտիվ են բոլոր ոլորտներում: Մարդիկ եկել էին մեզ մոտ և անգամ չէին կարողանում ասել, թե ինչ են սիրում, ինչ են ուզում, իսկ հիմա նրանք արդեն աշխատում են»:

Նախագծի առաջին մասնակիցներից Մանիկ Գևորգյանը 15 տարեկան է: Ասում է՝ երբևէ չի մտածել, որ մի օր կզբաղվի կարատեով. «Սիրով եմ մասնակցելու նախագծին և փորձելու եմ հասնել առավելագույնին: Ինձ համար կարևորը ոչ միայն մասնակցությունն է, այլև հաղթանակը»,- ասաց Մ. Գևորգյանը և խորհուրդ տվեց, որ հաշմանդամություն ունեցող այլ անձինք ևս անկաշկանդ մասնակցեն նախագծին. «Մենք ոչնչով չենք տարբերվում մնացած մարդկանցից»,- ընդգծեց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728